Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ եթե չի սայթաքել, ուրեմն «Սեւրի պահանջատիրությունը» նույնպես դրվել է Հայաստանի պետական քաղաքականո

Փետրվար 07,2001 00:00

ՆԱԽԱԳԱՀԻ ԼԵԶՈՒՆ ՍԱՅԹԱՔԵ՞Ց Իսկ եթե չի սայթաքել, ուրեմն «Սեւրի պահանջատիրությունը» նույնպես դրվել է Հայաստանի պետական քաղաքականության հիմքում։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի առիթով ասել է, թե ինքը պատմություն չի սիրում եւ կարծիք է հայտնել, որ պատմությունը խոչընդոտում է պետության զարգացմանը։ Այսուհանդերձ, հունվարի վերջին Ստրասբուրգում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ պատմությանը, թեեւ, ավելի լավ կլիներ, որ շարունակեր լռել ու չխոսել մի բանից, ինչին անտեղյակ է։ Այսպես, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցին, պարոն Քոչարյանը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե պահանջատիրության հարցը այլ հարթությունում է եւ կարգավորվում է «Սեւրի դաշնագրով»։ Գուցե, հետո նա ինքն էլ լեզուն կծել ու մատն էլ խաչ էր արել, բայց ասվածն՝ ասված էր։ «Այն ինչ մնում է անել միջազգային ատյաններին նման հայտարարությունից հետո՝ մի կուշտ ծիծաղելն է»,- այս առիթով մեր զրույցի ժամանակ նկատեց քաղաքական գործիչներից մեկը։ Հանուն արդարության նշենք, որ օրեր անց, նախագահ Քոչարյանն արդեն թուրք լրագրողին տված հարցազրույցում փորձել էր շտկել թույլ տված սխալն ու հավաստիացրել, թե Հայաստանը հողային պահանջ չի ունենա՝ նա այդ հողերի ժառանգորդը չէ։ Ավելին, ըստ նախագահի, Ցեղասպանության ընդունումը Սեւրի պայմանագրի վերակենդանացման պատճառ չի դառնա։ Պատմաբաններից ոմանք, որոնց հետ զրուցեցինք այս թեմայով, տարակուսանք հայտնեցին նախագահի այս հայտարարության կապակցությամբ՝ նշելով, որ Սեւրի դաշնագիրը երբեւէ չի կարող վերակենդանանալ կամ նույնիսկ իրավական հարթության տեսանկյունից քննարկման առարկա դառնալ, քանի որ այն որեւէ երկրի, այդ թվում Հայաստանի կողմից, չի վավերացվել կամ չի ճանաչվել։ Ավելին, 20 թվին դաշնակցական կառավարությունը հրաժարվել էր այդ պայմանագրից եւ ապա 23 թվին Լոզանի կոնֆերանսում այն չեղյալ էր համարվել։ «Սեւրի դաշնագիրն», ըստ էության, մեռելածին պայմանագիր էր, քանի որ այն ստորագրվել էր արդեն փաստացի իշխանությունը կորցրած սուլթանի կողմից, իսկ իշխանության գլուխ անցած քեմալականներն այդ մասին խոսել ընդհանրապես չէին ուզում։ Ցեղասպանության ճանաչման դեպքում անգամ հողեր պահանջելու համար բազմաթիվ այլ իրավական հիմքեր կարող են լինել, քան այն, ինչի մասին, հավանաբար, թյուրիմացաբար, խոսեց Ռ.Քոչարյանը։ Քաղաքական դիտորդներից ոմանք նաեւ կարծիք հայտնեցին, թե նման հայտարարությունը լավագույն դեպքում կարող էր ներքին օգտագործման քարոզչական հնարք լինել։ Բայց անգամ այս դեպքում դա պետք է աներ ոչ թե երկրի առաջին դեմքն, այլ որեւէ կուսակցության, ասենք՝ ՀՅԴ առաջնորդ, ինչը միանգամայն հասկանալի կլիներ։ Մյուս կողմից, Հայաստանը ծիծաղելի վիճակում կհայտնվի, եթե ասենք, թուրքերն էլ նույն ոճով պահանջեն վերակենդանացնել իրավական հիմքից նույնքան զուրկ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որը նույնպես ստորագրվել է դաշնակցական կառավարության կողմից եւ որով Հայաստանի տարածքը «Ծովից-ծով» կարգախոսի կողմնակիցները դարձնում էին ընդամենը 10 հազար քկմ։ Եվ ընդհանրապես, քաղաքական դիտորդները մտահոգություն հայտնեցին, թե անգամ Քոչարյանի ինքնահերքում-հայտարարությունը մեծ հաշվով ոչինչ չի փոխում մեծ քաղաքականության տեսանկյունից, բացի այն, որ նախագահը հայտնվում է անլուրջ մարդու կարգավիճակում։ Նրա այս հայտարարության հետեւանքն այն է լինելու, որ Թուրքիան ու Ադրբեջանն այն օգտագործելու են միջազգային ատյաններում քարոզչական նպատակով՝ եւս մեկ անգամ աղմկելու համար, թե Հայաստանի հողային պահանջատիրությունը Ղարաբաղով չի սահմանափակվում։ Հավանաբար, դա միանգամայն հնարավոր կլինի, առավել եւս, որ Ռ.Քոչարյանին «հայդատական» գաղափարախոսությամբ սնող ՀՅԴ-ն վերջերս բարձրացրել է նաեւ Ջավախքի հարցը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել