Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ, ի պաշտպանություն «21-րդ դար միջազգային անկախ ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանի, հրավիրվել

Փետրվար 03,2001 00:00

Պահանջում էին դադարեցնել կալանքը Երեկ, ի պաշտպանություն «21-րդ դար միջազգային անկախ ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանի, հրավիրվել էր հերթական մամուլի ասուլիսը Ա. Վարդանյանի կնոջ եւ նրա փաստաբանի կողմից։ Լրատվամիջոցներից բացի, հրավիրվել էին մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ եւս. «Արժանապատվություն» (Հրայր Մարգարյան), «Հելսինկյան ընկերակցություն» (Ավետիք Իշխանյան), «Մարդու իրավունքների համար» (Կարո Աղաջանյան), «Հայոց տուն» (Վարդան Պետրոսյան) եւ ՍԻՄ-ից իրավապաշտպան Արմեն Ջավադյանը։ Վարդան Պետրոսյանը գնահատելով հիվանդ կալանավորի վիճակը՝ հայտնեց, որ օր օրի նրա առողջությունը քայքայվում է, «չեն գործում երեկվանից նիտրոգլիցերինը, դեղերը, վիճակը թեթեւացնելու նպատակով օգտագործվում են թմրամիջոցներ»։ Իրավապաշտպանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց հայտնի է դարձել իշխանությունների մտադրությունը Ա. Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, եւս մեկ ամսով երկարացնելու մասին։ «Այսօր կալանքի տակ պահելն ինքնըստինքյան անօրինականություն է»,- ասաց նա եւ ապա իրավապաշտպանների անունից հայտնեց, որ իրենք պահանջում են դադարեցնել անօրինական կալանքը։ Տիկին Վարդանյանը ստեղծված վիճակի մեղավոր համարեց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նրա գնահատմամբ՝ թե քննիչ է, թե դատավոր, թե բռնակալ։ «Երեւի պիտի մեռնի, հա՞, ամուսինս, որ դադարեցնեն հետեւողական մարդասպանությունը, հետապնդումները»,- ասում էր նա։ Ավետիք Իշխանյանի գնահատմամբ՝ դասական իմաստով վերջին տարիների միակ քաղբանտարկյալն է Արկադի Վարդանյանը, որին պաշտպանելու ձայն չեն բարձրացնում մտավորականներն ու կուսակցությունները, քանի որ Ա. Վարդանյանն իրենց կուսակցության անդամը չէ, յուրային չէ (ասուլիսից առաջ մեզ բաժանվել էր «ՀԳՄ մի խումբ անդամների հայտարարությունն»՝ ուղղված գլխավոր դատախազին կալանքը փոխելու խնդրանքով. ստորագրել էին անգամ Աբգար Ափինյանը, Հարություն Հովնաթանը, Միսաք Հովենցը, Վազգեն Առաքյալը… որից, հավանաբար, տեղյակ չէր կամ Ա. Իշխանյանը եւ կամ նրանց… մտավորական… մեղա՛, մեղա՛, չէր համարել)։ Արմեն Ջավադյանն իր հերթին տեղեկացրեց, որ պատրաստվում է պահանջել հանրապետության գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի հրաժարականը։ Ի դեպ, գլխավոր դատախազի հարցում նկատվեց տարակարծություն իրավապաշտպան Վ. Պետրոսյանի մոտ, որին, երբ լրագրողները «բռնացրին» դատախազի փափուկ բարձը գլխի տակ պահելու մեջ, հարցրեց. «Ես մեղավո՞ր եմ, որ նա պարկեշտ մարդ է»։ Իմիջիայլոց, Ա. Վարդանյանի կալանքը երկարացնելու մասին գործը կլսվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Պ. Օհանյան) եւ՝ առանց նրա մասնակցության։ Սահմանադրությամբ անձն իրավունք ունի մասնակցելու դատական այն նիստերին, որտեղ քննարկվում է իր հարցը։ «Եթե դատը տեղի ունենա առանց Ա. Վարդանյանի, ապա պետք է պատասխան տա Ռոբերտ Քոչարյանը»,- պնդում էին հավաքի մասնակիցները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել