ՀՀ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԲԱՐԵՓՈԽՎԵԼ «Կյանքի տեսությունը միայն վերեւից չլինի, ներքեւից էլ լինեն իմպուլսներ»,- կենսական այս ճշմարտությունը լրագրողներն իմացան (եւ կփոխանցեն սերունդներին) ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանից։ Բազմազբաղ նախարարը ուրբաթ երեկոյան մեկ ժամ գտել էր ոչ միայն այս ճշմարտությունը բարձրաձայնելու, այլեւ Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսագետ Լեւ Ֆրենկմանի հետ հայտարարելու կառուցվածքային բարեփոխումների չորրորդ վարկի (ՍԱԿ-4) բանակցային ընթացքի ավարտի մասին։ Կողմերը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության եւ ՀԲ-ի, վարկային ծրագրի արձանագրային էտապներից մեկի՝ վարկային պայմանների շուրջ եկել են համաձայնության, որի մասին փաստաթուղթը («Բանակցությունների համաձայնեցված արձանագրություն») պետք է ստորագրվեր անմիջապես մամլո ասուլիսից հետո։ Այս հանգամանքը պրն Խաչատրյանին հիմք է տալիս հուսալու, որ «երկիրը մտնում է իր բնականոն ընթացքի մեջ, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ վստահելի փոխհամագործակցության մեջ» (երեք ՍԱԿ-երը երեւի առանց վստահելու են տվել կամ այն հույսով, որ մի օր Վարդան Խաչատրյանն է լինելու ֆիննախարարը.- Ա. Գ.)։ ՍԱԿ-4-ը մոտավորապես 50 մլն դոլարի չափ է, մեր բյուջեով արդեն իսկ նախատեսված, տրվում է 40 տարով, 0,75 տոկոսադրույքով։ Այն տրվում է որոշակի պայմաններով, որոնք պետք է որ մինչեւ ԱԺ-ի կողմից դրա հաստատումը կատարված լինեն։ Ի դեպ, բացառության կարգով, ՍԱԿ-4-ը տրվում է ՍԱԿ-3-ի մեկ պայմանը՝ ԲԷՑ-երի սեփականաշնորհումը դեռ չկատարած։ Հետագայում այլ վարկեր չեն տրվի, մինչեւ այս պայմանը չկատարվի։ Լեւ Ֆրենկմանն այս վարկը անսովոր համարեց այնքանով, որ դրա շուրջ բանակցությունները տարվել են Երեւանում, ոչ թե Վաշինգթոնում։ Վարկի տրամադրումը ինչ-որ տարիֆների բարձրացում չի ենթադրում, այլ բիզնես մթնոլորտի բարելավում՝ թե օրենսդրորեն, թե վարչական արգելքների նվազեցմամբ, սոցիալական ապահովության, կրթական եւ առողջապահական, բանկային համակարգերի ռեֆորմներ։ Պրն Ֆրենկմանի կարծիքով, սրանք հնարավոր չէ դրսից պարտադրել, կառավարությունն ինքը պետք է ցանկանա։ Ներդրումային մթնոլորտը, ըստ պրն Ֆրենկմանի (որն իր հերթին հղում արեց վիճակագրությանը), 1997-ից մինչեւ հիմա չի փոխվել, տնտեսվարողները նույն պրոբլեմներին են հանդիպում։ Չնայած սա չի կարելի, ըստ նրա, մեկնաբանել այնպես, թե ոչինչ չի արվել։ Տեսանելի է, որ ներդրումներ արվել են, բայց դրանք արվել են ինքնըստինքյան, ոչ թե ներդրումային մթնոլորտի շնորհիվ, այլ հաճախ դրա հետ պայքարելով։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե կտրվի՞ արդյոք ՍԱԿ-4-ը, եթե ԲԷՑ-երն, այնուամենայնիվ, չսեփականաշնորհվեն, պրն Ֆրենկմանը հրաժարվեց պատասխանել՝ համարելով այն «քաղաքականապես ժամանակավրեպ, տնտեսապես՝ ոչ նպատակահարմար է»։ «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչպես է անդրադառնում ՀԲ-ի եւ ՀՀ կառավարության համագործակցությանը՝ վերջինիս կազմի պարբերական փոփոխությունների պայմաններում, Լեւ Ֆրենկմանն ասաց, որ կարեւորը՝ այստեղ կարողացել են պահպանել գոյություն ունեցող պայմանավորվածությունների ժառանգականությունը (իհարկե, փող վերցնելիս մեր կառավարությունը պահպանում է ժառանգականությունը, իսկ վերադարձնելի՞ս- Ա. Գ.)։ Մեր մտահոգությանը, թե արդեն շրջանառվում են միջազգային կառույցներում բավական լավ վարկ ունեցող ՀՀ սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանին պաշտոնանկ անելու մասին լուրերը, պրն Ֆրենկմանը պատասխանեց. «ՀՀ-ի ներքին գործն է՝ ունենալ այնպիսի կառավարություն, որը համապատասխանում է ընտրությունների արդյունքներին եւ երկրի Սահմանադրությանը»։ Սակայն անձերի փոփոխությունը, իհարկե, դրականորեն չի անդրադառնում։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ