Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալիստական ուժերի եւ մյուսների կլոր սեղանը

Փետրվար 03,2001 00:00

«Կայծից բոց կբռնկվի՞» Սոցիալիստական ուժերի եւ մյուսների կլոր սեղանը «Մենք գտնում ենք, որ Քոչարյանը ոչ թե պետք է հեռանա, այլ պետք է հեռացվի։ Քանի դեռ նա իր ձեռքում է պահել իշխանական լծակները, մնացածի մասին խոսելն ավելորդ է»։ «Հայոց տուն» կազմակերպության ղեկավար Վ. Պետրոսյանը սոցիալիստական ուժերի նախաձեռնությամբ հրավիրված կլոր սեղանի ժամանակ ասաց նաեւ, որ իրենց կազմակերպությունը նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Բ. Նազարյանին՝ խնդրելով ուսումնասիրել «Հոկտեմբերի 27»-ի գործը եւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Աղվան Հովսեփյանի եւ Սուրեն Աբրահամյանի դեմ քրեական գործ հարուցել։ Հանրապետությունում գործող սոցիալիստական ուժերը ակներեւաբար հիշել են «կայծից բոց կբռնկվի» կարգախոսը։ Բոլոր ելույթ ունեցողները քննադատում էին օրվա իշխանություններին եւ, որպես ստեղծված իրավիճակից ելք՝ առաջարկում էին համախմբվել եւ միասնաբար տապալել «երկրի ոչ լեգիտիմ իշխանությունը»։ Խոսակցությունն ընթանում էր երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի, «Հոկտեմբերի 27»-ի, Արկադի Վարդանյանի եւ այլնի շուրջ։ Ելույթ ունեցողներից մեկի պնդմամբ, եթե միասնաբար չպահանջվի ազատ արձակել Արկադի Վարդանյանին եւ եթե, Աստված մի արասցե, մարդու կյանքին մի բան պատահի, ապա «մեղավոր կլինենք բոլորս ճիշտ այնպես, ինչպես մեղավոր էինք «Հոկտեմբերի 27»-ը չկանխելու համար»։ ԱԺ պատգամավոր, ՀԿԿ անդամ Խորեն Սարգսյանի պնդմամբ՝ «Միայն մի դեպքում հաջողության կհասնենք, երբ ժողովուրդը դուրս գա։ Եթե ժողովուրդը դուրս չգա, հավատացեք, ոչ մի բանի չենք հասնի։ Մեզանում չկա մարդու իրավունքների պաշտպանություն, մեզանում պաշտպանվում է միայն մարդասպանի իրավունքը»։ Հովհ. Թոքմաջյանի («Մտավորական Հայաստան») կարծիքով. «Ոչ լեգիտիմ իշխանությունները դժբախտություն են ժողովրդի համար։ Եվ միամտություն կլինի կարծել, թե այսօրվա ղեկավարությունը կթողնի իշխանությունը»։ Դերասան Կարեն Ջանիբեկյանի ասելով՝ մտրակով էլ ծեծես, չեն գնա. «Տասը տարի անընդհատ խոսում ենք, բայց գործ չկա»։ Ստեղծված իրավիճակից ելքը, ըստ Կ. Ջանիբեկյանի առաջարկած դեղատոմսի՝ «հզոր ճակատի ստեղծումն» է։ Ինչը եւ երեկվա կլոր սեղանի մասնակիցները մտադիր էին իրականացնել։ Թե որքանով կհաջողվի, սա արդեն ուրիշ հարց է։ Եթե նկատի ունենանք մեր ազգային բնավորության որոշ առանձնահատկություններ, ապա շատերին հոգեհարազատ են կարապի, խեցգետնի եւ գայլաձկան թեմաները։ Եթե «Հոկտեմբերի 27» է՝ ապա պահանջատերը միայն ՀԺԿ-ն եւ «Երկրապահը» պետք է լինեն, եթե Աշոտ Բլեյան է՝ միայն մի խումբ ուժեր, Արկադի Վարդանյանի պարագայում՝ կրկին նույնը։ Թերեւս, հենց սա նկատի ուներ պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանը, որն իր խոսքում ասաց, թե «Հոկտեմբերի 27»-ը միայն ՀԺԿ-ի եւ «Երկրապահի» խնդիրը չէ, այլ պետք է լինի ամբողջ ժողովրդի խնդիրը։ Հավաքն ընդունեց բանաձեւ, որով փաստեց իր կայացումը, եւ այն հիմնական ուղղությունները, հանուն որոնց իրականացման պետք է պայքարել։ Բանաձեւում նշված կարեւորագույն հարցերն էին «Ռուսաստան-Բելառուս»-ին անդամակցության, «Հոկտեմբերի 27»-ի դատավարության, Արկադի Վարդանյանին ազատ արձակելու հարցերը։ Ներկաները հրապարակեցին, որ իրենք սկսում են հրապարակային լսումների գործընթացը եւ որ պատրաստ են բոլոր սոցիալիստական ուժերի հետ համատեղ միասնական ծրագիր կազմել երկիրն այս վիճակից հանելու։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել