ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ – Թոշակը սոցապից տուն են բերելու։ Հնչած բոլոր հեռախոսազանգերին այս պատասխանն էին տալիս Հայխնայբանկի թիվ 10 գործառնական գրասենյակի աշխատակիցները։ Իսկ բողոքողները հանապազօրյա հացի կարոտ կենսաթոշակառուներն էին, որոնք վաղուց էին նախընտրել թոշակը ստանալ խնայդրամարկղում։ – Ձմռան այս ցրտին ինչպե՞ս մնամ տանը, որ թոշակ բերեն, ես ձմեռն աղջկաս մոտ եմ անցկացնում, ինձ գրքույկով ստանալն է հարմար,- ասաց 72-ամյա մի տատիկ։ – Ես ամեն ամիս ստանում եմ խնայդրամարկղից եւ մուծում էլեկտրաէներգիայի ու հեռախոսի վարձավճարները, բացի այս, տեսնում եմ իմ յուրաքանչյուր ամսվա փոխանցումը, ինչո՞ւ են կախման մեջ գցում փոստատարից,- բողոքեց 2-րդ խմբի հաշմանդամ Գ. Անանյանը։ – Տուն չունեմ, վաճառել եմ, հասցե չունեմ, բայց հո վաստակ ունեմ, ինչո՞ւ են ինձ մի անգամ եւս հարվածում,- արցունքները չզսպելով վրդովվեց ցամաքած, միջահասակ մի տղամարդ։ Իմ հարցին՝ թե ինչո՞վ է պայմանավորված թոշակների այս ձեւով բաշխումը, ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի Քանաքեռ-Զեյթուն տարածքային կենտրոնի տնօրեն պրն Հակոբյանը տեղեկացրեց, որ հիմնադրամը իրականացնում է մեկամսյա ստուգողական, փորձնական միջոցառում, քանզի շատերը ամերիկաներում ապահով կյանքով ապրում են եւ այստեղից էլ թոշակ ստանում։ Ի՞նչ միտք ունի բոլորին անհանգստացնել։ Չէ՞ որ հիմնադրամը 6 ամիսը մեկ տեղեկություն է ստանում խնայդրամարկղերից, թե ովքեր են իրենց թոշակները հավաքում։ Եվ հետո, ավելի քաղաքակիրթ ձեւով կարող էին մի քանի կասկածելիների ներկայությունը ստուգել։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ