Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկաններին զայրացնում է կալանավայրերից տեղեկատվական արտահոսքը

Փետրվար 01,2001 00:00

ՄԻ ԹԱՔՑՐԵ՛Ք ՀԱՑԱԴՈՒԼԸ Ոստիկաններին զայրացնում է կալանավայրերից տեղեկատվական արտահոսքը Հանգստացե՛ք, պարոններ։ Մենք «ձեր» կալանավորներին հաստատ ուտելու մտադրություն չունենք։ Եվ չենք ունեցել։ Ընդհակառակը, ձեզնից, ձեր «հումանիտար» ճանկերից փրկելու աննշան ճիգեր ենք արել, արժանանալով քրեականացված պաշտոնյաների իմաստազուրկ վրդովմունքին։ Իսկ այդ վրդովմունքը ծիծաղելի էր նույնքան, որքան այս կարգի հակահարվածները. «…ամբողջովին շեղվելով իրականությունից… չի կարողացել տեսնել կալանավայրերում գոյություն ունեցող եւ դեռեւս համապատասխան լուծում չստացած լուրջ խնդիրներն ու հիմնահարցերը, այլ զոռ տալով երեւակայությանը՝ փորձել է ստեղծել մի մտացածին պատկեր, որպեսզի հասարակության մեջ ատելություն առաջացնի կալանավայրերի նկատմամբ» («02», 49(497) 2000թ.)։ Մահապատժի կամերայում էլ, երբ քաղցկեղով հիվանդ տեսա (այն էլ՝ առողջների կողքին) եւ այդ մասին տեղեկացրինք հանրությանը, հետեւեցին նույն կարգի մեղադրանքները։ Հետո քաղցկեղով հիվանդը մահացավ, սկսվեցին արդարացումները։ «Արդարացան» ե՛ւ Արտուշ Ղազարյանին (ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի, Աֆղանստանի հերոս, փոխգնդապետ, բազմազավակ երեխաների հայր) հոշոտողները, ե՛ւ մեկուսարաններից աջուձախ թույն թափող դահիճները… դատապարտվեցին։ Հիմա էլ պարզվում է, բոլորը գիտեն, որ կալանավայրերում սպիդակիրներ կան, որ կոնկրետ Ճը կոչված բանտային կենտրոնական հիվանդանոցում նրանք 4-ն են։ Ես հասկանում եմ դատապարտված սպիդակիրներից այն երկուսին, որոնք ճարահատ իրենց շնորհակալությունը հայտնեցին… ղեկավարությանը («Պրոմեթեւս», 30.01.2001թ.)։ Եթե չասվեր՝ ի՞նչ իմանանք, թե ի՞նչ կարող էր տեղի ունենալ նրանց հետ… «Քույրեր եւ եղբայրներ, ոչ մի բուժում չենք ստանում, ներկայում ծանր ենք», կարդանք հաջորդ տողը կալանավայրից ուղարկած նամակի. «Ռուսաստանից եկել էի, որպեսզի «Արմենիկում» բուժում ստանայի։ 10 հազար դոլարը Դ.-ն (ՆԳ վարչության պետի տեղակալ) գրպանիցս հանեց ու յուրացրեց»։ Հաջորդ ահազանգը ընթերցենք. «Խնդրում ենք Ձեզանից՝ հետեւեք մեզ, մեր հետագա ճակատագրին։ Շնորհակալ ենք 24-ի «Առավոտ» թերթի 1-ին էջում գրվածի համար եւ նշեմ, որ ոչ մի բուժօգնություն չկա։ Վիճակներս օր օրի ծանրանում է»։ Ավելին՝ մենք ունենք եւս մի տեղեկատվություն, որը կփորձենք ճշտել. «Սպիդ հիվանդությամբ տառապողներից մեկը մահացավ»։ Ուրեմն ի՞նչ սենսացիայի մասին է խոսքը եւ ովքե՞ր են զայրացողները (նրա՞նք, որ ոչ հերքում եւ ոչ հաստատո՞ւմ են ասվածը)։ Հավանաբար զայրացողները նրանք են, ովքեր հենց իրենք են իրենց աշխատանքով հասարակության մեջ ատելություն առաջացրել կալանավայրերի նկատմամբ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Պատրաստ էր հրապարակումը, երբ մեկուսարաններից մեկից ստացվեց սույն երկտողը. «Մոռացել ենք, թե երբ են վերջին անգամ մեզ բաղնիք տարել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել