Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ է մեկ անգամ տեսնել, քան 86 տարի լսել

Փետրվար 03,2001 00:00

Լավ է մեկ անգամ տեսնել, քան 86 տարի լսել Դեռեւս երկու տարի առաջ «Սյունիք» կինոստուդիան եւ մի շարք հայ կինոգործիչներ որոշեցին ստեղծել պատմական մի ֆիլմ 1915թ. Մեծ եղեռնի մասին։ Իսկ երեկ Ցեղասպանության պատմության թանգարանում «Սյունիք» կինոստուդիայի նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ սկսվեցին «1915թ.» կամ «Հայոց եղեռնը» պայմանական անվանումով ֆիլմի քննարկման աշխատանքները։ Պրն Ասրյանի խոսքերով. «Ֆիլմի վերջնական սցենարը դեռեւս պատրաստ չէ, քանի որ սպասում ենք ֆիլմի սցենարիստ Պերճ Զեյթունցյանի վերադարձին, որը ներկայումս ԱՄՆ-ում է»։ Նշենք, որ վերջերս ֆիլմի աշխատանքները կազմակերպելու համար ստեղծվել է կազմխորհուրդ, որում ընդգրկվել են ֆիլմի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, սցենարիստ Պերճ Զեյթունցյանը, գլխավոր պրոդյուսեր Խաչիկ Ասրյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը, «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, գրող Զորի Բալայանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը, Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, Ռազմիկ Դավոյանը, ինչպես նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը եւ ՀՀ ՊՆ փոխնախարար, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանը եւ այլք։ Ֆիլմը կլինի գեղարվեստական խաղարկային ժանրի, սակայն հարկ եղած դեպքում կօգտագործվեն նաեւ դոկումենտալ կադրեր։ Ֆիլմում նախատեսվում է ընդգրկել նաեւ 1894-1923թթ. թուրքերի ոճրագործությունների, այդ թվում նաեւ 1920-ի Շուշիի կոտորածների մասին պատմող դրվագներ։ Պրն Ասրյանը նշեց նաեւ, «սա կլինի ֆիլմ, ոչ միայն Հայոց ազգի կենսագրության, ազգային բնավորության մասին, որով ապրել եւ ստեղծագործել է հայ ժողովուրդը, այլեւ նույն տառապանքի բովով անցած հույն եւ բուլղար ժողովուրդների բարեկամության մասին»։ Ֆիլմի նկարահանման աշխատանքները բաղկացած կլինեն 4 փուլից՝ նախապատրաստական շրջան (որը սկսվել է 2001-ի հունվարի 15-ից), նկարահանման մոնտաժային աշխատանքների եւ միջազգային գովազդի կազմակերպման շրջաններ։ Ֆիլմի համառոտ բյուջեի ծախսերը կկազմեն 1 մլն 500 հազար դոլար։ Ասվեց նաեւ, որ Թուրքիան նույնպես պատրաստվում է Եղեռնի մասին ֆիլմ նկարել, որը կպատմի այն մասին, որ իրենք ոչ թե կոտորել են հայերին, այլ միայն պաշտպանվել են նրանց հարձակումներից։ «Ի վերջո, ավելի լավ է մեկ անգամ սեփական աչքերով տեսնել, թե ինչ ասել է Ցեղասպանություն, քան 86 տարի շարունակ լսել»,- վերջում ասաց Վիգեն Չալդրանյանը։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել