Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խորհուրդ են տալիս՝ «հանգիստ թողնել իմ մեռելին»

Փետրվար 01,2001 00:00

Խորհուրդ են տալիս՝ «հանգիստ թողնել իմ մեռելին» Չորս տարի տանջվելուց հետո հասա նաեւ 3-րդ հանձնաժողովին։ Մինչեւ հանձնաժողովի կազմվելը հանդիպել եմ (մի քանի անգամ) եւ զրուցել ԱԺ պատգամավորներ Է. Խուդաբաշյանի, Ալ. Պետրոսյանի, Շ. Քոչարյանի հետ։ Նախագահի աշխատակազմի աշխատակից Ա. Ալարբեքյանի հետ եմ զրույց ունեցել, Վ. Դարբինյանի հետ եմ հանդիպել։ Վերջինս էլ զրույցից հետո որոշեց ինձ ուղարկել պրոֆեսոր Պ. Անանիկյանի մոտ։ Արդյունքը եղավ այն, որ բոլորը իրենց հերթին ինձ ուզում են համոզել, որ քույրս՝ Լաուրա Խաչատուրովան, բժիշկների մեղքով չի մահացել, որ հանգիստ թողնեմ իմ մեռելին, եւ որ ինքս էլ արդեն հոգեկան հիվանդ եմ դարձել։ Մի՞թե այդ պատգամավորները հոգեկան հիվանդի հետ կզրուցեին եւ կօգնեին, որ հասնեի 3-րդ հանձնաժողովին։ Երբ ստացա բժշկական մասնագիտական այդ հանձնաժողովի պատասխանը, որին անձամբ ներկա էր Պ. Անանիկյանը, ինձ մի պահ թվաց, որ իսկապես խելագարվում եմ։ Չեք պատկերացնի, թե ինչ կատարվեց ինձ հետ, երբ կարդացի, թե կենդանության օրոք ինչպիսի հիվանդություններ է ունեցել քույրս՝ ուղիղ աղիքի ադենոկուրցինոմա, հիպերտոնիա, աթերոսկլերոզ, աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզ, արգանդի միոմատոզ, ձվարանների պոլիկիստոզ… Եթե այդ հիվանդությունները համապատասխանում են իրականությանը, ապա ինչպես է նա առանց մի օր բացակայելու (գոյություն ունի պոլիկլինիկայի քարտը) աշխատել դասախոս։ ԱՆ պրոկտոլոգիայի ԳՀԻ-ում 3 տարի առաջ փետրվարի 25-ին մահացած քրոջս՝ Լաուրա Խաչատուրովայի մահվան հանգամանքներն ուսումնասիրելիս՝ հանձնաժողովը (Ա. Զեյնալյան, Պ. Անանիկյան, Ա. Մկրտչյան, Ա. Համբարձումյան, Գ. Անժելով, Ն. Վարդազարյան, Ս. Հովհաննիսյան, Ս. Գրիգորյան, ԱԺ պատգամավոր Ղ. Ուլիխանյան) ինձ մեղադրեց, որ «իմ բազմաթիվ դիմում-բողոքներում անընդհատ կրկնում եմ նույն մեղադրական հարցապնդումները»։ Հանձնաժողովը գտավ, որ քրոջս մահվան հասցրած բժիշկների նկատմամբ «սահմանված տույժերը եղել են բավականին խիստ (միգուցե եւ արդարացի)»։ Ինչո՞ւ 2-րդ վիրահատությունը կատարեցին առանց անվանի վիրաբույժ, ակադեմիկոս Լ. Նազարովի (արդեն հանգուցյալ), ինչո՞ւ հանգուցյալի ախտորոշումը ճիշտ չէր գրված մահվան տեղեկանքում, հարցրել էի ես եւ իմ «մեղադրական հարցապնդումներից» հանձնաժողովը հիշատակում էր նաեւ այն, որ պոլիկլինիկան 6 օր չի տվել տեղեկանք, հիվանդանոցը՝ նույնպես։ Այս բոլորը, իհարկե, ժխտեցին բժիշկները, գտնելով, որ ամեն ինչ հիվանդի նկատմամբ կատարվել է օրինական («Այստեղ ոչ մի խախտում եւ թույլ տված սխալ չկա»)։ Այդ դեպքում ո՞ւր է քույրս… եւ ինչո՞ւ տույժեր ստացան բժիշկները։ ՌՈԶԱ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել