Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ի

Փետրվար 06,2001 00:00

Հինգ տարեկան դատարանում ՍԴ-ի լրատվական ծառայության եւ Սահմանադրական իրավունքի կենտրոնը երեկ ՍԴ 5-ամյակի առթիվ կազմակերպել էր հանդիպում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ։ Լրատվամիջոցներին բաժանվեց «Սահմանադրական արդարադատության ներկա վիճակը եւ հեռանկարները ՀՀ-ում» գրքույկը։ Գ. Հարությունյանի գնահատմամբ, «համակարգը դեռ կատարյալ չէ» եւ ՍԴ-ն որեւէ սուբյեկտիվ ներազդեցությունների տակ երբեւէ չի եղել։ ՍԴ ոլորտից, ըստ նախագահի, դուրս են թողնվել այնպիսի բացառիկ լիազորություններ, ինչպիսիք են օրենքների նախնական վերահսկողությունը, կոնկրետ վերահսկողությունը ընդհանուր իրավասության դատարանների դիմումների հիման վրա, մարդու իրավունքների անմիջական պաշտպանությունն անհատական դիմումների հիման վրա։ Պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, ՍԴ նախագահն անցած 5 տարիների ամենածանր գործը համարեց 1996թ. նախագահական ընտրությունների կապակցությամբ ՍԴ-ում լսված գործը, «երբ Սահմանադրական դատարանը քիչ փորձ ուներ՝ ընտրական վեճերի հետ կապված»։ «Ծանր եւ հետաքրքիր» գործ դիտվեց նաեւ փախստականների ընտրական իրավունքի իրականացման հետ կապված վեճը։ «Առավոտի» այն հարցին, թե անդամակցությունը Եվրախորհրդին նշանակո՞ւմ է նոր «ցանկությունների» պարտադրում նաեւ սահմանադրական արդարադատությունն իրականացնող մարմնի համար, Գ. Հարությունյանը նկատեց, որ եվրակառույցների հետ ՍԴ գործուն շփումներում քննարկված հարցերը կարելի է այսօրվա «ցանկությունների շրջանակում» դիտարկել։ Նշվեց ՍԴ դիմող սուբյեկտների ընդլայնման հարցը, որը պետք է կիրառվի անդամակցությունից 2 տարի հետո։ Պորտուգալիայում, օրինակ, ՍԴ դիմելու իրավասություն ունի գլխավոր դատախազը։ ՍԴ նախագահին հարցրին, թե «երբեւէ ճնշումների ենթարկվե՞լ է», նա բացառեց ճնշումներն ընդհանրապես իր վրա եւ նկատեց, որ դատական յուրաքանչյուր մարմին կարող է անկախ լինել, եթե ապահովված լինի գործառնական, կառուցակարգային, նյութական եւ սոցիալական անկախությունը։ «Դատարանը եթե ունի իրավասություն, բայց սուբյեկտների սահմանափակում կա, լիարժեք անկախություն չի կարող լինել»,- նշեց Գ. Հարությունյանը։ Վերջում Սահմանադրական իրավունքի կենտրոնը որոշեց որեւէ լրատվամիջոցի չնեղացնել եւ գրպանի ռադիոընդունիչներ, ձայնագրիչներ եւ նոթատետրեր նվիրեց ՍԴ-ում հավատարմագրված լրագրողներին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Շաբաթ օրը քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի օգնական Ռ. Մելքոնյանը, ամփոփելով մամուլում դատական նիստերի լուսաբանումները, վարկանիշային 1-ին տեղը տվեց «Առավոտին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել