Լրահոս
Օրվա լրահոսը

Դիպլոմը հիմք չէ

Փետրվար 02,2001 00:00

Դիպլոմը հիմք չէ Խմբագրություն դիմած քաղաքացուհուն (ընտանեկան նպաստից զրկվելու մտավախությամբ նա չցանկացավ հրապարակել իր անունը) խիստ անհանգստացրել էր այն հանգամանքը, որ սոցիալական ծառայության Կենտրոն համայնքի տարածքային կենտրոնից ընտանեկան նպաստ ստանալու համար պահանջել էին կամ դպրոցի, կամ բուհի ավարտական վկայականը։ – Ես ի՞նչ անեմ, ինքս 40 տարի պոլիկլինիկայում բժիշկ եմ աշխատել։ Ամբողջ կյանքս ապրել եմ աշխատավարձից աշխատավարձ։ Միշտ հպարտացել եմ իմ մասնագիտությամբ, հիմա սարսափում եմ։ Ես շատ լավ գիտեմ, թե բժիշկների մասին ի՛նչ կարծիք է տարածված հասարակությունում։ Բոլորը կարծում են, թե բժիշկները կաշառակերներ են եւ անգամ մեկ դեղահաբ դեղ առանց փողի չեն տա հիվանդին։ Հիմա ահուդողի մեջ եմ՝ մտածում եմ, եթե դիպլոմս ներկայացնեմ՝ կկարծեն, թե ամբողջ կյանքս գռփել-կերել եմ ու ինձ ընտանեկան նպաստից կզրկեն։ Բայց չէ որ ես միայնակ թոշակառու եմ, որը հիմա էլ ապրում է (եթե, իհարկե, կարելի է դրան ապրել համարել) թոշակից թոշակ,- սրտնեղած պատմում էր միայնակ թոշակառուն։ Այս հարցը պարզելու համար դիմեցինք սոցիալական ծառայության Կենտրոն համայնքի տարածքային կենտրոն։ Մեզ չհաջողվեց աշխատատեղում գտնել կենտրոնի տնօրեն Տալիթա Մանսուրյանին։ Կենտրոնի տեսուչներից Կարինեն (նա այդպես ցանկացավ ներկայանալ) տեղեկացրեց, որ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու համար սոցիալական տարբեր խմբերից տարբեր փաստաթղթեր են պահանջում (ասենք, եթե ծնողազուրկ երեխա է՝ ծնողների մահվան վկայականը, եթե գործազուրկ է՝ գործազրկության կենտրոնից վկայական)։ Տեսուչ Կարինեն տեղեկացրեց, որ համաձայն «Ընտանեկան աղքատության մասին հրահանգի»՝ պահանջվում է նաեւ վկայական կրթության վերաբերյալ։ Նա ընդգծեց, որ այդ փաստաթուղթը չի ազդում ընտանիքի կարիքավորության միավորի վրա։ Ավելին, տեսուչ Կարինեի կարծիքով, այդ հանգամանքը նույնիսկ կարող է դրական դեր խաղալ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու հարցում (այն տրամաբանությամբ, որ բարձրագույն կրթությամբ քաղաքացին այժմ սոցիալապես վատ վիճակում է հայտնվել)։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել