Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՄՈՒՏ

Փետրվար 03,2001 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՄՈՒՏ Երեկ Ժուռնալիստների միությունում ասուլիս էր հրավիրել նորաստեղծ «Ազգային համաձայնություն» կուսակցությունը։ Ըստ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի, վաղուց եկել է ժամանակը, որպեսզի ընդունվի ընդդիմության մասին օրենքը։ Ա. Հարությունյանի կարծիքով, այն երկրները, որոնք ընդունել են այդ օրենքը, զերծ են մնացել հեղափոխությունից եւ այլ իրադարձություններից. «Ուստի այդ օրենքի ընդունումը շատ կարեւոր է եւ կարող է կանխարգելիչ դեր խաղալ»,- ասաց նա։ Պրն Հարությունյանը գտնում է, որ, եթե այսօր Հայաստանում ընդդիմադիր դաշտը ձեւավորված չէ, դրա միակ պատճառը այդ օրենքի բացակայությունն է. «Նախագահին կարելի է քննադատել, բայց չհայհոյել, նախագահին կարելի է պաշտպանել, բայց՝ լակեյ չդառնալ»,- խորհրդի կարգով ասաց Ա. Հարությունյանը։ Ա. Հարությունյանի կարծիքով՝ ընդդիմությունը «շատ վատ բան չէ եւ այն պետք է դիտվի որպես պետական համակարգի բաղկացուցիչ մաս»։ Ըստ պրն Հարությունյանի՝ «կարեւորը սկզբունք պաշտպանելն է, եւ ոչ թե որեւէ մեկին»։ Նա իշխանության համար մեծ վնաս համարեց Արկադի Վարդանյանի ազատազրկումը. «Ա. Վարդանյանը պետք է դուրս գա… ես գտնում եմ, որ շատ վատ հետեւանք կունենա նրա ազատազրկումը»,- իր կարծիքը հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը։ Նա տեղեկացրեց, որ ընդդիմության մասին օրենքի նախագիծը արդեն պատրաստվում է. «Եթե նորմալ ընդդիմություն լինի, ես կարծում եմ, Քոչարյանը ավելի լավ կաշխատի»,- ասաց Արամ Հարությունյանը։ Հ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել