«Ազիզ ջան, կլինի՞ հետդ «դու»-ով խոսամ» – Ես քեզ ճանաչո՞ւմ եմ, ազիզ ջան,- հարցիս հարցով պատասխանեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Հակոբյանը։ – Ոչ, բայց կնախընտրեի «դուք»-ով դիմելաձեւը,- պատասխանեցի ես։ – Էդ մասին էլ կարաս գրես, ազիզ ջան, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարը անտակտ ա՝ «դու»-ով ա խոսում,- խորհուրդ տվեց պրն Հակոբյանը։ Այդ պաշտոնյան երեկ ընդունեց ՀՀ կառավարության մոտ հավաքված բողոքի ցույցի ներկայացուցիչներին։ Իսկ բողոքի ցույցը հերթական անգամ կազմակերպել էին տոնավաճառների աշխատակիցները, որոնք դեմ են հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրմանը։ «Առավոտը» բազմիցս անդրադարձել է այս խնդրին, ներկայացրել խնդրին առնչվող գրեթե բոլոր կողմերի տեսակետները։ Մենք արդեն արձանագրել էինք, որ թեպետ ՀԴՄ-ների կիրառումը քաղաքակիրթ առեւտրի ձեւ է, սակայն այն մեզ մոտ «ազգային» երանգ կստանա։ Այսօր արդեն տոնավաճառների աշխատակիցները արդարացի բողոքում էին, թե ՀԴՄ-ների տեղադրումից հետո ստիպված են եղած հարկերին ու տուրքերին եւս մեկը գումարել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, թերեւս, ճիշտ կաներ՝ մանր առեւտրով զբաղվողներին տեղեկացներ հարկային օրենսդրության փոփոխությունների մասին։ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ Հ. Գ. Նույն օրը, մեկ այլ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարեց, որ ՀԴՄ-ների տեղադրման հարցում այլեւս ձգձգումներ չեն լինի։