Լրահոս
Օրվա լրահոսը

«Միանանք

Փետրվար 06,2001 00:00

Մարզերում հոգեւոր երգեր են սովորում «Միանանք երգով» համաժողովրդական ակցիա Հայ ազգի համախմբմանն է ուղղված Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանի եւ խմբավար Տիգրան Հեքեքյանի կողմից նախաձեռնված, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ ու հովանավորությամբ, 1700-ամյակի եկեղեցական ու պետական հանձնախմբերի համագործակցությամբ՝ ի դեմս Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի եւ Խոսրով Հարությունյանի, Կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի եւ այլ ուսումնական հաստատությունների մասնակցությամբ իրականացվող «Միանանք երգով» համաժողովրդական ակցիան, որի առաքելությունն է՝ մեր ժողովրդին սովորեցնել երեք հայ հոգեւոր երգ, որպեսզի կարողանանք երգել միասին եւ երգը դառնա ազգին միավորող եւ միաբանության ոգի սերմանող միջոց։ 2000թ. դեկտեմբերին ակցիայի կամավորներս մեկնեցինք հանրապետության մարզեր՝ ուսուցանելու երգերը։ Գնացինք, տեսանք, շփվեցինք եւ վերադարձանք զարմացած, հիացած, բոլորովին այլ մարդ դարձած։ Զարմանալի է մեր ազգը՝ հյուրասեր, աշխատասեր, ստեղծագործ, տաղանդավոր։ Մարզեր մեկնելուց առաջ մենք փոքր-ինչ մտավախություն ունեինք, թե արդյոք այս հոգսաշատ ժողովրդին չի՞ զայրացնի շարական սովորելու եւ միասին երգելու մեր խնդրանքը։ Պարզվեց հակառակը. ժողովուրդը կարիք ունի շփվելու, իր հոգսերը կիսելու, իր հողի, ջրի, գյուղի կամ քաղաքի պատմությունը հպարտորեն ներկայացնելու։ Չէ՞ որ նա ապրում է մայրաքաղաքից կտրված, նորություններ չի տեսնում, հաճախ զրուցընկեր է ունենում միայն իր այգին, իր հողը։ Այդ պատճառով, անկախ մեր այցելության նպատակից, մարդկանց համար հաճելի անակնկալ էր մեզ հետ հանդիպումը։ Մեծ խանդավառությամբ էին մեզ հյուրընկալում, զրուցում, պատմում եւ հրաժեշտ էին տալիս դժվարությամբ, հաճախ էլ՝ արցունքներով։ Ժողովուրդը կարոտած հայացքով նայում էր մեզ ու ասում. «Շնորհակալ ենք, որ մեզ հիշել ու այցելել եք»։ Այսպես, Բերդից մեզ հետ Երեւան ուղարկած մի նամակում իրենց քաղաքն անվանել են «գեղեցիկ եւ ինչ-որ տեղ մոռացված անկյուն» եւ ցանկություն հայտնել ավելի հաճախ նմանատիպ հյուրեր ունենալու։ Մարդիկ հավատում էին, որ մենք Երեւան վերադառնալով կփորձենք օգնել իրենց։ Իսկ ինչ հոգսերով են ապրում. սա էլ ավելի ցավալի դարձավ մեզ համար, երբ մտերմացանք նրանց հետ։ Սոցիալական ծանր վիճակ, ուսումնական հաստատություններ՝ առանց գրականության, երաժշտական դպրոցներ՝ առանց երաժշտական գործիքների… Հիշում ենք Կապանի դպրոցների ոգեւորությունը, Քաջարանի երեխաներին, որոնք մի փոքրիկ համերգ կազմակերպեցին՝ ցույց տալու համար իրենց հնարավորությունները, Բերդի ժողովրդին, որի ընկալունակությունը զարմացրել է մեզ, Նորաշեն եւ Լեռնաձոր գյուղերի դպրոցների թանգարանները, որպիսիք Երեւանի դպրոցներում անգամ չենք տեսել։ Ժողովուրդն առաջին անգամ երգեց, ճանաչեց ու սիրեց հայ հոգեւոր երգը եւ առաջին հայացքից անսովոր թվացող երգերը կարճ ժամանակ անց այնպես էին գերում մարդկանց, որ նրանք ցանկություն էին հայտնում երգելու նորից ու նորից։ Մինչ ակցիային մասնակցելը ուսուցանվող հայրենասիրության գաղափարը ինչ-որ տեղ պարտադրանք էր մեզ համար։ Հայ ժողովրդի պատմության իրադարձությունները մենք ընկալում էինք իբրեւ անցյալ եւ նույնիսկ ոչ վաղ անցյալում տեղի ունեցած դեպքերը մեզ թվում էին անիրական։ Իսկ այն բանից հետո, երբ մենք եղանք պատերազմական գոտում (Ղարաբաղում, Իջեւանում, Բերդում եւն), ինչպես նաեւ պատմական անցյալի հետ կապված վայրերում՝ մի շարք երեւույթներ վերարժեւորվեցին։ ՏԱԹԵՎԻԿ ՇԱԽԿՈՒԼՅԱՆ Կոնսերվատորիայի ուս. խորհրդի փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել