Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտի՞, թե՞ ոչ

Փետրվար 07,2001 00:00

ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՀԱՐՑՆԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Գիտի՞, թե՞ ոչ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշակական վարչությունը 1994 թվից հասցրել է 7 վարչության պետ փոխել։ Ամենաշատը նրանք կամ նրանց դիմանում էին մեկուկես տարի։ Ներքին գործերի համակարգից Կենտրոնական կլինիկական հոսպիտալն անցյալ տարվա նոյեմբերի վերջերին «նվեր» ստացավ Գրիգոր Աղայանին, որի մուտքը հոսպիտալ նշանավորվեց կադրային յուրօրինակ ջարդով։ Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի վարչության տրամադրության տակ հայտնվեցին բժիշկներ, որոնք հոսպիտալի հիմնադրման օրվանից աշխատել են այնտեղ, աշխատել են անմնացորդ, բժիշկներ, որոնց մասին բազմաթիվ շնորհակալական խոսքեր են գրվել մամուլում զինծառայողների ու ազատամարտիկների կողմից։ Ըստ էության, զորացրված բժիշկների մեջ էին բուժծառայության փոխգնդապետ Ալեքսանդր Խաչատրյանը (որը չդիմանալով այդ անարդարացի հրամանին՝ այլեւս Ռուսաստանում է), ֆիզիոթերապեւտիկ բաժանմունքի պետ, մայոր Սուսաննա Ղազարյանը, նյարդաբանական բաժանմունքի պետ, կապիտան, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արմինե Սերոբյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժիշկ-դասախոս Լուսյա Միխայելյանցը, նյարդաբանական բաժանմունքի բժիշկ Աելիտա Հայրապետյանը… Ուշադրության արժանի է հատկապես այն հանգամանքը, որ աշխատանքից ազատվածները կանայք են, այն էլ մի ոլորտի, որտեղ նրանք սովորաբար քիչ են լինում։ Եվ ազատվել են նրանք աշխատանքից ոչ այն հիմքերով, որը մեզ հուշում է ՀՀ աշխատանքային օրենսգրիրքը, զինվորական կարգապահական կանոնադրությունը, այսինքն, մարդկանց աշխատանքից ազատել են ոչ այն բանի համար, որ առկա են եղել նկատողություններ-զգուշացումները, ոչ, որ լրացել էր աշխատանքային պայմանագրի ժամկետը, ոչ, որ օրինախախտումներ են արել եւ, վերջապես, ոչ այն բանի համար, որ լիցենզիա չունեին եւ ատեստացիայից էլ «կտրվել» էին։ Բժիշկների կարծիքով, իրենց ազատել են առանց հանդիպելու, զգուշացնելու։ Նրանք հոսպիտալ են եկել ոչ թե, ինչպես իրենք են ասում, որ աստղեր, ինչ-որ պաշտոններ ստանային, այլ, որ «կատարել են հանգուցյալ Վազգենի խնդրանքը»։ Հրամանը, ըստ նրանց, մեծ ապտակ էր, առաջին հերթին, իրենց մասնագիտական արժանապատվությանը։ Բժիշկները դիմել են ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչություն, ՊՆ վերահսկողական հանձնաժողով, որոնք էլ պատասխանել են, որ նրանց նկատմամբ տեղի է ունեցել ապօրինություն։ Նրանք ցանկացել են հանդիպել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին («հնարավոր է նախարարը տեղյակ չէ»), 4 անգամ նամակով դիմել են (փոստով) նախարարին։ Եվ ոչ մի պատասխան։ Ի դեպ, «Առավոտում» է նամակներից մեկը՝ փոստով ուղարկված։ Ինչ-ինչ՝ նամակի դեմը փակողները կամ նախարարը եթե ընթերցեին այն, գոնե ուշադրության պիտի արժանացնեին մի կարեւոր կադրային նշանակման մասին ահազանգի վրա. նյարդաբանական բաժանմունքի պետ է նախատեսվում նշանակել Մակար Խանիկյան անուն-ազգանունով մեկին, որն ազատվել է բանակից «վպ չՏՊպվ» լինելու պատճառով։ Ցավալին այն է, որ ամիսուկես բաժանմունքներն անտեր-անտիրական են։ Եղել է այնպես, որ օրական մեկ բաժինն ընդունել է 70-80 հիվանդ։ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի ավագ օգնական, կապիտան Ռ. Գրիգորյանը 28.12.2000թ. տեղեկացրել էր կապիտան Ա. Սերոբյանին, փոխգնդապետ Ա. Զոհրաբյանին, մայոր Ս. Ղազարյանին, լեյտենանտ Լ. Միխայելյանցին, ավագ լեյտենանտ Ա. Հայրապետյանին. «Հանձնաժողովը ուսումնասիրել է… նշված հանգամանքները եւ… օրինախախտումների վերաբերյալ իր եզրակացությունն ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին՝ այդ հարցին օրինական ընթացք տալու համար»։ Իսկ թե երբ օրինական ընթացք կտրվի նրանց հարցին, գործազուրկ բժիշկները դրա պատասխանը չունեն արդեն 2 ամիս։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Երեկ մի քանի հեռախոսազանգերից հետո վերջապես ժամը 17։30-ին կապվեցինք բուժվարչության նորանշանակ պետ Գ. Աղայանի հետ։ Նա, մեր հարցմանն ի պատասխան, թե ինչո՞ւ են իր նշանակումից հետո մեծ թվով բժիշկներ, բաժնի վարիչներ ազատվել, պատասխանեց. «Դեմքերը, անձը նրանց չեմ ճանաչել։ Չունեմ պապենական քեն։ Նրանք արժանի չէին իրենց աշխատանքին»։ Երբ հարցրեցի, թե որեւէ աշխատանք առաջարկվե՞լ է նրանց, Գ. Աղայանը շարունակեց. «Անձամբ չեմ տեսել նրանց, որ առաջարկեի աշխատանք»։ Հետո էլ՝ «Սա բանակ է։ Պետք չէ հրապարակել շատ բան»։ Իր կողմից որպես միակ կադրային նշանակում նշեց, որ պետի տեղակալ է նշանակել Արթուր Ավագյանին, որը… ՄՀՕՋ-ից է (Վահան Հարությունյանի ծնած- Ռ. Մ.)։ Եվ սակայն բացառեց մեր այն տեղեկատվությունը, որ դեկտեմբերից հոսպիտալում գրանցվել է մահվան դեպք։ Գուցե արժե՞ ստուգել, մեր տեղեկություններով մահացել են Ա. Մադոյանը եւ Վ. Բաբրովը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել