Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ Ո՛Չ ԴԱՇՆԱԿԻՑ, Ո՛Չ ԳՈՐԾԸՆԿԵՐ» Այդպիսին

Փետրվար 01,2001 00:00

Սկիզբը՝ նախորդ համարում «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ Ո՛Չ ԴԱՇՆԱԿԻՑ, Ո՛Չ ԳՈՐԾԸՆԿԵՐ» Այդպիսին է «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանի տեսակետը: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ ներկայիս իշխանությունները, ԼՂՀ հիմնահարցը դարձնելով Հայ Դատի բաղկացուցիչ մաս, ինքնորոշման խնդիրը տրանսֆորմացրել են Հայաստան- Ադրբեջան տարածքային վեճի: «Դա հղի է անշրջելի վտանգներով, նախ՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է միջազգային հանրության կողմից մեղադրվել ագրեսիայի մեջ, ինչը նախաձեռնելու հնարավորություն են ստացել Ադրբեջանն ու Թուրքիան, երկրորդ՝ էապես մեծանում է ռազմական գործողությունների վերսկսման վտանգը»,- շեշտեց Դ. Շահնազարյանը: Նրա կարծիքով, Քոչարյան-Ալիեւ հանդիպումները՝ առանց ԼՂՀ մասնակցության՝ խնդրի կարգավորման իմաստով, ոչ մի դրական տեղաշարժ չէին կարող արձանագրել, ինչը բացահայտվեց Ստրասբուրգում: Ավելին, առանց ԼՂՀ մասնակցության այդ անհեռանկարային հանդիպումների արդյունքում էլ ավելի է ամրագրվելու, որ ղարաբաղյան հիմնախնդիրը տարածքային վեճ է: Հայաստանի իշխանությունները չեն ներկայացնում հիմնահարցը՝ որպես ԼՂՀ ինքնորոշման իրավունք: Այդ իմաստով Շահնազարյանին չի գոհացնում նաեւ Ղարաբաղի իշխանությունների պասիվ կեցվածքը: Ըստ նրա, պետք է պաշտպանել ԼՂՀ ինքնորոշման իրավունքը, առավել եւս, որ վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային մի շարք կարեւորագույն փաստաթղթերով /մասնավորապես՝ անցած տարվա Ստամբուլյան «21-րդ դարի Եվրոպայի Սահմանադրություն» եւ ՄԱԿ-ի «Հազարամյակի փաստաթուղթ»/ արդեն սկսվել է տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության ամրագրումը: Նա մեծ սխալ է համարում նաեւ, որ ներկայիս իշխանությունները «միջազգային որեւէ ատյանում հետեւողականորեն չեն բարձրացնում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակման հարցը, որն, ըստ միջազգային իրավունքի, թշնամական գործողություն է»: Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ Հայաստանի համար ներկայումս ստեղծված արտաքին քաղաքական ծանր կացության ողջ պատասխանատվությունը կրում են ոչ միայն ներկայիս իշխանությունները, այլեւ՝ նրանց դիվանագիտական սխալները լռության մատնող կամ որպես մեծ հաջողություն ներկայացնող քաղաքական ուժերը: Նրա կարծիքով, տարածաշրջանում ընթացող գործընթացները Հայաստանի համար պահը ճիշտ օգտագործելու աննախադեպ հնարավորություն են ընձեռում. հրաժարվելով պահանջատիրական կեցվածքից /Ֆրանսիայում Ռ. Քոչարյանը մի կողմից՝ հայտարարել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից, մյուս կողմից՝ հղում է կատարել Սեւրի դաշնագրին/, որդեգրելով ակտիվ, նուրբ, հավասարակշռված եւ հեռատես քաղաքականություն, օգտագործելով աշխարհաքաղաքական հակասությունները, Հայաստանը կկարողանա կրկին ստանձնել իր արժանի տեղը տարածաշրջանում: Ըստ նրա, որպես առաջնահերթ քայլ՝ Հայաստանն առանց հապաղելու պետք է արտաքին քաղաքականության հայեցակարգ մշակի, հրաժարվի ագրեսիվ արտաքին քաղաքականությունից՝ հետագայում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակով, առանց որեւէ նախապայմանի սկսի շփումներ հաստատել Թուրքիայի հետ, ակտիվորեն համագործակցի տարածաշրջանային տնտեսաքաղաքական կառույցների հետ: Հայաստանը նաեւ պետք է փորձի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Նրա կարծիքով, ռուս-ադրբեջանական ներկայիս սերտ համագործակցությունը հարատեւ չէ, ինչպես նաեւ՝ կարճաժամկետ է Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում առկա անվստահությունը, եւ այս ժամանակահատվածը Հայաստանն առավելագույնս պետք է օգտագործի: Թեեւ Դավիթ Շահնազարյանի ցանկությունն է՝ իրականացված տեսնել այս ծրագրերը, սակայն նա ցավով նշեց, որ ներկայիս իշխանությունը ի զորու չէ իրականացնել այդ ծրագիրը եւ վարել ճկուն արտաքին քաղաքականություն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել