Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՁՈՒԿԸ

Հունվար 31,2001 00:00
vahram martirosyan

Արարատ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Մենք երեքով նստած էինք դեպի վերեւ նեղացող, բարձր կլոր աթոռակներին, որոնք իրենց բարակ ոտքերի կեսին էլ են շրջանակ ունենում: Նստած էինք կամրջի վրա, բազրիքի մոտ, նայում էինք ցած ու խոսում էինք այդ ժողովրդի մասին: Մեզանից ահագին ներքեւ գետն էր, որի աջ ափին բուսածածկ բլուրի ուղղահայաց լանջ էր, ձախ ափին ծառեր էին, որոնց արանքում երեւում էին փայտաշեն, մի քիչ խունացած մեկուկես հարկանի տներ: Հասկացվում էր, որ դրանց թիկունքում ինչ-որ տեղ խճուղին կար:

– Հիմնականում ձկնորսությամբ են զբաղվել, – ասաց ձախ կողքիս նստածը, որին չեմ հիշում:

– Կարծեմ ձուկը շատ առատ է եղել, ու անհոգ ապրել են, – իմ իմացածը հայտնեցի ես:

– Բայց արդեն հարյուր տարի է ձուկ չեն որսում:

-Ինչի՞, – անհանգստացա ես, քանի որ ձկան սիրահար էի, չնայած բուն ձկնորսության որեւէ հակում չունեի:

– Որ գետը նորից ձուկ լցվի, – ասաց աջ կողքիս նստածը, որը միջնադարյան թուրք ճանապարհորդ էր: Ես ավելի ուշադիր նայեցի ներքեւ ու նկատեցի, որ գետը համարյա ճահճակալած է՝ մինչեւ մեջտեղը եղեգներ ու բարձր մոլախոտեր էին բռնել: Իհարկե, գետը ոչ մեկի պետքը չէր, ոչ ոք նրան վաղուց մոտ չէր եկել: Բայց դրանից էլ պետք էր ենթադրել, որ ձուկն հիմա լիքն է, վխտում է խոտերի արանքում, ես նույնիսկ աչքերս լարեցի, որ ջրի մեջ աշխույժ շարժում տեսնեմ: Այդ ժամանակ ձախ կողքիս նստածը ձեռքը մեկնեց գետի ձախ ափի բարձր ուռենու կողմը, որի վերեւում մի ձուկ էր թրթռում:

– Նայեք, թռչող ձուկ,- ասաց նա: Ձուկը սկսեց ավելի բարձրանալ՝ թրթռալով, եւ մեկ-մեկուկես րոպեում հասավ համարյա մեզ: Ես ձեռքս կտրուկ առաջ գցեցի ու բռնեցի նրան: Սովորական ձուկ էր՝ 35-40 սանտիմետրանոց, միայն թե դնչից մինչեւ պոչն ընկած հատվածը ներքեւի մասում ուղղագիծ էր, այլ ոչ թե՝ կոր: Շատ չէր թպրտում, դրա համար ես էլ արդեն բռունցքիս սեղմումը թուլացրի ու ձուկը ցույց տվեցի կողքիս նստածներին:

– Հրաշք է,- ասաց թուրք ճանապարհորդը,- ես արդեն լսել էի այս ձկան մասին: Մի հատիկ ձուկը ո՛չ ուտելու էր, ո՛չ էլ, քանի որ արտասովոր էր, ուզում էի հենց այնպես կողքիններիս տալ եւ, նրանից հոգնելով, որոշեցի հետ գցել: Բայց պարզվեց՝ ուժեղ կպած է ձեռքիս, կարծես՝ սոսնձած: Ես մյուս ձեռքով մատներս զոռով պոկեցի իր մարմնից, բայց ձուկը մնաց ափիս կպած ու ինձ քաշում էր դեպի գետը: Ես ձկանը սեղմեցի ոտքիս ու, կայծակնային արագությամբ տրորելով, պոկեցի ձեռքիցս: Բայց նա հիմա էլ ջինսիցս կպավ ու ծնկիս վերեւի մասից շատ ուժեղ ինձ ձգում էր ջրի կողմը: Քանի որ նստած էի բարձր աթոռակի, իսկ կամրջի փայտե բազրիքը ցածր էր, նույնիսկ մի քիչ առաջ թեքվելը կյանքի համար վտանգավոր էր:

– Օգնեցեք,- ասացի ես կողքիս նստածներին:

– Ի՜նչ նման է սովորական ձկան: Իսկ մուգ կապույտ ջինսի վրա ոնց որ մանրոտ թեփուկներով հասարակ ձուկ լինի,- ասաց ձախ կողքինս, որին չեմ հիշում: Հանկարծ երկու ձեռքի կեռացրած մատներով թուրք ճանապարհորդը քաշեց-պոկեց ձուկը ոտքիցս: Ձուկը սկսեց նրա դիմաց օդում թրթռալ: Իսկ թուրք ճանապարհորդն ուներ մանր-գանգուր մազեր, որոնք դեմքի երկու կողմից առատանում էին դեպի ներքեւ: Եթե ձուկը կպչեր ճանապարհորդի մազերին, պրծում չէր ունենա:

ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2000 թ.

նոյեմբերի 28

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031