«ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԱՐԴՅՈՒՆՔԸ Օրերս Հայաստանում «OPT»-ի լիազոր ներկայացուցիչ «Էկոնտե» ընկերությունը «OPT»-ի գործադիր տնօրենին հասցեագրած նամակում նշել է, թե հեռուստաընկերության ծրագրերի մետրային հաճախականությամբ հեռարձակման կասեցման պաշտոնական բացատրությունը որեւէ կապ չունի իրականության հետ: Առավել եւս, չի հակասում վերջերս ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքին, ինչպես նրանք պնդում են։ «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ օրերս «Ռուսաստանի հանրային հեռուստաընկերությունը» նամակ էր հղել «Հայաստանի հեռուստացանց» (ՀՀՑ) ընկերության տնօրեն Ռոբերտ Հարությունյանին, եւ իր մտահոգությունը հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, խնդրել էր պարզաբանումներ տալ OPT-ի հեռուստահաղորդումների՝ մետրային հաճախականությամբ հեռարձակումը դադարեցնելու առնչությամբ։ «OPT»-ի ղեկավարությունը նաեւ հույս է հայտնել, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, ինչը հնարավոր է պարզաբանել «Էկոնտեի» եւ «ՀՀՑ»-ի բանակցությունների միջոցով, իսկ մինչ այդ խնդրել է վերականգնել մետրային հաճախականությամբ հեռուստաընկերության ծրագրերի հեռարձակումը՝ նշելով. «Առավել եւս, որ մեր այս դիրքորոշմանը լիովին աջակցում է նաեւ ՌԴ գործադիր իշխանությունը»։ Արդեն հայտնի է, որ գրեթե միաժամանակ խնդրի առնչությամբ ՌԴ արտգործնախարարությունն է բողոքի նոտա ներկայացրել հայաստանյան իշխանություններին, որը դեռեւս անպատասխան է մնում։ ՀՀ ԱԳՆ-ում զարմանալիորեն հանգիստ են վերաբերվում սրան՝ նշելով, թե դա սովորական գրագրություն է եւ ոչ թե բողոք, ավելին՝ որեւէ կերպ չի կարող ազդել երկու երկրների հարաբերությունների վրա։ ԱԳՆ-ի առաքելությունն այս հարցում ավարտվել է նրանով, որ ՌԴ իշխանությունների բողոքի նոտան փոխանցել է ՀՀ նախագահի աշխատակազմին։ Մենք կապվեցինք «OPT»-ի Հասարակական կապերի վարչության պետ պարոն Բոգոմոլովի հետ։ Վերջինս, իր դժգոհությունը հայտնելուց բացի, ասաց, թե հեռուստաընկերությանն, իհարկե, չի կարող բավարարել իր հաղորդումների դեցիմետրային հաճախականությամբ հեռարձակումը։ Այն դիտվում է իբրեւ ժամանակավոր եւ միջանկյալ քայլ՝ մետրային հաճախականություն վերադառնալու համար։ Իսկ Հայաստանում չեն շտապում անդրադառնալ այս խնդրին։ Կապի նախարարությունից հայտնի դարձավ, որ խնդրո առարկայի շուրջ առայժմ ոչ մի բանակցություն էլ չի ընթանում։ Ըստ ստացված տեղեկությունների, ՀՀՑ-ն «OPT»-ի հետ իր հաշիվները մաքրած է համարում։ ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Վլադիմիր Տկաչովն ասաց, թե իրենց համար հայաստանյան իշխանությունների այս քայլն անակնկալ է եղել։ «Այս առնչությամբ մեր տեսակետը արտահայտված է ՌԴ ԱԳՆ-ի բողոքի նոտայում եւ այն կարող եք մեկնաբանել, ինչպես ուզում եք»,- անդրադառնալով հարցի քաղաքական ենթատեքստին՝ ասաց պարոն Տկաչովը եւ հույս հայտնեց, թե տեղի ունեցածը շուտափույթ կհարթվի։ «Ես առայժմ ձեռնպահ կմնամ այս քայլը քաղաքական համատեքստում մեկնաբանելուց։ Առայժմ սպասում ենք հայկական կողմի պատասխանին»,- նշեց Վլ.Տկաչովը։ «OPT»-ի հեռարձակման հարցը, այնուամենայնիվ, քաղաքական շարժառիթներ ունի ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքում ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակման կասեցումն էր։ Այն, ըստ ամենայնի, պատասխանն է ՌԴ նախագահ Պուտինի՝ հատկապես հունվարին Բաքու կատարած այցին եւ ծաղկեպսակ դնելուն։ Հայաստանը, թերեւս, որոշել է ռուսներին ատամ ցույց տալ։ Բայց, ՀՀ նեղացած իշխանությունների համարձակությունը, հավանաբար, բավարարեց նրան, որ կասեցվեց «OPT»-ի հեռարձակումը։ Որ խնդիրը սոսկ տեխնիկական չէ, վկայում է նաեւ այն հանգամանքը, որ տվյալ դեպքում պարզապես գեղավարի խախտվել է 1997թ. հուլիսի 1-ի ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված եւ վավերացված միջկառավարական պայմանագիրը, որը ոչ ոք դեռեւս չեղյալ չի համարել։ Ինչ վերաբերում է մեր պաշտոնյաների բերած այն փաստարկին, թե «OPT»-ի հեռարձակումը հակասում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքին, ապա ՀՀ Սահմանադրության հոդված 6-ը երաշխավորում է, որ միջազգային պայմանագրերը Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են ու եթե դրանք եւ ՀՀ օրենքները հակասությունների մեջ են մտնում, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը։ Թե ինչով կավարտվի այս խուճուճ պատմությունը՝ դժվար է ասել։ Բայց, որ այս ամենից մեր երկրի հռչակած «կոմպլեմենտար քաղաքականության» հոտն է գալիս՝ ակնհայտ է։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ