ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է «ՆԱԻՐԻԻ» ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԸ Հազար եւ ավելի անգամներ ասել ենք, թե մշակույթը սիրող, մշակութային ազգ ենք։ Օրինակ, մեր «մշակութասիրությունը» այսօր չի խնայել նաեւ կինոթատրոն «Նաիրին»։ Երբեմնի բարեկարգ այս կինոթատրոնը, որ մտավորականների, գիտնականների ու լրագրողների հանդիպման վայրն էր, որտեղ բազմաթիվ ցուցահանդեսներ, ներկայացումներ, համերգներ ու միջոցառումներ էին անցկացվում, այժմ չափազանց անհուսալի եւ քարուքանդ վիճակում է։ Պոկել են նույնիսկ նստարանների կաշին, տարել են կինոխցիկները, ալյումինե դռներն ու միջնապատերը, իսկ ինչը հնարավոր չի եղել տանել, տեղում ջարդուփշուր են արել։ Կարճ ժամանակահատվածում շուրջ 5 տնօրեն է փոխել կինոթատրոնը ու, այսօր արդեն դժվար է ասել, թե հատկապես որ տնօրենի օրոք է այս վիճակին հասել։ Կինոթատրոնի նախկին տնօրեն Համլետ Մարկոսյանը պնդում է, որ «Նաիրին» ապօրինի են վերցրել կոլեկտիվից, ու եթե հիմա հանկարծ որեւէ մեկը փորձի ոտք դնել այնտեղ՝ տեռոր կկազմակերպի։ Իսկ քաղաքապետարանի Մշակույթի, երիտասարդության հարցերի ու սպորտի վարչության պետ Արտավազդ Թորոսյանն էլ հաստատում է, որ «ոչ մի պաշտոն հավերժական չէ, եւ յուրաքանչյուր հարց իր օրինական լուծումն ունի»։ «Նաիրի» ՍՊԸ-ն վերջին մի քանի ամիսներին քաղաքապետարանի հաշվեկշռից վերցրել ու հանձնել էին «Երեւան» մշակութային կենտրոնին։ Այժմ այն «Երեւանի» հաշվեկշռում է։ Իսկ քաղաքապետ Ռ. Նազարյանը հունվարի 30-ին որոշում է ստորագրել «Նաիրի» կինոթատրոնի շենքը բաց մրցույթով վարձակալության հանձնելու մասին։ Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը ստանձնել է մրցութային հանձնաժողովի նախագահ Կամո Արեյանը։ Վարձակալության իրավունքով շենքի շահագործման պայմանների համաձայն, շենքը վարձակալության ողջ ընթացքում պետք է բացառապես շահագործվի որպես կինոթատրոն եւ մշակութային օջախ։ Որոշումն ամրագրում է նաեւ, որ մրցույթի նախնական (մեկնարկային) գինը սահմանվում է՝ 1 քմ տարածքի տարեկան վարձակալական վճարը՝ 6720 դրամ, իսկ շենքի (ամբողջությամբ) տարեկան վարձակալական վճարը 1060,3 քմ մակերեսի հաշվարկով սահմանվում է 7125216 դրամ։ Բաց մրցույթն արդեն հայտարարված է։ Սպասենք՝ հուսալով, որ ապագայում կկարողանանք կրկին հաճախել կինոթատրոն «Նաիրի»։ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ