Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գնահատում

Փետրվար 07,2001 00:00

«Մենք արել ենք ամեն ինչ եւ ճիշտ» Գնահատում է ՍՊԱԾ-ի պետը Երեկ հերթական ասուլիսն էր կազմակերպել ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) պետ Սերգեյ Բալասանյանը։ Լրագրողների հետ հանդիպման առիթը կրկին Հնդկաստանի Հուջարաթ նահանգում հունվարի 26-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն էր։ Երկրաշարժը գրանցելուն պես, մեր ՍՊԱԾ-ը մասնագիտական օգնություն է առաջարկել Հնդկաստանի սեյսմիկ ծառայությանը։ Սակայն միայն հունվարի 29-ին եւ 30-ին է Հնդկաստանի կառավարությունը պաշտոնապես օգնություն խնդրել։ Հունվարի 31-ին ՀՀ վարչապետը որոշում է ընդունել Հնդկաստանին օգնություն ցուցաբերելու մասին։ Փետրվարի 3-ին արդեն հայկական ՍՊԱԾ-ի Արագ արձագանքման կազմակերպությունը, որի կազմում ընդգրկված են 18 առաջատար մասնագետներ՝ սեյսմոլոգներ, երկրաբաններ, ինժեներ-շինարարներ, հոգեբաններ ու փրկարարներ հայկական դրոշն են բարձրացրել Հուջարաթի ավերված մայրաքաղաք Ահմեդաբադում։ Նրանք իրենց հետ, որպես օգնություն, տարել են 200 կգ դեղամիջոց։ Ըստ պրն Բալասանյանի. «Մենք արել ենք ամեն ինչ եւ արել ենք շատ ճիշտ։ Մենք չեն ուզում ցուցադրական շոուներ անել, որ ամբողջ աշխարհը տեսնի, մի քանի օր մնանք, վերադառնանք։ Մենք այնտեղ աշխատում ենք հիմքեր ստեղծել՝ հետագա վերականգնողական աշխատանքներին եւս ընդգրկվելու համար»։ Նա նշեց, որ ուժեղ երկրաշարժերից հետո միջազգային օգնությունը բաժանվում է չորս փուլի՝ օպերատիվ (10-15 օր տեւողությամբ), կարճաժամկետ (1 ամիս), միջին ժամկետ (մինչեւ 1 տարի) եւ երկարաժամկետ (1 տարուց ավելի)։ Տարբեր փուլերում լուծվում են տարբեր խնդիրներ։ Եվ մեր Արագ արձագանքման ջոկատն այնտեղ պիտի փորձի լուծել մի քանի խնդիր։ Պրն Բալասանյանը գտնում էր, որ օգնելով Հնդկաստանին, մենք ոչ միայն կկատարենք մեր բարոյական պարտքը՝ որպես երկրաշարժից տուժած եւ մարդասիրական մեծ օգնություն տեսած ազգ, ոչ միայն կբարելավվեն քաղաքական հարաբերությունները Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ, այլեւ՝ մեր Արագ արձագանքման ջոկատների համար մեծ փորձ կլինի։ Եվ, որ քիչ կարեւոր չէ՝ այս օգնությամբ Հայաստանի առջեւ կբացվի հնարավորություն՝ երկարաժամկետ վերականգնման աշխատանքներին մասնակցելու։ Իսկ դա նշանակում է՝ հայկական բազմաթիվ շինարարական կազմակերպությունների համար աշխատանքային լայն ծրագրեր բացել։ Պրն Բալասանյանի համար թիվ մեկ խնդիրը մնում էր Հնդկաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում մեր բնակչության ոչ այնքան նախանձելի ակտիվությունը. «Երբ 88-ին երկրաշարժը ավերեց Սպիտակը, Հնդկաստանը 5 ինքնաթիռ օգնություն ուղարկեց, չհաշված գումարային օգնությունը։ Մենք պետք է մեր երախտագիտությունը հայտնենք։ Հատկապես հիմա, երբ հպարտանում ենք մեր 1700-ամյա քրիստոնյա պատմությամբ, պետք է աշխարհին ապացուցենք, որ իրոք քրիստոնեական գթասրտության տեր ազգ ենք»։ ՍՊԱԾ-ը Հայներարտբանկում բացել է հաշվեհամար, ուր կարող են ցանկացողները փոխանցել իրենց հանգանակությունները։ Հաշվեհամարն է՝ ՀՀ դրամով՝ 15700101560900, իսկ արտարժույթով՝ 15700101560902, կոդն է՝ Մաշտոցի ՏՀՏ 01214242։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել