ԵՐԹԱՆՔ ՍԱՍՈՒՆ, ՄՏՆԻՆՔ ՎԱՆ, ՄՈՒՇ, ԱԼԱՇԿԵՐՏ, ԱՐԴԱՀԱՆ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչումն օրենքի ուժ ստացավ։ ՀՀ նախագահը դրանից հետո հայտարարեց, որ կոնկրետ հողային պահանջ, Հայաստանը, ամեն դեպքում, Թուրքիային ներկայացնելու մտադրություն չունի։ Այդպե՞ս են տրամադրված նաեւ ՀՀ շարքային քաղաքացիները, թե՞ նրանք ակնկալում են հետ ստանալ հայկական հողերը եւ թուրքական բանկերում պահ տրված հայերի գումարները։ Ձեզ ենք ներկայացնում մեր ամենշաբաթյա ավանդական հարցումները մայրաքաղաքի փողոցներում։ Ավետիք Պետրոսյան, «մասնագիտությամբ՝ ոչ մի բան, պռոստը»- Ամենակարեւորը հողերի վերադարձն է։ Ֆինանսական խնդիրներն այս դեպքում երկրորդական են։ Բայց չեմ կարող ասել, թե որքանով է ռեալ, թե թուրքերը մեր հողերը ետ կվերադարձնեն։ Լյուսյա Մեջլումյան, նախադպրոցական մանկավարժ- Անկեղծ ասած, բավականին բարձր տրամադրությամբ, շնորհակալական ձեւով ընդունեցի Ցեղասպանության ճանաչումը։ Բայց քանի որ ապրում ենք մի երկրում, որի ղեկավարությունն իր ժողովրդին կապանքների մեջ է պահում, այդ իսկ պատճառով, ես քաղաքականությունից երկու քայլ ետ եմ։ Այդուհանդերձ, համոզված եմ՝ որեւէ հարց, ըստ էության չի կարող լուծվել։ Գուցե փաստաթուղթը տարիներ հետո իրողություն դառնա, բայց հիմա ոչ մի բան չի փոխվի։ Գրիգոր Եփրեմյան, էլեկտրիկ- Չէ՛ հա, թուրքերը ոչ մի հող էլ չեն տա. խի էդքան հեշտ ա՞ հող տալը։ Ոչ մի բան էլ չի ըլնի։ Սուսաննա Ամատունի, կոնսերվատորիայի պրոֆեսոր- Կարծում եմ, Հայաստանը պետք է սպասի, մինչեւ այլ երկրներ եւս ընդունեն Ցեղասպանությունը, հետո նոր կմտածի։ Նախագահն ասաց, որ հողային ոչ մի պահանջ չունի, բայց նյութական հարցեր կարող են առաջանալ՝ թուրքական բանկերում փող ունեցող հայերի համար։ Տիգրան Ավագյան, կենսաբան, թոշակառու- Սկզբնական շրջանում հողային հարց դժվար թե բարձրացնենք, բայց մի որոշ ժամանակ որ անցնի, ինձ թվում է, կլուծվեն պետության առումով՝ հողային, սփյուռքահայերի առումով՝ նյութական հարցերը։ Մեսրոպ Խաչատրյան, մանկավարժ- Ըստ իս՝ եթե հողային պահանջատիրություն չպետք է լինի, այդ դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչումը փոքր հաղթանակ է։ Կարծիքները հավաքեց Լ. ԱՎԱԳՅԱՆԸ