ՎԱՏԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Իշխանափոխության երեք տարին 97-ի գարնանը, ՀՀ վարչապետ դառնալուն պես, Ռոբերտ Քոչարյանը կիրառեց պալատական խարդավանքների իր անվիճելի տաղանդը՝ նախագահի «տակը փորելու» եւ սեփական ամբիցիաները բավարարելու համար: Արդյունքում իշխանությունը պառակտվեց՝ նրանից առանձնացավ պակաս մտավորական եւ առավել գավառական ու անգրագետ մասը, որը 98172ի փետրվարի 3172ին պալատական հեղաշրջում իրականացրեց: Ժողովրդի զգալի մասը ոգեւորությամբ ընդունեց Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Սակայն հետագա երեք տարվա ընթացքում չբարելավվեց սոցիալ-տնտեսական վիճակը, չլուծվեց ղարաբաղյան հիմնահարցը, շարունակվեցին մարդկանց քաղաքական հետապնդումները (ընդ որում Արկադի Վարդանյանի դեպքում՝ սադիզմի ակնհայտ դրսեւորումներով), տեղի ունեցան ուժային բարձրաստիճան պաշտոնյաների չբացահայտված սպանություններ եւ «Հոկտեմբերի 27-ը», որոնց պատասխանատվությունը, անկախ մեղսակցության աստիճանից, կրում է Քոչարյանի վարչակազմը: Այդ ոչ այնքան բարվոք վիճակի տակից դուրս գալը օբյեկտիվորեն շատ բարդ խնդիր է: Ավելի գայթակղիչ է գնալ նվազագույն դիմադրության ճանապարհով: Նախագահ դարձած նախկին պարտկոմի երեւակայությունը աշխատում է հիմնականում «քարոզչական ուղղությամբ»: Քոչարյանն ավելի խելամիտ եւ օգտակար զբաղմունք չի գտել, քան իր քարոզչամիջոցների ու քաղաքական արբանյակների միջոցով սեւացնել երկրի անցած 10 տարին եւ ստեր տարածել իր նախորդի մասին: Սուտ է, որ Հայաստանի առաջին նախագահը պատրաստվում էր Ղարաբաղը հանձնել ազերիներին, ճիշտ հակառակը՝ չլիներ Տեր-Պետրոսյանն իր զինակիցներով, չէր լինի ազատագրված Արցախը: Սուտ է եւ զրպարտություն, որ առաջին նախագահը զբաղված էր «թալանով» եւ հսկայական հարստություններ է կուտակել: Մյուս կողմից՝ հասարակական եւ քաղաքական այն հոռի բարքերը, որոնք իշխում են այսօր, 98-ի փետրվարի 3-ին չեն ստեղծվել: Ըստ այդմ, ճիշտ է, որ 7 տարում չէր կառուցվել ուժեղ, ժողովրդավարական պետությունը, որի գոյությանը կբացառեր փետրվարի 3-ի հեղաշրջումը: Ճիշտ է, որ դաշնակցությունը փակելը չարդարացված եւ հակաժողովրդավարական քայլ էր: Ճիշտ է, վերջապես, որ անցումային շրջանում ծաղկում էր եւ այսօր շարունակում է ծաղկել չինովնիկների կոռուպցիան եւ կամայականությունը, իսկ մասնավոր բիզնեսի հաջողությունները պայմանավորված էին եւ են բացառապես իշխանավորների բարեհաճությամբ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Զարմանալի է, սակայն, Ռոբերտ Քոչարյանի անսահման ցինիզմը, երբ նա իրեն «նախկին իշխանություն» չի համարում, եւ իր քաղաքական ու քարոզչական սպասավորների միջոցով ամեն օր փնովում է այն համակարգը, որի ստեղծմանը մասնակցում էր: Հետաքրքիր է, ո՞վ 1991-1998 թթ. ուներ հարստանալու ավելի մեծ հնարավորություններ ու անվերահսկելի տնտեսական լծակներ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նը, թե՞, ասենք, Արա Սահակյանը կամ Տեր-Հուսիկ Լազարյանը: Ո՞վ է այդ երկու զույգից ավելի «նախկին հանցավոր ռեժիմ»: Մի հատկանշական օրինակ: Ինչպես ընդունված է ասել, «ցրտի եւ մթի տարիներին» մազութի մեծ քանակություն Սարատովից տեղափոխվել էր Փոթի՝ հետագայում Հայաստան բերվելու նպատակով: Սակայն մի պաշտոնյայի «ջանքերով» մազութը վաճառվեց Թուրքիայում, որի շնորհիվ հիշյալ պաշտոնյան ստացել է աստղաբաշխական մի գումար: Արժե՞ ասել, որ այդ պաշտոնյան այսօր էլ շարունակում է բարձր դիրք գրավել եւ նրա անունը երբեք չի հիշատակվում որպես «հանցավոր ռեժիմ»՝ ընդհանրապես նրա մասին չի խոսվում քաղաքական կոնտեքստում: Երբեմն մտածում ես՝ գուցե քոչարյանական քարոզիչները դիտմա՞մբ են «կեղծ հետք» ցույց տալիս, որպեսզի չբացահայտվեն իսկական հանցագործները: Երբ ժողովուրդը ծանր վիճակում է, նրան, բնականաբար, թշնամու կերպար է պետք: Առաջ ամեն մի ընդդիմախոսի մեջ թաքնված «դաշնակ» էին ման գալիս, այսօր իշխանավորներին չփառաբանող մարդուն «ՀՀՇ-ական» են հանում, կամ, լավագույն դեպքում, «ռեւանշիստների ջրաղացին ջուր լցնող»: Հակադաշնակցական պարանոյային փոխարինեց հակահհշական պարանոյան։ Այդպես, իհարկե, ավելի հեշտ է ապրել: Ընդդիմախոսիդ փաստարկները բանական մակարդակով քննարկելու համար անհրաժեշտ է խելք եւ կուլտուրա, որոնցից ներկայիս քաղաքական եւ հասարակական վերնախավը զուրկ է: … Միջազգային համաժողովներից մեկում Չինաստանի ղեկավարին կեսկատակ հարցրին՝ ինչպես է նա գնահատում 18-րդ դարի վերջին տեղի ունեցած Ֆրանսիական մեծ հեղափոխության արդյունքները: Չինացին պատասխանեց. «Այդ արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է»: Հակված եմ մտածել, որ նա չէր կատակում՝ երկու դարն ի՞նչ է պատմության համար: Էլ ի՞նչ խոսենք 3 տարվա մասին: Այնպես որ, չշտապենք: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ