Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանում հայտարարեց Աշոտ Բլեյանը։ Խոսքը նաեւ այն պայմանների

Փետրվար 03,2001 00:00

«ԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ՄՆԱԼ ԲՌՆՈՒԹՅԱՆ, ԽՈՇՏԱՆԳՄԱՆ, ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ» Վերաքննիչ դատարանում հայտարարեց Աշոտ Բլեյանը։ Խոսքը նաեւ այն պայմանների մասին էր, որոնցում նա պահվում է Նուբարաշենի մեկուսարանում։ Բայց ոչ միայն։ Աշոտ Բլեյանը նախ պատմեց, թե ինչպես են իրեն հասցրել դատարան՝ 8 ավտոմատավորների ուղեկցությամբ, ձեռնաշղթաներով, «Ուրալ» բեռնատարի մեջ։ Հետո նրան ժամուկես պահել էին մի խցում, որ ավելի նման էր խոզանոցի։ Հիշեցնենք, որ այս ամենն արվում է մեկի նկատմամբ, որի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ դեռ չկա, այսինքն՝ անմեղ մարդու նկատմամբ։ Բլեյանը նաեւ հայտարարեց, որ մեկուսարանում իրեն խուզարկում են անընդհատ, առանց հանձնարարության բժշկական ստուգման են ենթարկում, թույլ չեն տալիս նամակագրական կապ պաշտպանել կնոջ հետ եւ այլն։ Դատարանում էլ, վերաքննիչ բողոքի քննության առաջին պահերին իսկ, մի խախտում արձանագրվեց։ Ուղեկցող ավտոմատավոր զինվորը սպառնալիքներով արգելել էր Բլեյանին խորհրդակցել իր պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի հետ։ Չնայած օրենքով նա փաստաբանի հետ առանձին, անարգել հանդիպումների իրավունք ունի։ Վերաքննիչ բողոք էր ներկայացրել նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գլխավոր հաշվապահ Ռիմա Պողոսյանը, որն, ի դեպ, գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Վերաքննիչ դատարանում Բլեյանի եւ Ռիմա Պողոսյանի դեմ մեղադրանքը պաշտպանում են նույն անձինք, ինչ առաջին ատյանի դատարանում՝ Ղուկասյանը, Տիգրանյանը, Ստեփանյանը։ Բլեյանը նրանց դեմ առայժմ բացարկ չհայտնեց, քանի որ այդ եռյակի վերաբերյալ այլ ծրագրեր ունի. «Նրանք արդարադատության դեմ հանցագործություն են կատարել։ Ով էլ այս մեղադրանքը պաշտպաներ՝ պիտի հանցագործ դառնար։ Նրանք դատարանի դահլիճից են կալանավորվելու։ Իսկ այսպես՝ կգտնվեն իմ հսկողության տակ ու նոր հանցանքներ չեն գործի»։ Պետական մեղադրողները որեւէ կերպ չէին արձագանքում այս ամենին։ Սակայն առավել արտառոցն այն էր, որ նաեւ գրավոր առարկություններ չէին ներկայացրել Բլեյանի եւ Պողոսյանի վերաքննիչ բողոքների դեմ։ Այսինքն, կարելի՞ է ենթադրել, որ նրանք համաձայն են շարադրված փաստարկներին եւ եզրահանգումներին։ Կողմերից որեւէ մեկը միջնորդություն էլ չներկայացրեց նոր ապացույցներ պահանջելու վերաբերյալ։ «Հետազոտված ապացույցները լրիվ բավարար են իմ անմեղությունն ապացուցելու համար»,- ասաց պրն Բլեյանը։ Արարողակարգային հարցերը սպառելուց հետ ո ձայնը տրվեց Աշոտ Բլեյանին, որ ներկայացնի իր վերաքննիչ բողոքի հիմնավորումները։ Դրանք ծավալուն էին այնքան, որ ելույթը ձգվեց մինչեւ նիստի վերջը։ Սակայն մեջբերենք միայն դատավոր Իսկուհի Վարդանյանի վճռին վերաբերող հատվածները։ «Դատավորը դատավճռում չլսել-չտեսնելու է տվել իմ անմեղության ապացուցումը, իմ մեղավորության հերքումը»,- ասաց պրն Բլեյանը։ Նա պնդում էր, որ գործի փաստական հանգամանքների մասին դատավճռում շարադրված հետեւությունները չեն համապատասխանում 1-ին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին։ Ի դեպ, հիշեցվեց, որ Իսկուհի Վարդանյանը դատաքննության 11 ամիսների ընթացքում միշտ հետաձգում էր Բլեյանի միջնորդությունները՝ խոստանալով դրանց անդրադառնալ դատավճռում։ Սակայն բազմակի խոստումներին հակառակ՝ «դատավճռում իմ բողոքների եւ հայտարարությունների ստուգման նշույլ անգամ չես գտնի»։ Աշոտ Բլեյանը ուշադրություն հրավիրեց նաեւ մի հանգամանքի վրա. «Դատավճռում միայն կարդում ենք. «Ամբաստանյալ Ա. Բլեյանի պատճառաբանությունները մասամբ անհիմն են», մեկ էլ՝ «Ամբաստանյալի արարքները հիմնավորված են նաեւ գործում եղած մնացած տվյալներով»։ Նրա եզրակացությամբ, հիմա պիտի գուշակությամբ որոշենք, թե Իսկուհի Վարդանյանը որ պատճառաբանություններն է անհիմն համարել եւ որը հիմնավոր կամ որոնք են այդ մնացած տվյալները. «Ալարե՞լ է գրել։ Բա 60 օր ինչո՞վ էր զբաղված»։ Չնայած Աշոտ Բլեյանը սրտնեղեց, թե՝ «Էս հիմար, փուչ գործն իմ իրավական մոտեցմամբ ես լրջացրի», այնուամենայնիվ, հայտարարեց. «Ես ստիպված եմ սկսել ամեն ինչ նորից, կարծես 11-ամսյա դատաքննությունը չի եղել, չեն եղել 150 դատական նիստերը եւ ես ցույց կտամ, որ դատավորին ղեկավարել են անպատասխանատվությունն ու անօրինականությունը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել