Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվա» կինոթատրոնում երեկ անշլագ էր. ՀՅԴ-ն նշում էր ծննդյան 110-ամյակը։

Փետրվար 03,2001 00:00

110 տարի անց «Մոսկվա» կինոթատրոնում երեկ անշլագ էր. ՀՅԴ-ն նշում էր ծննդյան 110-ամյակը։ Հանրապետության նախագահը թեեւ ոչ սեփական ներկայությամբ, ոչ էլ ուղերձով չէր պատվել ներկաներին, փոխարենը՝ առաջին շարքերում էին հանրապետության գրեթե բոլոր հայտնի կուսակցությունների ներկայացուցիչները եւ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։ Վերջինս խոսք ուներ ասելու, սակայն նրա համար հեշտ չէր. «Անկեղծ ասած՝ դյուրին չէ խոսել ավանդական այն կուսակցության մասին, որն իր գոյության ողջ ընթացքում զինվորագրվել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի մեծ գործին։ Դյուրին չէ մանավանդ, երբ ինքնաբուխ է ցանկությունդ եւ մեծ ձգտումդ, որ ասելիքդ չհնչի լոկ պերճախոսություն»։ Քանի որ դահլիճում մութ էր, դժվար էր նկատել՝ ներկաները որքանով ինքնաբուխ եւ ոչ պերճախոս համարեցին ԱԺ խոսնակի ելույթը։ Նրանից հետո ամբիոն բարձրացավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն՝ ընթերցելու կուսակցության «Դարի եւ 10 տարու» առիթով գրած իր ծավալուն բանախոսությունը։ Ըստ նրա՝ ՀՅԴ-ն փորձում է քիչ արձագանքել իր դեմ հնչած չարախոսություններին. «Դրանք մեզ ներկայացնում են իբրեւ օրվա իշխանություն, իբրեւ սփյուռքյան կուսակցություն, մեր հեղափոխականությունը՝ արկածախնդրություն, մեր սոցիալիզմը՝ կոմունիզմ, մեր ազգայնականությունը՝ ազգայնամոլություն»։ «Արդյո՞ք ՀՅԴ-ն օրվա իշխանություն է»,- հարց տվեց Հ. Մարգարյանն ու պարզաբանեց, որ անգամ կույրին է տեսանելի, թե ով է իշխանությունը։ Իսկ ՀՅԴ-ն իշխանամետ համարողներին պարզապես թյուրիմացության է մատնել «մեկ-երկու դաշնակցականի պետական պարտականություն ստանձնելը»։ Կուսակցությունները, ըստ Հ. Մարգարյանի, չեն լինում միայն իշխանամետ կամ ընդդիմադիր։ Ովքեր այդպես են կարծում, նրանք «կաղապարված» են։ ՀՅԴ-ն ա՛յն կուսակցությունն է, որին, համոզված է բանախոսը, նետված է ամբողջական պատասխանատվություն վերցնելու մարտահրավեր։ Մարտահրավեր նետողի անունը թեեւ չնշվեց, սակայն դա էական չէր. «Այո՛, մենք պատրաստ ենք հարկ եղած դեպքում ամբողջական պատասխանատվություն ստանձնել»,- հոգոց հանեց պրն Մարգարյանը։ Արցախի հարցում ՀՅԴ-ն խոստացավ «ոչ մի զիջում» թույլ չտալ։ Իսկ ինչ վերաբերում է Ջավախքի հայաթափմանը՝ պրն Մարգարյանը թեեւ թանկ գնահատեց հայ-վրացական բարեկամությունը, «սակայն այդ բարեկամության զոհ չի կարող լինել հայկական Ջավախքը»։ Էքսնախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատմական հեռուստաելույթի տեսագրությունը, ուր նախագահը վերնաշապիկի թեւքերը ծալած՝ հիմնավորում էր ՀՅԴ հայաստանյան կառույցի կասեցման անհրաժեշտությունը, դահլիճում աշխուժություն մտցրեց։ Բոլորը ծիծաղում էին։ Այլ էր Հրայր Մարուխյանի խոսքերի թողած տպավորությունը՝ հնչեցին երկարատեւ ծափեր։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ Հ. Գ. «Երդում» ֆիլմում հնչող Սոս Սարգսյանի ձայնը ազդարարեց, որ 88-ին բարձրացած հզոր ալիքը կարող էր ղեկավարել միմիայն դաշնակցությունը։ Պարզապես այդ ժամանակ նա Հայաստանում չէր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել