Հայտարարում են երկրապահները ԱԺ հայտարարությունների ժամին երեկ երկրապահները մի շարք պատկերավոր հայտարարություններ արեցին։ Նախ Ռուբեն Գեւորգյանը վարչապետի մասին ասաց, թե անհեթեթ է, որ իր ղեկավարման ողջ ընթացքում նա փորձ անգամ չարեց «երկրի վարիչ մարմնի» մեքենայի թափքից տեղափոխվել խցիկ։ Հետո Սասուն Միքայելյանը հայտարարեց. «Թող ինձ ներեն կառավարության անդամները, բայց վերջին շրջանում, զինվորական տերմինով արտահայտված, նրանք գտնվում են դասակի կարգավիճակում, որի հրամանատարն առավելագույնը 1 տարվա պայմանագրային ծառայող է, իսկ ենթակաները՝ եռամսյա վարժական հավաքի մասնակիցներ։ Նրանք մի կողմից՝ այնքան էլ լավ չեն հասկանում ինչից սկսել, մյուս կողմից՝ պետք է կատարեն այս կամ այն հրամանները։ Եվ մինչեւ կողմնորոշվում են՝ լրանում է ծառայության ժամկետը»։ Նաեւ «Հայաստան» խմբի անդամ երկու երկրապահ պատգամավորների ստորագրած հայտարարությունը՝ ՀՀԿ-ի շարքերից հեռանալու մասին երեկ չհրապարակվեց, այլ միայն բաժանվեց լրագրողներին։ Հայտարարությանը միացած Ղուկաս Ուլիխանյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչու միայն Ալբերտ Բազեյանի պաշտոնից զրկվելուց հետո դիմեցին այս քայլին եւ ոչ այնժամ, երբ ՀՀԿ-ին քննադատում էին «Միասնության» ծրագրից շեղվելու մեջ։ «Մենք «Միասնություն» խմբակցությունից դուրս գալու ժամանակ մատնանշել էինք այդ բոլոր խնդիրները,- ասաց պրն Ուլիխանյանը։- Հիմա պահը եկավ, երբ մեր ցաքուցրիվ ջանքերը բավարար չէին այլեւս այդ ուղին պահպանելու համար։ Դրա համար մեր ճանապարհները բաժանվեցին վերջնականապես»։ Իսկ մի՞թե իրենք իրոք ջանքեր գործադրել են։ Տիգրան Թորոսյանն, օրինակ, պնդել էր, թե ՀՀԿ խորհրդի նիստերում Ալբերտ Բազեյանը լուրջ տարաձայնություններ չի հայտնել։ «Բավականի՛ն ջանքեր են գործադրվել,- պատասխանեց Ղուկաս Ուլիխանյանը։- Խորհրդի նիստերի արձանագրությունները կան, կարելի է կարդալ ու համոզվել»։ Ա. Ի.