Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն մեկ տարի է անցել այն օրից, երբ ՀՀ ԱԺ-ն վավերացրեց ԵԱՀԿ եւ ՀՀ արտաքին գործոց նախարարության միջե

Փետրվար 03,2001 00:00

ԵԱՀԿ-ն երազում է Արդեն մեկ տարի է անցել այն օրից, երբ ՀՀ ԱԺ-ն վավերացրեց ԵԱՀԿ եւ ՀՀ արտաքին գործոց նախարարության միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որից հետո Երեւանում իր գործունեությունը սկսեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը։ Տարելիցի առթիվ մամուլի ասուլիս էր կազմակերպել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախագահ Ռոյ Ռիվը։ Պարոն Ռիվն իրենց գրասենյակի այս տարվա ընթացքում կատարած աշխատանքը բարձր գնահատեց. «Մենք լիովին կատարել ենք մեր առջեւ դրված խնդիրները»։ Այսինքն, սերտ կապեր են հաստատել տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության, համալսարանների, հետազոտական հաստատությունների, ինչպես նաեւ, միջազգային կազմակերպությունների հետ։ ԵԱՀԿ-ն ակտիվ համագործակցություն է ծավալել ՀՀ ԱԺ, կառավարության եւ նախագահի աշխատակազմի հետ։ Բնականաբար, համագործակցությունը ներառում է ԵԱՀԿ գործունեության շրջանակները։ Պարոն Ռիվը գտնում էր, որ այժմ, երբ Հայաստանը դարձավ Եվրախորհրդի լիիրավ անդամ, համագործակցությունը ԵԱՀԿ-ի եւ ՀՀ իշխանությունների միջեւ շատ ավելի սերտ ու նպատակային կլինի։ Հատկապես, եթե նկատի ունենանք, որ Եվրախորհուրդն առայժմ իր ներկայացուցչությունը Հայաստանում չունի եւ երկուստեք պայմանավորվածությամբ ԵԱՀԿ գրասենյակն է ստանձնելու Եվրախորհուրդ-Հայաստան միջնորդի (կապավորի) դերը։ Ինչպես նշեց պարոն Ռիվը, այժմ իրենց ծավալած գործունեության շրջանակներում առաջնահերթ դեր է խաղում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում տեղի իշխանություններին աջակցելը։ Թերեւս այդ գործունեությունը ճիշտ կլինի սկսել տեղական կոռումպացված իշխանությունների դեմ պայքարի՞ց։ Ինչեւէ։ Այս խնդրի առաջնահերթությունը պայմանավորված է նրանով, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը համակարգում է կոռուպցիայի դեմ ուղղված միջազգային աշխատանքային խումբը։ Արդեն դրսում էլ են հասկացել, որ Հայաստանում կոռուպցիան այն մասշտաբներն է ընդունել, որ նրա դեմ պայքարը պետք է միջազգային մակարդակով տանել։ Երբ պարոն Ռիվից լրագրողները հետաքրքրվեցին պայքարի ձեւերի մասին, նա ասաց, որ այդ հարցում պետական բարձր մակարդակով (նախագահ, վարչապետ եւ այլք) աջակցություն է տեսել (իհարկե՝ բանավոր եւ ջերմ ժպիտներով ուղեկցվող), եւ իրենց գործը միջոցներ հայթայթելն է։ Իսկ կառավարությանը պայքարի դրդողի եւ ստիպողի դերը պրն Ռիվը վերապահեց… դե, իհարկե, կրկին լրագրողներին։ ԵԱՀԿ գործունեության շրջանակները, սակայն, կոռուպցիայի դեմ ի սկզբանե դատապարտված պայքարով չեն ավարտվում։ Գրասենյակի ուշադրության կենտրոնում են նաեւ մարդու իրավունքների, ժողովրդավարության, փախստականների հիմնախնդիրները։ Ինչպես նաեւ՝ որոշ միջազգային պայմանագրերին կյանք տալը, այդ թվում՝ շրջակա միջավայրի պաշտպանության մասին Օրհուսի պայմանագրի իրագործումը։ Պրն Ռիվը շատ կարեւոր էր համարում շրջակա միջավայրի հետ կապված ինֆորմացիայի մատչելիությունը։ ԵԱՀԿ-ն առաջնահերթություն է տալու ԶԼՄ-ների վերաբերյալ օրենսդրության մշակումներին եւ փոփոխություններին. «Մենք անցկացրել ենք սեմինար այդ հարցով եւ դեռ էլի քանիցս պիտի անդրադառնանք «ԶԼՄ-ների մասին օրենքին»։ Կքննարկենք այդ օրենքը ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հետ։ Մենք ուզում ենք վստահ լինել, որ բոլոր հետաքրքրվողները կմասնակցեն օրենքի կազմմանը»։ Շատ կարեւորվեց նաեւ Օմբուդսմենի (մարդու իրավունքների պաշտպանի) ինստիտուտի ստեղծմանը, այընտրանքային զինծառայությունն ապահովող օրենսդրական ակտի մշակմանը, կանանց եւ երիտասարդության խնդիրներին ԵԱՀԿ-ի գործուն մասնակցությունը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել