Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՍԱԳՈՒՆԴԸ

Փետրվար 06,2001 00:00

ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԻՍԱԳՈՒՆԴԸ Աղջկաս՝ Եվա Մարտիրոսյանին Դեռ հեռվից երեւում էր: Եվ ուշադրություն էր գրավում: Այդ պատճառով թվում էր, որ ինչ էլ անում էի, մեկ է, մոտենում էի հսկա կիսագնդին: Ինչպես առաջներում էին ասում՝ քայլերս ինձ բերեցին այստեղ: Իմ տեսած ամենամեծ շենքն էր՝ անթերի սպիտակ: Քանի դեռ կանաչ ու խիտ էին տերեւները, որոնք պարուրել էին այն տաղավարը, որտեղ վերջին ամիսներին լինում էի, կարելի էի միայն պատկերացնել, թե այս կողմում ինչ կա: Երբ դեղնեցին ու կարմրեցին, արանքներից տեղ-տեղ շողշողում էր: Ես հետ նայեցի ու տեսա, որ մենակ էի՝ ինչպես միշտ: Տաղավարի իմ մասը նույնիսկ ձայներ չէին հասնում, ավելի ճիշտ հասնում էին, բայց կարծես մեկը ճզմած ու հողին հավասարեցրած լիներ: Տարօրինակ էր, թե տարօրինակ չէր, բայց կիսագունդը մի դուռ ուներ: Իր չափերի համեմատ փոքր, համարյա՝ աննկատելի: Ես նորից հետ նայեցի, բայց ծառուղին դատարկ էր. իմ կողմ էր գալիս միայն փողոցի սովորական մի կատու: Ինձ համար հետաքրքիր էր, թե ինչ է լինելու, դրա համար հասկանալի չէր, թե ինչու՞ էի ձգձգում ներս մտնելը: Բայց մտնելու համար պետք էր որոշել, թե՝ ինչպես: Կիսագնդի դռան բռնակն արտաքին չէր, այլ ավտոմեքենաների դռների պես՝ ներկալված: Այդ պատճառով չհամարձակվեցի միանգամից քաշել արհեստական ինչ-որ նյութից սարքած բռնակի հորիզոնական շերտաձողը եւ սկսեցի զանգը փնտրել: Բայց դռան վրա ոչ մի զանգ հիշեցնող բան չկար: Կիսագունդը պատուհան չուներ, որ թխկթխկացնեիր, մեկը ներսից պատասխաներ, ոչ էլ զանգն է դռնից շատ հեռու լինում, որ գնայի՝ պատի որեւէ ուրիշ հատվածում նայեի: Ես ձեռքս վեր մեկնեցի ու շոշափեցի դռան աջ անկյունը, որտեղ սովորաբար լինում է զանգը: Ինչ-որ պահի այն հանկարծ հնչեց: Ընդ որում՝ անընդհատ ու զնգոցով, ինչպես որ հարկն է, եւ ոչ թե՝ երաժշտական կամ կենդանական տարբեր ձայներով, որոնք միայն վերապահումով կարելի է զանգ կոչեիր: Ես ձեռքս ետ քաշեցի, բայց զնգոցը դեռ երկար ներսից լսվում էր: Եթե բացեին, պետք է բացատրեի, որ իրենցից է. զանգը երեւի լռվել-մնացել է անցքում: Կավելացնեի եւ այն, որ ինձ կարելի է համառ համարել, բայց անքաղաքավարի՝ ոչ մի դեպքում: Միայն թե ցավալին այն էր, որ ոչ ոք չեկավ: Ես նորից շոշափեցի զանգի աներեւույթ տեղը, որ նորից պատահաբար սեղմեի, ու անջատվեր: Բայց զանգն ինքնիրեն լռեց: Մի քիչ էլ սպասեցի, եւ բացվեց դուռը: Ուղղակի հետ գնաց ու քաշվեց ձախ կողք: Ես մտա, իմ հետեւից դուռն անաղմուկ փակվեց: Մեծ գմբեթավոր սրահում էի, որտեղ ամեն ինչ սպիտակ էր: Կարծես շատ մարդիկ կային, բայց չէին երեւում, որովհետեւ դահլիճը կտրտված էր հաստ ու բարձր սպիտակ միջնորմներով: Երբ ուշադիր նայեցի, տեսա, որ սառույցից են: Ես մտել էի ձմռան մեջ: Ոչ հեռու եղյամապատ ծառեր կային, բայց տեղ-տեղ էլ գետնին ցեխ էր նշմարվում: Չգիտես, թե՝ որտեղի՞ց, քանի որ ես այստեղ մտել էի բոլորովին չորային աշունից: Առանց շտապելու առաջ քայլեցի: Երբ ինձ համար էլ անսպասելի շուռ եկա-հետ նայեցի, տեսա, որ հետեւիցս գալիս է նույն սովորական կատուն: Մտածեցի, թե՝ երանի ահռելի կիսագնդի վրա աստիճաններ լինեին, թեկուզ շենքերին կպած մետաղե հրշեջ սանդուղքների պես: Կարելի էր զգույշ կողքերից բռնած բարձրանալ կիսագնդի գագաթն ու տեսնել, թե դեռ քանի եղանակ ունես առջեւում: Գարնան կիսագունդը գուցե մուգ կապույտ լինի, աշնանը՝ կարմիր, իսկ ամառվանը ագաթի գույն կունենա: Բայց ամռան կիսագունդը կարող է նաեւ լրիվ թափանցիկ լինել, այդ ժամանակ հնարավոր է, որ կիսագնդերի հաշիվը խառնես: 2000 թ. նոյեմբերի 30

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել