Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Փետրվար 06,2001 00:00

«ԱՄԵՆ ԷԿԱՑՈՂԻ ՓՈՂԻ ԵՆՔ ՏԱԼԻՍ» Երեկ դարձյալ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման դեմ բողոքի ցույց էին կազմակերպել տոնավաճառների առեւտրականները։ Կառավարությունից հույսները կտրած՝ այս անգամ մանր ձեռներեցները բողոքի ցույցը տեղափոխել էին Ազգային ժողով։ Ցույցին մասնակցում էին մայրաքաղաքի «Հրազդան», «Ռոսիա», «Հայաստան» տոնավաճառների առեւտրականները։ Նրանք (ի դեպ, դեռեւս անցած ցույցից) հավաստիացնում էին, թե հետագայում իրենց բողոքի ակցիային կմիանան նաեւ մյուս տոնավաճառների առեւտրականները։ Նույն օրը մենք եղանք «Փեթակ» եւ «Սուրմալու» տոնավաճառներում։ Այստեղ ոչ միայն սովորականի նման ընթանում էր աշխատանքը, այլ նույնիսկ «Փեթակի» ներքին ռադիոն անընդհատ ազդարարում էր ՀԴՄ-ներ ձեռք բերելու հնարավորությունների մասին։ – Ինչի՞ պիտի «կասովի ապարատ» դնեմ, առանց էդ էլ էս երկիրը վերեւից ներքեւ մենք ենք պահում։ Սադախլոյում մաքսատնից սկսած մեզանից փող են հավաքում։ Ըտենց էլ կգրես, միլիցիայի կապիտան մարդը՝ «պագոնները» ուսերին, առանց ամաչելու, փող ա ուզում մեզանից։ Բաժանելով գալիս-հասնում ես «յարմրկա», ըստեղ էլ տեղի փող տուր, օրվա վարձ տուր, «նալոգովիի» փող տուր, ամեն էկացողի փող ենք տալիս՝ հիմա էլ էդ «կասովի ապարատներն» են կապել ջաններիս։ Էդ պետությունը մեզ ինչ ա տալիս, որ մենք իրան տանք, մեր փողով, մեր հնարավորություններով գնում-ապրանք ենք բերում-ծախում, պետությանը ինչի՞ պիտի փող տանք»,- ցուցարարների առաջնորդի դերը ստանձնած՝ բացատրում էր մի կին։ Ի դեպ, պետությունից որեւէ աջակցություն չստանալու եւ համապատասխանաբար էլ՝ պետությանը «փող չտալու» մտադրության մասին խոսում էին ցուցարար իմ բոլոր զրուցակիցները։ Մեր նախորդ հրապարակումներում մենք բազմիցս արձանագրել ենք, որ ժողովուրդը սխալ ընկալում ունի հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին։ Միաժամանակ էլ նշել ենք, որ թերեւս արդարացի է նրանց մտավախությունն այն առնչությամբ, թե ՀԴՄ տեղադրելուց հետո (համաձայն չգրված այն օրենքի, թե Հայաստանում կրկնակի ստանդարտներ են գործում) մանր ձեռներեցները՝ չկարողանալով պաշտպանել իրենց իրավունքները, ստիպված անօրինական «նալոգներ են մուծելու՝ տոնավաճառի «կռիշային» եւ օրենքով սահմանված հարկը։ Միայն արտաքինից կարելի է ենթադրել, թե տարբեր տոնավաճառների առեւտրականները միեւնույն պրոբլեմներն ունեն։ Իրականում այստեղ եւս որոշակի շերտավորում կա։ Օրինակ՝ «Հրազդան» եւ ասենք՝ «Հայաստան» տոնավաճառների մանր ձեռներեցները համարվում են այս բնագավառի հարուստ շերտը։ Նրանք չեն ցանկանում ՀԴՄ տեղադրել ոչ թե այն պատճառով, որ այդ մեքենան ձեռք բերելու փող չունեն, այլ, պարզապես, չեն ցանկանում, որ իրենց անունը հայտնվի հարկային դաշտում։ Այս տիպի մանր ձեռներեցների համոզմամբ, իրենք ավելորդ գլխացավանքի մեջ կընկնեն։ Եվ հետո, ոչ մի կերպ (կամ շա՜տ դժվարությամբ) չեն ուզում հասկանալ, թե ինչո՞ւ իրենք պետք է պետությանը հարկեր վճարեն, եթե այդ պետությունը ոչ մի կերպ չի աջակցում իրենց գործունեությանը։ «Սուրմալուի», «Փեթակի» կամ, ասենք, Ֆիրդուսի փողոցի տոնավաճառների առեւտրականներն այլ խնդիրներ ունեն եւ նրանց համար ՀԴՄ ձեռք բերելը, էլ չենք ասում՝ հաշվապահություն պահելն, արդեն խնդիր է։ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ Հ. Գ. Ցուցարարների ներկայացուցիչներին ընդունեց ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը։ Նա խոստացավ հարցը ներկայացնել կառավարություն։ Պայմանավորվածության համաձայն, փետրվարի 9-ին պետեկամուտների նախարարությունում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկվեն առկա խնդիրները եւ կներկայացվեն դրանց լուծման տարբերակները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել