Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ կարծիքին են նրանք, ովքեր դուրս են եկել ՀՀԿ-ից կամ պատրաստվում են դուրս գալ

Փետրվար 06,2001 00:00

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՇԵՂՎՈՒՄ Է ԻՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ» Այդ կարծիքին են նրանք, ովքեր դուրս են եկել ՀՀԿ-ից կամ պատրաստվում են դուրս գալ Հանրապետական կուսակցությունից անցած շաբաթվա վերջում դուրս եկած Ալբերտ Բազեյանի, Արա Կետիկյանի, Արտակ Զեյնալյանի եւ Ղուկաս Ուլիխանյանի հետեւից սպասվում է կուսակցությունից դուրս եկողների մի երկար շարք։ Ընդ որում, շարքային կուսակցականներից բացի, կուսակցությունից պատրաստվում են դուրս գալ մի շարք տարածքային կազմակերպությունների ղեկավարներ, որոնք նաեւ ԵԿՄ տարածքային ղեկավարներ են։ Ըստ էության, այն, ինչ ժամանակին արեց Վազգեն Սարգսյանը։ Հանրապետական կուսակցությունը նշանվելով ԵԿՄ-ի հետ, այլեւս չի դիմանում կամ՝ փորձությանը, կամ՝ գաղափարական տարաձայնություններին, կամ էլ՝ անձնական ինչ-ինչ շահերի։ ՀՀԿ-ն՝ որպես գործադիր իշխանության պատասխանատվությունը վերցրած կուսակցություն, դուրս եկածների կարծիքով՝ բավարար լծակների չի տիրապետում. ոչ մի կադրային հարց չի լուծվում կուսակցության խորհրդում։ Կուսակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը նաեւ ԵԿՄ վարչության անդամ է։ Փաստորեն, Ալբերտ Բազեյանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելը խթանիչ ուժ դարձավ ՀՀԿ-ի մի շարք անդամների հեռանալու համար։ Ըստ հավաստի աղբյուրների, Անդրանիկ Մարգարյանի կուսակցական եւ մարտական ընկերները փորձել են համոզել, որ վերջինս եւս ցած դնի իր վարչապետական պարտականությունները եւ միանա իրենց։ Վարչապետն այդ բանն առայժմ չի անում, երեւի չի էլ անի, թեպետ ընկերները զգուշացրել են՝ «Մի օր էլ Աբոյի պես քեզ գործից կազատեն, կնստենք- կմտածենք, թե ո՞նց եղավ, ավելի լավ է՝ արի մեզ հետ»։ Անդրանիկ Մարգարյանն առայժմ վարչապետ է, իսկ կուսակցությունից դուրս եկած նրա ընկերներն այսօր, հավանաբար, հանդես կգան հայտարարությամբ, որով, ըստ ամենայնի, կփաստեն նոր քաղաքական միավորի ստեղծման մասին, կամ էլ՝ քաղաքական գնահատական կտան կատարվողին։ Փաստորեն, ժամանակին «Հայաստան» պատգամավորական խումբը ստեղծվեց գրեթե նույն հողի վրա։ Խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանն առայժմ փորձում է ձեռնպահ մնալ կտրուկ հայտարարություններ անելուց։ Նա չասաց՝ ինքն անձամբ եւ իր խմբի ուրիշ անդամներ պատրաստվո՞ւմ են հետեւել Ալբերտ Բազեյանին եւ մյուսներին, բայց նշեց, որ շատ վատ է վերաբերվում նրան, ինչ կատարվում է ՀՀԿ-ում. «Մենք այդ մասին դեռեւս մայիսին ենք խոսել»։ Պարոն Մալխասյանի ասելով՝ «Միասնություն» դաշինքը շեղվել է Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի սկզբունքներից. «Երբ մեր խումբն առանձնացավ, դեռ այդ ժամանակ մենք հայտարարեցինք դրա մասին»։ Պարոն Մալխասյանի կարծիքով. «մի ծաղկով գարուն չի գա, եւ մենք պետք է հետեւողական լինենք ու պիտի կարողանանք դաշտը հստակեցնել»։ Այսօր ՀՀԿ-ն դե ֆակտո իշխող է, բայց «կարծես թե մի կողմ քաշված է եւ չի նկատում, թե ինչ է կատարվում երկրում»։ Արդյո՞ք տեղի ունեցող խմորումները կապված են նաեւ «Հոկտեմբերի 27»-ի եւ սպասվող դատավարության հետ։ Պարոն Մալխասյանն այդ կարծիքին է. «Մեծ հաշվով, կարելի է կապել «Հոկտեմբերի 27»-ի հետ, որովհետեւ «Հոկտեմբերի 27»-ը ազդարարեց, որ հեղաշրջում է տեղի ունեցել եւ հենց այդ հեղաշրջման պրոցեսները շարունակվում են»։ Վեց ամիս առաջ նույն ՀՀԿ-ից հեռացված «Հայաստան» խմբի անդամ, պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի կարծիքով՝ «27-ի դեպքերը շատ-շատ բաներ փոխեցին, եւ եթե այսօր մարդիկ դուրս են գալիս ՀՀԿ-ից, ուրեմն տեսակետների անհամատեղելիություն են տեսնում»։ Ռուբեն Գեւորգյանի ասելով՝ ինքը կուսակցությունից հեռացվել է այն խորհրդի կողմից, որի շատ անդամներ այսօր իրենք են հեռանում կուսակցությունից. «Ես ողջունում եմ դա, լավ է ուշ, քան երբեք»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել