Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» հարցերն ԱԺՄ վարչության ընտրությունից հետո

Փետրվար 06,2001 00:00

Իքիբիրների՞, մի նախարարությա՞ն ԱԺՄ «Առավոտի» հարցերն ԱԺՄ վարչության ընտրությունից հետո 1. Կարելի՞ է այժմ անվերապահ նշել, որ ԱԺՄ-ն այլեւս հստակ իշխանամետ քաղաքական գիծ որդեգրեց։ 2. Ճշգրի՞տ եք համարում ԱԺՄ նախագահի այն դիտարկումը վարչության ընտրության վերաբերյալ, թե «այսպիսի արդյունքները ստացվում են միայն պայմանավորվելով»։ 3. Համաձա՞յն եք, արդյոք, հնչած հետեւյալ գնահատականներին։ Վովա Հախվերդյանն առաջարկեց, որ համագումարը հեռագիր ուղարկի իշխանություններին. «Շնորհավորում ենք, ընտրվել է հենց այն վարչությունը, որը ձեզ պետք է»։ Դուստրիկ Մխիթարյանն ասաց. «Հերթական անգամ ԱԺՄ-ն, երբ իր զառը գցեց՝ իքի-բիր բերեց։ Եվ եթե այդ զառերի վրա գրված է միայն իքի-բիր՝ դու-շեշ երբեք չի բերի»։ Իսկ Վահան Վարդանյանն առաջարկեց ԱԺՄ-ն վերանվանել պետական գույքի կառավարման նախարարության կուսակցություն։ Ֆիլարետ Բերիկյան. 1. Բացարձակապես ո՛չ։ Իշխանամետ՝ ո՛չ։ Պետականամետ՝ այո՛։ Ցանկացած իշխանություն անցողիկ է, իսկ մեր 10 տարեկան պետությունն իրոք գուրգուրում ենք։ Մեր կուսակցությունը ստեղծվել է այս հիերարխիայով՝ մենք առաջին հարթակում դնում ենք ազգային շահը, հետո պետական, հետո կուսակցական ու նոր՝ անձնական։ Մեր թեւի ներկայացուցիչների համար այս հիերարխիան է կարեւոր։ Եվ իմ կարծիքով, ազգային ու պետական շահերի առումով ԱԺՄ-ն այժմ օգտակար որոշում ընդունեց։ 2. Ես ուղղակի չուզեցա այդ պահին պրն Մանուկյանին ընդհատել, բայց, իհարկե, պայմանավորվածություններ եղել են։ Ամբիոնից ենք հստակ կոչ արել, որ ընտրեք այս թեւին, որ կուսակցությունը կարողանա շարժվել տեղից։ Երկու կողմից էլ հստակ կազմակերպվածություն եղել է եւ, բարեբախտաբար, մենք ամեն ինչ արել ենք բաց, անթաքույց։ 3. Ես համարում եմ, որ նման բաներ ասողների նյարդերն ուղղակի չդիմացան, եւ իրենց անտակտ պահեցին։ Չէ՛ր կարելի։ Համենայն դեպս, ընտրվածները 5-6 տարի վարչության անդամ են եղել։ Մեկը վարչության քարտուղարն է եղել, մյուսն ԱԺՄ անդամ է 1992-ից եւ այլն։ Ընդամենը պարտվածի զգացումները զսպել չկարողանալու արդյունք էր այդ ամենը։ Վազգեն Մանուկյան. 1. Ո՛չ, որովհետեւ այս կուսակցության նախագահը Վազգեն Մանուկյանն է։ 2. Ես էլ էի մի քիչ զարմացած. փաստորեն, ջնջվեցին մարդիկ, որոնք ոչ մի դեպքում չէին կարող «ջնջվել»։ Նրանք կարող էին միայն ջնջվել, որպեսզի ուրիշ մարդիկ անցնեն։ Դրա համար ինձ մոտ կասկած է առաջացել, որ ինչ-որ պայմանավորվածություններ եղել են։ (Այս համագումարի դեռ 2-րդ փուլում էր պրն Մանուկյանը բացահայտել, որ շուրջ 2-3 տարի առաջ կուսակցության մեջ սկսվեց մի գործընթաց, երբ ԱԺՄ վարչությունը սկսեց կազմավորվել խարդավանքների միջոցով.- Ա. Ի.)։ 3. Ես ընդհանրապես կոպիտ գնահատականներին երբեք համաձայն չեմ լինում։ Բայց ինչ վերաբերում է «մի նախարարության թիմին»՝ վարչությունում կարծես երկուսն են ընդամենը պետական գույքի կառավարության նախարարությունից, ոչ ավելին։ Վահե Վարսանյան. 1. Վարչության անդամների մեծամասնությունն այն տեսակետի կողմնակիցներն են, որ ԱԺՄ-ն լինի իշխանամետ։ Իսկ մենք դեռ մարտից, երբ կուսակցությունը կառավարությունում նախարարի պորտֆել ստանձնեց, հայտարարում էինք, որ սա սխալ ճանապարհ է։ Հետագան ցույց տվեց, որ թե՛ հանրության մոտ հավատը կորավ մեր կուսակցության նկատմամբ, թե՛ շարքային անդամները մեծ հիասթափություն ապրեցին ԱԺՄ վարքագծից ու դուրս եկան կամ բավական պասիվացան։ ԱԺՄ-ն, փաստորեն, վերափոխվում է իշխանության կցորդ կուսակցության։ Բայց որպեսզի մեղադրանքներ չլինեին, թե բոլոր հնարավորությունները չսպառեցինք ԱԺՄ-ի հեղինակությունը վերականգնելու համար՝ մենք բոլոր տեսական շանսերը փորձեցինք օգտագործել կուսակցությունը նորմալ ճանապարհի ուղղելու համար։ Սա վերջին հնարավորությունն էր։ 2. Իհարկե, եղել են ե՛ւ պայմանավորվածություններ, ե՛ւ հավաքներ։ Իմ կարծիքով, մյուս կողմը չի ժխտի դա, քանի որ այդ ամենն արվել է հրապարակայնորեն՝ չեն թաքցրել։ Անցած ամիսուկեսվա ընթացքում աշխատանքներ են տարվել պատվիրակների որոշ մասի հետ՝ համոզել են, խոստումներ տվել։ Այս ամենն, իմ կարծիքով, իր ազդեցությունը թողեց։ Մենք որեւէ հրահանգ չէինք տվել՝ ասել էինք, որ քվեարկեն ըստ իրենց տեսակետների եւ համոզմունքների։ Սակայն մինչեւ քվեարկությունը Վազգեն Մանուկյանը կոչ արեց, թե՝ ընտրեք հավասարակշռված վարչություն։ Հավանաբար, մեր գծի կողմնակիցներն էլ, հարգելով Վազգեն Մանուկյանին, ձայներ տվեցին նաեւ մյուս կողմին։ 3. Չեմ ցանկանում որեւէ պիտակ փակցնել։ Այդ գնահատականները զուտ անձնական են։ Բայց նաեւ պիտի ասեմ, որ եթե մինչ համագումարի սկիզբը վարչությանը չկաշկանդելու նպատակով հրապարակավ հանդես չէինք գալիս՝ մեր տեսակետները, սկզբունքներն առաջ մղելու համար, սրանից հետո այլեւս կաշկանդված չենք լինելու եւ հայտնելու ենք մեր դիրքորոշումները քաղաքական գործընթացների վերաբերյալ եւ ներկայանալու ենք հստակ այլընտրանքային ծրագրերով։ Հարցազրույցները վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել