Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺՄ համագումարում եռացող կրքերը շարունակում են քլթքլթալ արդեն ԱԺ-ում, որ երեկ դրսեւորվեց հայտարարութ

Փետրվար 07,2001 00:00

Հայտարարում են աժմականները ԱԺՄ համագումարում եռացող կրքերը շարունակում են քլթքլթալ արդեն ԱԺ-ում, որ երեկ դրսեւորվեց հայտարարությունների ժամին։ Նախ հանդես եկավ Արշակ Սադոյանը. «Բոլորիդ աչքի առաջ տեղի են ունենում գործընթացներ, երբ նպատակը, գաղափարը դառնում է երրորդական քաղաքական գործունեության համար եւ առաջին պլան է մղվում անձնական շահը»։ Եվ սահուն անցավ «հազարամյակից հազարամյակ ձգվող» իրենց համագումարին. «Գործադիր իշխանության ներկայացուցիչները, օգտվելով իրենց լծակներից, ազդեցին պատվիրակների վրա»։ Այնուհետեւ պարզաբանումներով հանդես եկավ Սեյրան Ավագյանը: Ճշտումներից մեկը վերաբերում էր «Առավոտի» հրապարակմանը եւ ուղղակի թյուրիմացության հետեւանք էր։ Նշել էինք, թե ԱԺՄ-ն չէր հաստատել իր նոր կանոնադրությունը, որ հնարավորություն կտար վերագրանցվելու։ Մինչդեռ չէին քննարկվել ու քվեարկվել Սաշա Բուտաեւի եւ Մովսես Արիստակեսյանի առաջարկած կանոնադրական փոփոխությունները։ Իսկ «Քաղաքացիական օրենսգրքի» պահանջներին համապատասխանեցված ԱԺՄ նոր կանոնադրությունը քվեարկությամբ հաստատվել էր դեռ փետրվարի 3-ին։ Սեյրան Ավագյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե ԱԺՄ վարչությունը ձեւավորվել է կանոնադրական նորմերի համաձայն, իսկ ինչ վերաբերում է կուսակցությունից հեռացողներին. «Դա նրանց իրավունքն է։ Եվ մենք մեր ընկերներին մաղթում ենք հաջողություն նախաձեռնած գործում»։ Եզովպոսյան լեզվով էր Ֆիլարետ Բերիկյանի հայտարարությունը, բայց հասցեատերն ակնհայտ էր. «Հայաստանի Հանրապետությունն արդեն 10 տարեկան է դառնում, 10 տարի ունեցել ենք Գերագույն խորհուրդ, Ազգային ժողով։ Բայց մինչեւ հիմա էլ, ցավոք սրտի, շատ քաղաքական գործիչների նոստալգիկ երազանքների մեջ դեռ մնում են շարժումային՝ 88 թվականի տրամադրությունները։ (…) Աշխարհում ընթացող լուրջ գլոբալիզացիոն գործընթացներին նայում են մեր ավանդական չարոխով եւ փափախով»։ Ֆիլարետ Բերիկյանը ողջունում էր նաեւ սեփական կուսակցության մեջ Շարժումից կուսակցության վերածվելու գործընթացները։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Դավիթաշենի կամուրջի հեղինակի մասին հետեւյալ զվարճապատումն է տարածվել. «Սեմյոն Բաղդասարյանի կառուցած վերջին կամուրջն է՝ ԱԺՄ-ի եւ իշխանությունների միջեւ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել