Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն

Փետրվար 06,2001 00:00

ԱԺՄ-Ն ՊԱՌԱԿՏՎԵՑ Վազգեն Մանուկյանը խուսափում է «կուսակցության տրոհում» ձեւակերպումից։ Հաղթած թեւի ներկայացուցիչներից ոմանք ձեռքները թափ էին տալիս իրենց հեռացող ընկերների հետեւից՝ «Տասը մարդու հեռանալով էս կուսակցությունը չի քանդվի»։ Որքան էլ սրտաճմլիկ հնչի՝ կային նաեւ արտասվողներ: ԱԺՄ-ի 12-րդ եռափուլ համագումարում չնայած բազմաթիվ էին սուր պահերը՝ գագաթնակետը փետրվարի 4-ին քվեարկության արդյունքների հրապարակումն էր։ Վարչության ընտրված 9 անդամների անունների հրապարակումից պարզ դարձավ, որ երկարատեւ տվայտանքներից ու դեգերումներից հետո ԱԺՄ-ն այլեւս հստակ քաղաքական ընտրություն է կատարել։ Եվ լիակատար պարտություն կրեց այն թեւը, որը փորձում էր ԱԺՄ-ն դարձյալ հռչակել ընդդիմություն։ Այս թեւի ներկայացուցիչներից միայն Արշակ Սադոյանն էր ընտրվել վարչությունում, նա էլ արագ ինքնաբացարկ հայտարարեց։ Ակնհայտորեն ե՛ւ Շավարշ Քոչարյանը (որն ընտրվելու համար անհրաժեշտ 78 ձայնից 76-ն էր ստացել), ե՛ւ Վահե Վարսանյանը (որ ստացել էր 72 ձայն) կընտրվեին երկրորդ փուլում։ Բայց ե՛ւ նրանք, ե՛ւ այդ թեւի այլ կողմնակիցներն ինքնաբացարկ հայտարարեցին՝ չցանկանալով խախտել քաղաքական մի գծի կողմնակիցների վարչության միատարրությունը։ ԱԺՄ նախագահ վերընտրված Վագեն Մանուկյանը փորձում էր տարհամոզել նրանց, թե 9 հոգով չի որոշվելու կուսակցության քաղաքական ուղղությունը եւ վարչությունն ԱԺՄ-ի մի փոքր մասնիկն է միայն։ Բայց նրան ունկնդիր չեղան։ Ինչպես նախորդ օրն էր համագումարն անտեսել իր առաջնորդի առաջարկը՝ ԱԺՄ վարչության անվստահություն հայտնելը չքննարկել, քանի որ կոլեկտիվ անվստահություն հայտնելն «ապուշություն է», նաեւ «կործանարար կլինի մեր կուսակցության համար» (ճիշտ է, հետո ինքն էլ հենց դրեց քվեարկության եւ պարզվեց, որ ոչ մեկը կողմնակից չէր անվստահություն հայտնելուն)։ Ինչպես ավելի ուշ չանցավ պրն Մանուկյանի առաջարկը՝ վարչության անդամների թիվը 11-15-ով սահմանափակելու վերաբերյալ եւ ընտրվեց 21-25 տարբերակը։ Եվ երբ կիրակի ուշ երեկոյան պարզ դարձավ, որ փորձելով մի ճգնաժամից դուրս գալ՝ ԱԺՄ-ն ավելի խորը ճգնաժամի մեջ է հայտնվել եւ կուսակցությունը, փաստորեն, վերջնականապես փլուզվել է, Վազգեն Մանուկյանը մի ելույթ ունեցավ, որից հետո լքեց դահլիճը եւ այլեւս չվերադարձավ։ Ահա որոշ հատվածներ այդ ելույթից. «Իմ գնահատականն այն է, որ դեկտեմբերի համագումարի ժամանակ ղռռալեն կդնեին, կքվեարկեին, ամբողջ վարչությունը կարող է վերցնեին իրենց (ընդդիմադիր թեւի- Ա. Ի.) ձեռքը։ Ես եմ զսպել, պահել։ Ես անընդհատ պահել եմ, որպեսզի մի թեւը մյուսին չջարդի։ Այսօրվա արդյունքը՝ ոնց էլ ուզում եք գնահատեք, այնուամենայնիվ, ջարդ տեղի ունեցավ, բայց արդեն հակառակ ուղղությամբ։ (…) Մարդկանց ձեռքը գնացել է, ջնջել են այն մարդկանց, որոնք մեր հիմնադիրներից են եղել։ (…) Մարդիկ վրդովվել, վիրավորվել են, որ իրենց ամբողջ կյանքը տվել են եւ հիմա այս վիճակում են գտնվում, ասում են՝ դուրս ենք գալիս կուսակցությունից։ Հա, հետո՞։ Մի անգամ դուրս եկան ՀՀՇ-ից, հետո ԱԺՄ-ից, հետո ՊՊՇ-ից ու այդպես անընդհա՞տ։ (…) Լացս գալիս էր, որ հերթով կանգնած հրաժարական էին տալիս։ Նույն ձեւի լացս կգար, երբ որ մյուսները կանգնեին ու հրաժարական տային, որովհետեւ երկու մասն էլ արժեք են, երկուսն էլ մեր կուսակցությանը պետք են։ (…) Ես մի թեւի պատանդ չեմ դառնա՝ որ թեւն ուզում է լինի։ (…) Ես կմնամ կուսակցության նախագահ, վարչության աշխատանքներին ես չեմ մասնակցի։ (…) Մյուս թեւին էլ առաջարկում եմ՝ մի դուրս եկեք այս կուսակցությունից։ Կուսակցության ներսում ստեղծեք ձեր նոր կառույցը, կօգնեմ ամեն ինչով։ (…) Ես ուղղակի ձեզ խնդրում եմ՝ մեր կուսակցության այդ տրոհումը չանել»։ Որպես այդ խնդրանքի պատասխան գնահատեց Սեմյոն Բաղդասարյանն այն, որ մյուս թեւի ներկայացուցիչներից ոմանք Վազգեն Մանուկյանի ելույթից հետո լուռ դուրս եկան դահլիճից։ Քիչ անց ամբիոն բարձրացավ Շավարշ Քոչարյանը եւ ընթերցեց հետեւյալ հայտարարությունը. «Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ վարչության ընտրությունն անձերի խնդիր չէր, այլ կուսակցության քաղաքական գծի խնդիր։ Ցավոք սրտի, համագումարն այդ ընտրությամբ ամրապնդեց այն քաղաքական գիծը, որն ԱԺՄ-ն որդեգրել էր վերջին 2 տարվա ընթացքում։ Այդ գիծն, ըստ էության, իրոք դավաճանություն է այն գաղափարական սկզբունքներին, նպատակներին ու ծրագրերին, հանուն որոնց ստեղծվեց այս կուսակցությունը։ Ի դեպ, նշեմ, որ ընտրությունը եղել է արդար եւ դա է ամենացավալին։ Սա նշանակում է, որ համագումարն իր մեծամասնությամբ ամրապնդում է այս կուրսը։ Ելնելով ստեղծված իրավիճակից, մենք հայտարարում ենք, որ արդեն սպառված են հնարավորությունները կուսակցության ներսում փորձել ԱԺՄ-ն բերել այն նպատակներին ու գործելակերպին, որը բնորոշ էր մեր կուսակցությանը, փայլուն իրականացնում էինք եւ ունեինք շատ մեծ հեղինակություն հանրապետությունում, որը շատ արագ կորցրինք։ Հետեւաբար, մենք ստիպված ենք գնում այս քայլին՝ սկսում ենք նոր կուսակցության ձեւավորման գործընթացը»։ Եթե համագումարի մթնոլոտին ընդհանրապես բնորոշ էր լարվածությունը, այս հայտարարությունից հետո սկսվեց բացահայտ վիրավորանքների փուլը։ Արշակ Սադոյանը եւս մյուս թեւի ներկայացուցիչներին մեղադրեց ԱԺՄ սկզբունքների եւ կուսակցության տասնամյա պատմության նկատմամբ դավաճանության մեջ եւ հայտարարեց, թե չի ենթարկվելու վարչության որոշումներին։ Իսկ մյուս թեւը հեռացողներին մեղադրում էր հանդուրժողականության պակասի եւ արժանապատվորեն պարտվել չկարողանալու մեջ։ Առավել բուռն էր Վազգեն Մանուկյանի տիկնոջ՝ Վարդուհի Իշխանյանի արձագանքը, որ համագումարի աշխատանքները շարունակել առաջարկող Սեմյոն Բաղդասարյանին մեղադրեց, թե փոխանակ լաց լինի, փոխանակ փորձեն գնալ հաշտության եզրեր գտնել՝ խաղերի մեջ է մտել. «Դուք պատրաստ եք ձեզ ծեծողների հետ հաշտվել՝ Անդրանիկ Մարգարյան, չգիտեմ՝ այսինչը, այնինչը, բայց իրար հետ չեք կարողանում լեզու գտնել»։ «Ահա՛, լաց եմ լինում»,- թաշկինակը չոր աչքերին քսելով բղավեց Սեմյոն Բաղդասարյանը։ «Դե, լաց չես լինի, որովհետեւ երեխաներիդ տեղավորել ես աշխատանքի»,- ասաց տիկին Իշխանյանը։ Այս պայմաններում բնական էր համագումարը, կոպիտ ասած, անփառունակ ձեւով փակելը։ 64 ձայնով որոշում ընդունվեց, ըստ որի՝ վարչությունում մնացած 7-8 հոգին բավարար էին համարվում եւ ընտրությունների երկրորդ փուլ այլեւս հարկավոր չէր։ Բացի այն, որ նման որոշման համար 78 ձայն էր հարկավոր եւ քվորում չկար՝ դեռ հաշվիչ հանձնաժողովի 11 անդամից 7-ն էլ ավելի վաղ դադարեցրել էին իրենց լիազորությունները եւ նոր հանձնաժողով չէր ընտրվել, որ հաշվեր ձայները եւ օրինական դարձներ որոշումը։ … Թոհուբոհի մեջ որեւէ մեկը չհիշեց էլ, որ այդպես էլ չքվեարկվեցին կատարված կանոնադրական փոփոխությունները, որոնք անհրաժեշտ էին կուսակցությունը վերագրանցելու համար։ Հիմա ի՞նչ է, նո՞ր համագումար են հրավիրելու կանոնադրությունը հաստատելու համար, թե՞ կգումարեն ԱԺՄ 12-րդ վճռորոշ համագումարի արդեն 4-րդ փուլը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել