«ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՁԳՁՈՒՄ ԵՆ» Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում ժամը 5-ին պետք է լսվեր Արկադի Վարդանյանի խափանման միջոց-կալանքը մեկ ամսով երկարացնելու գործը։ Սակայն կես ժամ անց շենքից դուրս եկավ Արկադի Վարդանյանի փաստաբան Սամվել Ջաղինյանը եւ տեղեկացրեց, որ նիստը 3 օրով հետաձգեցին։ Այն տեղի կունենա փետրվարի 8-ին։ Փաստաբանը նաեւ նշեց, որ իր բողոքով խափանման միջոցը վերացնելու նիստը նշանակված է փետրվարի 7-ին։ Նիստը դռնբաց է լինելու։ Իսկ փետրվարի 8-ի նիստը՝ փակ։ Լուրը լսելուց հետո Արկադի Վարդանյանի կինը հիշեցրեց լրագրողներին, որ Վարդանյանի կալանքի ժամկետը վերջանում է փետրվարի 9-ին եւ այս դիտավորյալ ձգձգումը «ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի խաղերն է»։ Նա նաեւ նշեց, որ ինքը ցանկացել է դատին ներկա լինել, բայց թույլ չեն տվել։ Հատկապես մերժել է դատավոր Ռուբեն Ներսիսյանը, ինչը, ըստ Ելենա Վարդանյանի, անօրինական է։ Ռ. Ներսիսյանը նույնիսկ չի կարողացել բացատրել, թե ինչի հիման վրա է մերժումը։ Արկադի Վարդանյանի առողջական վիճակը շատ ծանր է։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ