Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոստան-Ույուտ» ՍՊԸ-ն միացավ այն վեց ձեռնարկություններին, որոնք ստացել են ստանդարտների ազգային ինս

Փետրվար 03,2001 00:00

Հույսի դո՞ւռ, թե՞ վստահության լուսամուտ «Եվրոստան-Ույուտ» ՍՊԸ-ն միացավ այն վեց ձեռնարկություններին, որոնք ստացել են ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից շնորհվող «ՀՍՏ ԻՍՕ 9002-98» սերտիֆիկատը։ Եւ եթե նախորդ 6 ընկերությունները արտադրանք տվող ընկերություններ էին, ապա «Եվրոստան-Ույուտն» առաջինն է, որ մատուցում է նաեւ ծառայություններ (տուրիզմ, ավիատոմսերի վաճառք) ու այդ ոլորտում եւս ապահովում է որակի համակարգ։ Ի դեպ, «ԻՍՕ 9002»-ը հավաստում է, որ ընկերությունը, որը ստացել է այս սերտիֆիկատը, ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները՝ որակյալ արտադրանք տալու։ Սերտիֆիկատը տրվում է երեք տարով եւ յուրաքանչյուր տարի սերտիֆիկատը շնորհող մարմինը՝ ստանդարտների ազգային ինստիտուտը (ավելի կոնկրետ՝ որակի համակարգերի սերտիֆիկացման բաժինը), պարտավոր է վերահսկել ձեռնարկության որակի համակարգերի համապատասխանությունը՝ ԻՍՕ-յի չափանիշներին։ Եվ եթե արդյունքները դրական են (այսինքն, որակի համակարգը պահպանվում է), սերտիֆիկատի ժամկետը մեխանիկորեն երկարաձգվում է։ «ԻՍՕ 9002»-ի նշանը չի կարող տեղադրվել ապրանքի կամ փաթեթավորման վրա, այլ միայն՝ ուղեկցող փաստաթղթերի եւ գովազդային համակարգերի վրա։ «Եվրոստան-Ույուտին» սերտիֆիկատը շնորհվել էր 2001թ. հունվարի 15-ին եւ երեկ այդ առիթով ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունում կայացավ սերտիֆիկատը հանձնելու հանդիսավոր արարողությունը։ Ինչպես պարզվեց տեղում անցկացրած «Առավոտի» հարցումներից, ներկաներից շատերն էին վստահում «վստահության դուռ, հույսի լուսամուտին»։ Մեր հարցին «Երբեւէ առիթ ունեցե՞լ եք օգտվելու «Եվրոստան-Ույուտի» ծառայություններից», պատասխանները հետեւյալն էին. Անդրանիկ Մարգարյան, ՀՀ վարչապետ, 40-ն անց- Մեր տանը՝ ոչ, բայց ձեռնարկություններում տեսել եմ այդ արտադրանքը եւ շատ գոհ եմ։ Հիմա նոր քննարկում էի Կ. Ճշմարիտյանի հետ, եթե փորձենք նախարարությունում (առեւտրի եւ արդյունաբերության) «Եվրոստան-ույուտի» արտադրանքն օգտագործել, ապա ծախսերն ավելի քիչ կլինեին, քան թե այսօր մենք ջեռուցման համար ծախսում ենք։ Կարեն Ճշմարիտյան, ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարար, 30-ն անց- Դեռ ոչ։ Բայց որակին լրիվ վստահում եմ, որովհետեւ դա են վկայում մեր բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները եւ այն բոլոր շինարարական ընկերությունները, որոնք օգտվում են «Եվրոստան-Ույուտի» ծառայություններից։ Ծրագրում ենք նաեւ նախարարության համար որոշ բաներ։ Այս շենքը հերմետիկություն է պահանջում, իսկ «Եվրոստանը» դա կարող է ապահովել։ Արսեն Ղազարյան, Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահի պաշտոնակատար- Ոչ թե օգտվել եմ, այլ իրենց համար իրականացրել եմ տրանսպորտային սպասարկում։ Իմ մտերիմ-բարեկամներն օգտվել են, բավականին գոհ են։ Ռազմիկ Մարտիրոսյան, ՀՀ սոցապ նախարար- Առայժմ ոչ։ Բայց հուսով եմ, որ դեռ առիթ կունենամ օգտվելու, քանի որ որակի վրա վստահ եմ։ Զարեհ Սարգսյան, պետական գնումների գործակալության պետ- Օգտվել եմ արդեն եւ շատ գոհ եմ։ Մեր տան դռներն ու լուսամուտները «Եվրոստան-Ույուտի» արտադրանքն են։ Գարեգին Նուշիկյան, «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ- Այո, իհարկե, օգտվել եմ։ Դեռ 95-96թթ. կարծեմ նոր էր ստեղծվել «Եվրոստանը», մենք համատեղ աշխատել ենք եւ շատ հաճախ ենք գործնական առումներով շփվում։ Շատ ուրախ եմ նրանց համար։ Այսքան շռայլ գովեստներից հետո մեզ մնում էր միայն «Եվրոստան-Ույուտի» գործադիր տնօրեն Արայիկ Բադեյանից հետաքրքրվել՝ որքանո՞վ են «Եվրոստանի» արտադրանքն ու ծառայությունները մատչելի։ – Գործունեությունը սկսելու սկզբնական փուլում (95-ից) մեր արտադրանքից օգտվում էին հիմնականում բանկերը, դեսպանատները, միջազգային ընկերությունները։ Բայց վերջին երկու տարում բնակչության համարյա բոլոր խավերը կարողանում են օգտվել մեր ծառայություններից, բայց դրանից մեր որակը ոչ միայն չի ընկել, այլեւ ավելի կատարելագործվել է։ Հիմա մենք շատ մատչելի ենք։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել