Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտի վետերանը դիմում է նախագահին եւ վարչապետին

Փետրվար 01,2001 00:00

«Նաիրիտը»՝ Ռուսաստանի եւ Չինաստանի արանքում Նաիրիտի վետերանը դիմում է նախագահին եւ վարչապետին ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունում քննարկվեցին «Նաիրիտի» շուրջ ստեղծված իրադարձությունների վերաբերյալ Ձեզ ուղղված իմ նախորդ երկու դիմումները։ Քննարկման արդյունքում պարզվեց, որ նախարարությունը ընդունում է Ռուսաստանի համապատասխան արտադրական կառույցներում «Նաիրիտի» ընդգրկման նպատակահարմարությունը, սակայն այդ ուղղությամբ լուրջ ծրագրավորված աշխատանք չի տանում, պատճառաբանելով, որ իբր ռուսական կողմն արդեն կորցրել է հետաքրքրությունը մեր միավորման նկատմամբ։ Այդպես չէ։ Հավանաբար, արդեն 2001 թ. ընթացքում «Նաիրիտը» վերջնականապես կփակվի եւ քիմիական կոմբինատի շուրջ 3000 բանվոր-ծառայողներ կհամալրեն հանրապետության բազմահազար գործազուրկների եւ թոշակառուների բանակը։ Ձեռնարկության ընդհանուր պարտքն արդեն հասել է շուրջ 50 մլրդ դրամի։ Չունեն արտադրության արդյունավետության բարձրացման իրատեսական ծրագրեր, բիզնես-պլան եւ, հետեւաբար, նաեւ նորմալ ֆինանսավորում։ Արտաքին շուկայում քլորոպրենային կաուչուկի որոշակի պահանջարկի առկայության պայմաններում տարիներ շարունակ չեն կարողանում ձեւավորել արտադրանքի իրացման քաղաքակիրթ շուկա։ «Նաիրիտը» չունի ազատական տնտեսավարման պայմաններին համապատասխանող կառավարման ճկուն համակարգ։ ՌԴ որոշ քիմիական ձեռնարկություններ նման դժվարությունները հաղթահարելու նպատակով «Գազպրոմ» ԲԲԸ կազմում ստեղծել են բարձր արտադրական ենթակառուցվածքներ ունեցող Գազ-նավթաքիմիական Հոլդինգ։ 1999թ. մայիսին Երեւանում քննարկվեց «Նաիրիտը» Հոլդինգի կազմում ընդգրկելու հարցը ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի, ՀՀ էներգետիկայի նախարարների եւ «Սինթեզկաուչուկ» ասոցիացիայի գլխավոր տնօրենի միջեւ։ Ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, ըստ որի, ՀՀ վարչապետ Վ. Սարգսյանը մոսկովյան այցի ժամանակ պետք է հանդիպեր «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ռ. Վյախիրեւի հետ։ «Նաիրիտի» արտադրանքը իրացնելու նպատակով Չինաստան մեկնած Հայաստանի մասնագետները առաջարկել են չինացիներին չներմուծել Հայաստանի թանկարժեք կաուչուկը, այլ հայ մասնագետների մասնակցությամբ եւ Հայաստանի քլորոպրենային կաուչուկի արտադրության առաջավոր տեխնոլոգիայի կիրառմամբ վերազինել եւ ընդլայնել նրանց անկատար տեխնոլոգիայով ու փոքր հզորությամբ գործող կաուչուկի արտադրությունը։ Այդ կապակցությամբ բանակցում են Չինաստանի հետ Շենսի նահանգում քլորոպրենային կաուչուկի արտադրության հայ-չինական համատեղ ձեռնարկության ստեղծման վերաբերյալ։ Ըստ ձեռք բերված նախնական համաձայնության, ՀՁ կանոնադրական հիմնադրամում հայկական կողմը ներդնելու է իր ճարտարագիտական միտքը (որը, իրականում, մեծամասամբ ժամանակին արտասահմանից գնված արտադրությունների տեխնիկական փաստաթղթերն են), իսկ չինական կողմը՝ 130 մլն ԱՄՆ դոլար, որի դիմաց հետագայում հայկական կողմն ակնկալում է ստանալ ՀՁ եկամտի 40%-ը։ Տեխնիկական բանակցությունները շարունակելու համար շուտով Երեւան են ժամանելու չին մասնագետները։ Դեռեւս պահպանված մոնտաժված եւ գործող արտասահմանյան ունիկալ, նորագույն սարքավորումներով հագեցված տեխնոլոգիական հոսքագծերը պատրաստվում են վաճառել Չինաստանին, որին ամերիկյան «Դյուպոն» ֆիրման, ելնելով սեփական երկրի շահերից, հրաժարվել է վաճառել քլորոպրենային կաուչուկի արտադրության տեխնոլոգիան։ Եթե մեր համապատասխան պաշտոնյաները եւս մտահոգված լինեին մեր երկրի ազգային շահերով, ապա կառաջարկեին համատեղ ձեռնարկությունը ստեղծել ՀՀ-ում եւ ոչ թե Չինաստանում։ ՋԻԼԲԵՐՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ «Նաիրիտի» գիտական կենտրոնի կաուչուկի տեխնոլոգիայի լաբորատորիայի նախկին վարիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել