Երեկ կեսօրին Մամուլի տան դիմաց հանգրվանել էր անսովոր արտաքինով զրահապատ մի մեքենա: Մեքենան «իմպոռտնի» չէր։ Այն տեղական արտադրության ծանր ջիպ էր եւ կրում է «Հայկ» նույնքան տեղական անունը։ Մեքենան հեղինակել է հեռանկարային ծրագրերի եւ նախագծերի կենտրոնը՝ կինոռեժիսոր Կարեն Գեւորգյանի ղեկավարությամբ։
Ի դեպ, պրն Գեւորգյանը կարծում է, որ ամենեւին կարեւոր չէ, որ ինքը ռեժիսոր է. «Էդ ի՞նչ կապ ունի, որ կինոռեժիսոր եմ, առաջինը՝ հայ եմ։ Հո չի կարելի ասել՝ ռեժիսոր եմ, ու քաշվել մի կողմ։ Պետք է մի բան անենք, մի բան մտածենք, չնստենք՝ սպասենք»։ Ըստ մեքենա ստեղծողների, «Հայկը» որոշ հատկություններով գերազանցում է ամերիկյան նմանատիպ «Համմեր» ջիպին եւ իր անգնահատելի դերը կունենա (զանգվածային արտադրության դեպքում) հանրապետության ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական կյանքում։ Այժմ հեռանկարային ծրագրերի եւ նախագծերի կենտրոնը ցանկություն ունի սկսել «Հայկի» սերիական արտադրությունը, ինչը կարելի է կազմակերպել ներկայումս անաշխատունակության մատնված հայրենական գործարաններում։ Օրինակ՝ «Հրազդանմաշում» կամ «ԵրԱԶ»-ում, որի տարածքում էլ հավաքվել էր մեքենայի փորձնական տարբերակը։
«Հայկի» ստեղծողները հույս են հայտնում, որ այս նախագիծը «մեր ազգային ձեռնարկություններին նոր կյանքի շանս կտա»։ Ու նաեւ նախատեսում են. «Հաջողության դեպքում «Հայկի» սերիական արտադրությունը աշխատանքով կապահովի 800-1500 մասնագետի»։ Հայկական առաջին ջիպը 2000թ. դեկտեմբերի 30-ին ներկայացվել է ՀՀ պաշտպանության նախարարի ուշադրությանը եւ «մեծ հաջողություն է ունեցել»։ Այս ջիպը, որը ստեղծվել է 2 տարվա ընթացքում, կշռում է 4,2 տոննա, կարող է 3-4 տոննա բեռ քաշել։ Սակայն նրա ինքնարժեքի մասին պրն Գեւորգյանը դժվարացավ խոսել, քանի որ «զուտ մետաղական մասի վրա ծախսված գումարը չի էականը, այլ՝ աշխատանքի արժեքը»։
Նախագծի հաջորդ փուլը նախատեսում է ստեղծել «Հայկի» եւս 5՝ նոր տեսակներ, որոնք կտարբերվեն միմյանցից արտաքնապես եւ հզորությամբ։ «Միաժամանակ եւ զուգահեռ անհրաժեշտ է ստեղծել արտադրության նոր, ազգային համակարգ»,- գտնում են «Հայկի» հեղինակները։ Վերջիններիս հաշվարկով նախագծի երկրորդ փուլը (5 նոր ջիպերի ստեղծումը, նրանց փորձարկումը Հայաստանում եւ Ռուսաստանում, գովազդային գործունեությունը եւ այլն) գնահատվում է 300 հազար դոլար. «Դա շատ ռեալ թիվ է։ Մեկ այլ երկրում այդ թիվը մի քանի անգամ մեծ կլիներ»,- կարծում էին արտադրողները եւ վստահեցնում, որ «Հայկի» արտադրությունը շատ շահավետ բիզնես կարող է դառնալ։
Կարդացեք նաև
Ամեն դեպքում, նախատեսվում է, որ մեքենայի շուկայական արժեքը 50000 դոլարից ցածր չի լինի։ Սակայն, դատելով մեքնայի շուրջբոլորը խմբված հետաքրքրասերների գնահատականներից. «Չէ՜, վա՛տ չի, վա՛տ չի»։ Ներկաներից մեկը նույնիսկ «բազար» էր անում Կարեն Գեւորգյանի հետ, թե քանիսո՞վ կվաճառի այս փորձնական տարբերակը։
ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ