ԱՅՍ ԱՍՏԻՃԱՆԻ ԱՐԺԵԶՐԿՈ՞ՒՄ ԼՂ-ում ընթացող դատավարությունը՝ ընդդեմ Սամվել Բաբայանի, մի կարեւոր փուլ բոլորեց. ներկայացվեցին մեղադրանքները։ Թերեւս ոմանք, գոնե մեղադրանք ներկայացնողները, հավատում են իրենց վկայակոչած փաստերին, տրամաբանությանը եւ արվող եզրահանգումներին։ Այլք ֆարս են համարում այդ դատավարությունը, գուցեեւ ներքուստ գոհունակություն ապրելով, որ իր ունակություններին եւ հասարակական դիրքին անհարիր թռիչք գործած Սամվել Բաբայանը, այնուամենայնիվ, գահավեժ է արվում։ Այն, ինչ կատարվում է Սամվել Բաբայանի հետ, արտացոլում է Հայաստանի, գուցե ընդհանրապես հայության, բարոյահոգեբանական կաթվածահարությունը։ Ի՞նչ է նշանակում մարտական կոչումները, շքանշանները եւ տիտղոսները ետ վերցնել։ Դրանք նվիրվե՞լ են Սամվել Բաբայանին։ Ո՞վ է նվիրել եւ ի՞նչ իրավունքով։ Իսկ եթե այդ պարգեւները շնորհվել են Սամվել Բաբայանին իր անցած մարտական ուղու համար, ապա, ներեցեք, անցյալը հնարավոր չէ սրբագրել։ Որ ԼՂՀ ինչ-որ դատախազ կամ նույնիսկ դատախազական կառույց պահանջեն շնորհազրկել Սամվել Բաբայանին՝ սպասելի է։ Բայց ինչպե՞ս են դրան վերաբերվելու ԼՂՀ երբեմնի քաղաքական ղեկավարները, այդ թվում՝ ներկայումս ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը։ Չէ՞ որ այդ պարգեւները, կոչումներն ու շքանշանները ինքն էր շնորհել Սամվել Բաբայանին, ինչպես եւ տասնյակ ուրիշ անձանց, որոնց գործունեությունը մարտադաշտում գնահատվել է իբրեւ սխրանք։ Այժմ պարզվեց՝ մեդալի հակառակ կողմի հետ գործ ունենք. մարտական սխրանքներ, որոնք մեկ այլ պարագայում դրսեւորվում են իբրեւ ահաբեկչության համարձակություն, որ կարծես թե քողարկել են իշխանատենչություն եւ այդպես շարունակ։ Եթե Սամվել Բաբայանը իսկապես շնորհազրկվի, բոլորը կսարսափեն վերջին տասնամյակի մեր պատմությունից։ Անհամեմատ գերադասելի է չունենալ հերոսներ, քան այդ հերոսներին երբեւէ ստորացնել։ Սամվել Բաբայանի առնչությամբ ավելի քան ցանկալի կլինի, որ լրագրողների ծաղրուծանակին արժանացող դատավարական ընթացքը պատշաճ օրինականություն ձեռք բերի եւ հանրությանը վստահություն ներշնչի, թե դատարանի դահլիճում արդարությունն է հաստատվելու։ Իսկ Արցախյան պատերազմի ընթացքում մեծարանքի արժանացած մյուս մարտական գործիչները, լինեն նրանք գեներալներ կամ ազգային հերոսներ, գուցե իրենց հարցնեն՝ արժանի՞ են արդյոք այդ կոչումը կրելու։ Գուցե ինքնակա՞մ հրաժարվեն։ Այլապես ո՞վ գիտե, թե ժամանակի եւ քաղաքական կոնյունկտուրայի ոլորաններում ինչ-որ պահի էլ իրենց նման պատվազրկում եւ ստորացում չի վիճակվի։ Իսկ մարդուն պատվազրկել եւ շնորհազրկելը, այն էլ պետության անունից, եւ անվայել է, եւ անմարդկային, եւ խորապես հիասթափեցնող։ Մանավանդ, երբ շնորհազրկելու որոշում են կայացնում անձինք, որոնք որեւէ ժամանակ, որեւէ շնորհի արժանանալու նախադրյալ էլ չեն ունեցել։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ