Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ

Փետրվար 03,2001 00:00

Ո՞ՒՐ ԴՆԵՄ ՔԱՆԴԱԿՍ Որեւէ մեկը չի զարմանա՝ իմանալով, որ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը կրկին մտահղացել է Երեւանում երկու «ծանր քաշային» քանդակներ տեղադրել։ Բնականաբար, առիթը ափի մեջ է՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակը։ Մեկ տարին իր առջեւում է՝ հա՛, քանդակ կանի ու կջանա տեղադրել դրանք քաղաքի կենտրոնական հատվածներում։ Հինգշաբթի օրը Լ. Թոքմաջյանի երկու քանդակների մակետները Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինական խորհրդի անդամների քննարկմանն էին առաջադրված։ Դրանք երկու սպիտակ քանդակներ են, մեկում՝ իբրեւ թե պատկերված է Արգիշտին։ Երկրորդը՝ բառելիեֆ էր՝ պատվանդանի վրա, որի վրա պատկերված էր, թե ինչպես է Գրիգոր Լուսավորիչը օծում Տրդատին։ Երկրորդի տեղադրման համար Լ. Թոքմաջյանը դիմել էր Խոսրով Հարությունյանին, վերջինս էլ նամակ էր հղել Քաղաքաշինական խորհրդին՝ տեղադրման տեղը որոշելու՝ «Լեւոն Թոքմաջյանի «Մկրտություն» հարթաքանդակի համար տեղի առաջարկ»։ Առաջին քանդակի համար նույնպես մեկ այլ մարմնից նամակ կար։ Խորհրդի անդամներից մեկը նկատեց, թե «Այստեղ նայելու բան առանձնապես չկա, որ կարծիք հայտնենք քանդակների վերաբերյալ»։ Մեկ ուրիշը՝ նկատելով բոլորի դժգոհությունը, որ փորձում են մերժումը հիմնավորող տեքստերը հնարավորինս մեղմ արտահայտել, չդիմացավ. «Միանգամից ասա՝ տրիմո ոնց որ լինի, ու էս տրիմոն չի կարելի որեւէ տեղ դնել»։ Քանդակագործ Արա Շիրազը, թերեւս, զայրույթը չզսպեց. «Իշխանությունները սկզբունքորեն պիտի որոշեն՝ քաղաքում դրվող հուշարձանները պիտի ունենա՞ն ինչ-որ մի դեմք, թե՞… Այլ ոչ թե ժիր մարդիկ անեն ու բերեն-խցկեն, բերե՛ն-խցկե՛ն, այստեղ-այնտեղ մտնեն։ Ես գիտեմ՝ էս մարդիկ մինչեւ որտեղ են մտնում, հասնում է մինչեւ նախագահի, կաթողիկոսի մոտ։ Սկզբունք պետք է լինի։ Քաղաքում դրվող որեւէ հուշարձան պետք է անցնի մրցույթով։ Մենք ուրիշ, ավելի լավ ճանապարհ չունենք։ Ես գտնում եմ, որ այս հարցը վերջնական պիտի լուծվի, որովհետեւ հիմա մենք խոսում ենք, բայց միտքս այստեղ չի։ Միտքս կրկեսի շենքի մոտի հուշարձանն է (Լ. Թոքմաջյանի «քանդակած» Ենգիբարովի արձանը- Ս. Ս.) եւ քաղաքի մեջ դրված Կարաբալան է, թե Խաթաբալա… (դարձյալ Լ. Թոքմաջյանի հեղինակած՝ Կարաբալայի արձանը- Ս. Ս.)»։ Գլխավոր ճարտարապետ, փոխքաղաքապետ Նարեկ Սարգսյանը նշեց, որ թեեւ բոլորն էլ ու ինքն էլ էմոցիոնալ են ընդունում սա, բայց իրավունք չունեն էմոցիայով առաջնորդվել, քանի որ իրավունք չունեն ասել, թե պարտադիր մրցույթով պետք է ընտրվեն։ Արա Շիրազը, թե. «Պատվիրատուն քաղաքի տե՞րն է, թե՞ ինչ-որ մի գործարար է, մի հանձնաժողով է, որը էսօր կա, վաղը՝ չկա»։ Այնուամենայնիվ, Քաղաքաշինական խորհուրդը որոշեց այդ 3 մետր բարձրությամբ մանրաքանդակը Երեւանում տեղադրելու Խոսրով Մելիքիչի առաջարկը մերժել, սակայն, որպես տեղադրման վայր «ծայրահեղ դեպքում»-ի համար նշվեց Խոր Վիրապը։ Արգիշտիի արձանը (5 մետր) մերժվեց միանշանակ, քանի որ Երեւանում (Էրեբունիում) մոնումենտալ մեծ կառույց կա Արգիշտիին նվիրված եւ երկրորդ արձանն ունենալու հիմնավորումը խորհրդին չբավարարեց։ Փաստ է, որ բոլոր հայ քանդակագործներն ու ճարտարապետները ծանոթ են Լ Թոքմաջյանի՝ սեփական քանդակները քաղաքի վրա «սաղացնելու» ձեւերին ու հնարքներին։ Սա մի փորձ էր՝ Քաղաքաշինական խորհրդի կողմից այդ երեւույթի դեմն առնելու։ Ներկաները վստահ էին, որ Լ. Թոքմաջյանը ուր ասես կդիմի դրանք տեղադրելու համար. «Արվեստանոցում մի երկու գործ ա ունեցել, բերել-ասում ա՝ որտե՞ղ դնեմ»,- կողքինին շշնջաց մեկը։ Հուսանք, որ նորանշանակ քաղաքապետն իր խոստումը կկատարի, երբ ասաց, թե առանց Քաղաքաշինական խորհրդի որոշման որեւէ որոշում չի կայացվի։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել