Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Փետրվար 07,2001 00:00

Ո՞Վ Է ԱՅՆ ՀԶՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆ Հարցազրույց Արամայիս Բարսեղյանի հետ – Ո՞րն է Ձեր մտահոգությունը «27-ի» գործի առնչությամբ։ – Նախագահը հայտարարում էր, թե այս գործի բացահայտումը «ուչաստկովիի» խնդիր է, բայց հանրապետությունում այդ «ուչաստկովին» չգտնվեց։ Մենք կոչ արեցինք, որ այդ «ուչաստկովիի» գործը ստանձնի հանրապետության նախագահը, եթե չի կարողանում գտնել մեկին, որը կբացահայտեր այդ ոճրագործությունը։ Նախագահը Սահմանադրությամբ պետության անվտանգության երաշխավորն է, ինչն այսօր խաթարված է։ -Բայց նախագահը կարող է պնդել, թե գործը դատարան մտած մասով բացահայտված է, անջատված մասով դեռեւս նախաքննություն է ընթանում։ Սրան ի՞նչ կպատասխանեք։ -Թող նախագահը պատասխանի, որ այդ գործը բացահայտված է այնքանով, որքանով բացահայտված էր դեռ հոկտեմբերի 27-ի գիշերը, եւ եթե այդ տարբերակը նախագահին բավարարում է, ապա այն չի բավարարում ո՛չ քաղաքական ուժերին, ո՛չ ժողովրդին։ Եթե նա այս հարցում մտահոգ չլինի եւ ժողովրդին չասի, թե ինչ է իրականում տեղի ունեցել, ապա ժողովուրդն ինքը կստանձնի «ուչաստկովիի» դերը։ Պետական բարձրաստիճան ղեկավարներին գնդակահարում են խորհրդարանում եւ դրանից հետո ասում, թե ահա այս հինգն էին։ Պետք է կույր լինել չնկատելու համար, թե ինչ է կատարվում այս հանրապետությունում։ – Դուք խոսում եք ժողովրդի անունից, բայց արդյո՞ք նա այնպես է մտածում, ինչպես Դուք։ – Ժողովուրդը խորապես գիտակցում է, որ այդ հինգի թիկունքում կան պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան ղեկավարներ, նաեւ՝ դրսի ու ներսի հրահրողներ եւ պատվիրատուներ, ինչը չի բացառվում։ Եթե հանրապետության երկրորդ, երրորդ դեմքերը սպանվում են, եւ նախագահը դրան մատների արանքով է նայում, ապա դա մոտեցում չէ։ Ես կոչ կանեի, որ նախագահն ավելի մտահոգ լիներ այս գործի բացահայտմամբ։ – Հանդիպման ժամանակ կարծիք է եղել, թե քրեական գործեր պետք է հարուցվեն Սերժ Սարգսյանի, Սուրեն Աբրահամյանի եւ այլոց հանդեպ։ Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։ – Քրեական պատասխանատվության կանչելը պետք է լինի օրենքի շրջանակներում՝ եթե դրա համար լուրջ հիմքեր կան։ Իհարկե, ցանկացած՝ ամենաբարձր պաշտոնյա, քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի, եթե «27»-ի հետ փոքր-ինչ առնչություն ունի։ – Մեղադրական եզրակացության մեջ քիչ չեն այն փաստերը, որոնք վկայում են, թե ազգային անվտանգության համակարգում աշխատող մի շարք պաշտոնյաներ այս կամ այն կերպ տեղյակ են եղել «27»-ի նախապատրաստության մասին եւ նվազագույնը դրան լուրջ չեն վերաբերվել։ Արդյոք դրանք բավարար փաստեր չե՞ն։ Չմոռանանք, որ անփութության մեղադրանքով մեղադրյալի աթոռին են հայտնվելու նաեւ ոստիկաններ։ – Դա փաստարկների մի մասն է։ Ես համոզված եմ, որ դատավարության ընթացքում ավելի հստակ փաստարկներ կբերվեն։ Չեմ կարծում, որ որեւէ մեկը խույս տա պատասխանատվությունից: Դատավարության արդյունքում մենք կհասնենք գործի իրական բացահայտմանը։ -Տպավորությունն այնպիսին է, որ Դուք միանգամայն վստահում եք մեր դատական համակարգին ու արդարադատությանը։ – Ես չեմ ասում, թե վստահում եմ դատական համակարգին՝ քավ լիցի։ Իմ հույսը ժողովուրդն է, որը տեր է կանգնելու «27»-ի բացահայտմանը։ Իհարկե, դատավարության հունը փոխելու փորձեր լինելու են։ Արդեն մեկ տարուց ավել մշակվել է գործն այս ձեւով դատարան մտցնելու սցենարը։ Բայց առաջիկայում թույլ չենք տա դա իրականացնել։ Մենք ժողովրդի հետ միասին կանգնելու ենք գործի թիկունքին։ – Դուք դարձյալ ժողովրդին եք վկայակոչում, բայց, անկեղծ ասած, նրա տրամադրություններն այսօր այնքան էլ ակնհայտ չեն։ – Հասարակության ներկայացուցիչների հետ մենք հաճախ ենք հանդիպում։ Նրան միայն ուղղորդող է պետք։ – Արկադի Վարդանյանը փորձեց ուղղորդել 30 հազար մարդու, բայց այսօր նրանցից քչերն են նրան ազատ արձակելու պահանջ ներկայացնում։ – Նա անհատ էր եւ իր թիկունքում քաղաքական ուժ չուներ։ Այս դեպքում քաղաքական լուրջ ուժեր են կանգնած։ – Դուք ակնարկեցիք, որ բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որոնք ուղղորդում են դատավարության ընթացքը, ուղղորդել են նաեւ նախաքննության ընթացքում։ Իսկ ո՞վ է այն հզոր պաշտոնյան, որ ի վիճակի է այդ անել։ Առայժմ ամենահզոր պաշտոնյան, կարծես, նախագահն է։ – Ես չեմ ուզում անուններ տալ։ Դա դեռ պետք է բացահայտել, բայց, որ շատ բարձրաստիճան ղեկավար է՝ չեմ կասկածում։ Երբ վարչապետ նշանակվեց Արամ Սարգսյանը, գլխավոր դատախազ՝ Բորիս Նազարյանը, գործի քննությունն էլ վստահվեց Գ.Ջհանգիրյանին, մենք չէինք կասկածում, որ գործը հանկարծ կարող է տապալվել, շեղել ուղղությունը, կամ մնալ այնպես, ինչպես այսօր կա։ Մենք հույս ունեինք, որ այն լիարժեքորեն կբացահայտվի։ Բայց իրականում այնպես ստացվեց, որ կար ավելի մեծ ուժ, որն ազդեց Ջհանգիրյանի վրա եւ նրան խանգարեց գնալ ի սկզբանե որդեգրած ճանապարհով։ Գործը փակուղի մտավ։ Բնական է, որ շատ ավելի հզոր պաշտոնյա է այդ դիրքերում կանգնած։ Ինձ համար դա միանշանակ է։ Ո՞վ է այդ հզոր պաշտոնյան՝ դատական պրոցեսում պետք է որ ի հայտ գա։ Զրուցեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել