Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնալուծությունները դատարաններում ավարտվում են, այսպես կոչված, ալիմենտներով։

Հունվար 31,2001 00:00

ԹԵՐԱՑՈՂ ՀԱՅՐԵՐԻՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԿԱԴԻՐՆԵՐԸ Ամուսնալուծությունները դատարաններում ավարտվում են, այսպես կոչված, ալիմենտներով։ Ոչ բոլոր հայրերն են պարտաճանաչ վճարում երեխաներին հատկացված գումարը, պատճառաբանելով, թե աշխատանք չունեն եւ գումարը հնարավոր չէ պետականորեն գանձել։ Ու հենց նման իրավիճակներում էլ՝ ապահարզանի դիմած կանանց օգնության են գալիս տվյալ տարածքի Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ստորաբաժնի աշխատակիցները, որոնք նշանակված են, որպեսզի թերացող «հայրերին» պարտադրեն ժամանակին վճարել գումարը։ Արմավիրի մարզի ԴԱՀԿ Վաղարշապատի տարածքային բաժնի աշխատակից Արմեն Հովհաննիսյանի աշխատանքից քաղաքացի Կարինե Մովսիսյանի դժգոհությունն էլ պատճառ դարձավ սույն հրապարակմանը։ Ա. Հովհաննիսյանը բազմիցս հուսադրել է առանց այն էլ դժվարությունները հազիվ հաղթահարող Կ. Մովսիսյանին (որի նախկին ամուսնու չվճարած գումարները գանձելու գործը հանձնված էր նրան)՝ «Մարդ կա տասը ամիս է սպասում»։ Երբ Կարինեի խնդրանքով անցյալ տարվա դեկտեմբերին նրա հետ այցելեցի Ա. Հովհաննիսյանին եւ փորձեցի հարցազրույց վերցնել ձգձգման պատճառների մասին, նա հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ հարցազրույց տալու իրավասու չէ։ Ինձ հուզող հարցերին տեղեկանալու համար դիմեցի բաժնի ավագ կատարող Ս. Սուքիասյանին։ Նա, ծանոթանալով Կ. Մովսիսյանի գործին, խստորեն կարգադրեց Ա. Հովհաննիսյանին՝ հաջորդ օրն իսկ գանձել 4 ամսվա չվճարված գումարը։ Բայց հաջորդ օրը գանձվեց ընդամենը 2 ամսվա գումարը։ Այս հունվարին Կ. Մովսիսյանը դարձյալ դիմում է ԴԱՀԿ Վաղարշապատի բաժնի աշխատակցին, որն էլ նորից նույնն է կրկնում. «Երկու օրից կգնամ։ Խիստ կլինեմ։ Վաղը եկեք…»։ Ա. Հովհաննիսյանի՝ իր ավագի կարգադրությունը չկատարելը շատ ավելի վտանգավոր է դարձնում նրա աշխատանքը օրինապահ մարմիններում։ Ու չգիտենք դեռ քանի-քանիսին կշարունակի նա այդպես «հուսադրել» ու իր աշխատանքը չկատարել։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ Հ. Գ. Նյութը պատրաստ էր, երբ դարձյալ հանդիպեցի Ս. Սուքիասյանին։ Նա այս անգամ խոստացավ անձամբ զբաղվել այս գործով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել