Լրահոս
Օրվա լրահոսը

Չինովնիկներին խորհուրդ էր տալիս հաշմանդամ ազատամարտիկը

Փետրվար 01,2001 00:00

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՓՈԽԱՐԵՆ ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵԻՔ Չինովնիկներին խորհուրդ էր տալիս հաշմանդամ ազատամարտիկը Երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ հերթական մինի-միտինգն էր։ Այս անգամ ցուցապաստառներով հավաքվածները ներկայացնում էին բնակչության ամենաանպաշտպան շերտը՝ հաշմանդամներին։ Ֆինանսավորում չստանալու պատճառով դեկտեմբերից մինչեւ այսօր չի աշխատում Երեւանի պրոթեզավորման եւ կադրերի պատրաստման կենտրոնը, որտեղ հաշվառված է մոտ 3000 հաշմանդամ, որոնց 50-60%-ը արցախյան ազատամարտի մասնակիցներն են։ Մարդիկ, որոնց ամենքս (այդ թվում՝ պրոթեզավորման կենտրոնին հատկացված գումարները չտվող կառավարությունը) պարտական ենք մեր ներկայի, մեր գոյության ու հայրենիքի համար, այսօր ստիպված էին հենակներով հասնել կառավարության մոտ, հավաքվել, լրատվության միջոցներով իրենց վրդովմունքը բարձրացնել։ Եվ ապա՝ 20-25 րոպե սպասել կառավարության ընդունարանում, մինչեւ պաշտոնատարներից որեւէ մեկը կբարեհաճեր իջնել ցած ու ունկնդիր լինել նրանց ձայնին։ Ի դեպ, թեեւ հաշմանդամները պնդում էին, թե ուզում են խոսել միմիայն վարչապետի, ծայրահեղ դեպքում՝ պաշտպանության նախարարի հետ, բայց, ի վերջո, ընդունարան իջավ կառավարության աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Հակոբյանը՝ «ընդ որում փոխգնդապետ, ընդ որում՝ ձեզ հետ միասին կռիվներով անցած»։ Նրան ուղեկցում էր սոցիալական եւ առողջապահության հարցերի վարչության պետ Կարեն Հայրապետյանը։ Ու մինչ պրն Հակոբյանը կգար հաշմանդամների ու պրոթեզավորման կենտրոնի աշխատակիցներին հանդիպելու, զոլաքարցի հաշմանդամ Վոլոդյա Ադամյանը հասցրեց ամոթանք հնչեցնել. «Հլա մի հատ թուրք, պարսիկ-մարսիկ, դեսպան-մեսպան գար, տեսնեմ ո՜նց էիք երկրպագելով իջնելու, իսկ մեզ չեք էլ ուզում տեսնեք-խոսեք»։ Ազատամարտի մի այլ հերոս (նրանք բոլորն էլ, ի վերջո, հերոս են), հոգնելով սպասելուց, առաջարկեց. «Եթե հիմա վարչապետը չիջնի, մենք կբարձրանանք վերեւ՝ էդ գայլերին որջերից հանենք»։ Ու թեեւ պրն Հակոբյանի գալը ծափողջույններով չընդունվեց («Դուք եկել եք, որ բուֆերի դեր կատարեք»), սակայն նրա հրավերով շուտով կառավարության ընդունարան եկավ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, որը խոստացավ մինչեւ փետրվարի 15-ը տալ 62,5 մլն դրամ գումար։ Եվս 62,5 մլն դրամ կհատկացվի մարտի մեջ։ Մնացած գումարները կհատկացվեն տարվա ընթացքում, յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ Տեղեկացնեմ, որ 2000թ. պետբյուջեով պրոթեզավորման կենտրոնին հատկացված էր 400 մլն դրամ, որից ընդամենը 90 մլն դրամ են անցած տարի ստացել, ընդ որում՝ մեծ աղմուկից, կառավարության եւ նախագահի աշխատակազմին բազմիցս դիմելուց հետո։ Այդ 90 մլն-ից 60 մլն դրամը ծախսվել է հարկեր մուծելու եւ աշխատավարձերի պարտքերը փակելու համար։ Եվ ընդամենը 30 մլն դրամ փոխանցել են Գերմանիա, որտեղից ստացվում է պրոթեզավորման համար անհրաժեշտ սարքերը։ Բժշկական ծառայության փոխգնդապետ, ազատամարտի մասնակից, հաշմանդամ Վանուշ Չիլինգարյանը, որն այս հավաքի կազմակերպիչներից էր, ասաց. «Մեր ուզածն ընդամենը պրոթեզ է, մենք փող չենք ուզում։ Ոտք ենք ուզում, որ քայլենք։ Զինվորը պրեզերվատիվ չի՝ օգտագործեն-դեն շպրտեն։ Զինվորն ավելի փառահեղ պիտի ապրի, քան այս՝ վզերը հաստացրած ղեկավարությունը։ Ոչ մի երկրում պրոթեզների վրա հարկ չկա, մաքս չկա։ Իսկ մեր երկիրը թքած ունի իր հաշմանդամների վրա»։ Պրոթեզավորման կենտրոնի փոխտնօրեն Կարինե Ղարիբյանն էլ ճշտեց, որ պետությունը նախանցյալ տարվանից պարտք է 176 մլն դրամ, 2000թ. 400 մլն դրամ, իսկ 2001թ. բյուջեում կարծես ոչ մի լումա չի նախատեսված։ Հաշմանդամ ազատամարտիկներից մեկն էլ համեմատեց. «Դրանք (կառավարության անդամները) իրենց ջիպերի կալյոսները 10 օրը մեկ փոխում են։ Բա մենք իրավունք չունե՞նք տարին մեկ անգամ մեր պրոթեզները փոխելու։ Մեկ ա, մենք չենք ընկճվում։ Պետք եղած ժամանակ մեր հենակներն էլ կկրակեն»։ Ավելի ցավալի հնչեց մյուս ազատամարտիկի հռետորական հարցը. «Մեր երեխեքը ի՞նչ պիտի սովորեն։ Այսքանից հետո ո՞նց ասենք՝ գնա, հայրենիքի համար կյանք տուր։ Երբ որ սովորական պրոթեզը մեզ համար ափսոսում են»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել