Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի շարք հայտնի քաղաքական գործիչներ հանդես են եկել Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին հա

Փետրվար 07,2001 00:00

ՀՀԿ-ում իշխող է դարձել պատեհապաշտությունը Մի շարք հայտնի քաղաքական գործիչներ հանդես են եկել Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարությամբ Պետական շինարարության խեղումներն ուղղելու, բարեփոխումներ իրականացնելու, հասարակությանը համախմբելու եւ Արցախի հարցն արդար լուծելու մտահոգությամբ մենք պաշտպանեցինք 1998 թ. իշխանափոխությունը։ Միեւնույն ժամանակ, իշխանության մեջ գտնվող նոմենկլատուրայի եւ քաղաքական վերնախավում հայտնված ուժերի ջանքերով, հասարակական հարաբերություններում եւ պետական համակարգում արմատավորվեց հասարակության ոգին, սոցիալական ռեւանշի ձգտումը դարձավ ներքին քաղաքականության շարժիչ ուժը, ի հայտ եկավ պետական իշխանության ինստիտուտները մասնավոր խնդիրների լուծմանը ծառայեցնելու միտումը՝ սպառնալով ժողովրդի օտարմանը պետությունից։ Գնահատելով ստեղծված իրավիճակի վտանգավորությունը, ինչպես նաեւ կարեւորելով երկրի կայուն զարգացման անհրաժեշտությունը՝ մենք Վ. Սարգսյանի նախաձեռնությամբ միավորվեցինք նորացված ՀՀԿ-ի շարքերում։ Փաստորեն ձեւավորվեց նոր քաղաքական միավորում, որի գաղափարական միջուկը՝ մեր ժողովրդի հիմնական նպատակների շուրջ քաղաքական եւ հասարակական համաձայնություն հաստատելու ձգտումն էր։ «Միասնություն» դաշինքի ստեղծումը եւ 1999 թ.-ի ԱԺ-ի ընտրություններում ժողովրդի տված վստահության քվեն իրական պայմաններ ստեղծեցին այդ գաղափարների իրականացման համար։ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը կասեցրեց սկսված բարեփոխումները, նորից ի հայտ եկան եւ ավելի խորացան այն պատճառները, որոնց ուղղմանն էր միտված մեր առաջնորդների գործունեությունը։ Այսօր իրավական նիհիլիզմը եւ օրինականության նկատմամբ բացարձակ արհամարհանքը իշխանության ինստիտուտների գործունեության նորմեր են դարձել։ Տնտեսության բարեփոխումների ծրագիրը նենգափոխվում է կամայական որոշումներով եւ հովանավորչությամբ։ Իրավիճակի վերահսկելիության պատրանք ստեղծելու նպատակով պետական կառույցները շրջանցում են իրենց լիազորությունները՝ վերջնականապես արժեզրկելով իրավական պետության կայացման գաղափարը։ Ստեղծված ճգնաժամի դժվարությունները, միայն ժողովրդի ուսերին բարդելու գործելակերպը, բարոյազրկում է մարդկանց եւ ստիպում լքել հայրենիքը։ Այս իրավիճակում ՀՀԿ-ում գերակշռող է դարձել պատեհապաշտությունը։ Անկարող գտնվելով նոր գաղափարներ առաջադրել՝ այն փաստորեն վերածվել է ստեղծված արատավոր իշխանական համակարգի կցորդի։ Իսկ այժմ, երբ առանց ժողովրդի քվեն հաշվի առնելու, փաստորեն, վերանայվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ՀՀԿ-ն սոսկ դիտորդի կարգավիճակում է։ Մեր պարտքն էր՝ փորձել իշխանության տարբեր օղակներում ու ՀՀԿ-ում առարկայացնել որդեգրված գաղափարները, բայց մեկ տարին բավական էր համոզվելու մեր ցաքուցրիվ ջանքերի անարդյունավետության մեջ։ Ուստի, հայտարարում ենք ՀՀԿ-ի շարքերից հեռանալու մեր որոշման մասին։ Հետեւաբար այլեւս պատասխանատվություն չենք կրում օրվա իշխանությունների եւ նրա մասը կազմող ՀՀԿ-ի իրականացրած քաղաքականության համար։ Մենք հետամուտ ենք լինելու «Միասնություն» դաշինքի հիմնարար գաղափարների իրականացմանը ու մեր համակիրներին միավորելով ձեռնամուխ ենք լինելու արդարության հաստատմանը եւ իրավական պետության կայացմանը։ ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆ, ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ, ՂՈՒԿԱՍ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ, ԱՐԱ ԿԵՏԻԿՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել