Տարիներ առաջ, երբ նախկին խորհրդային համակարգի հիմքի վրա ստեղծվում էր Հայաստանի գիտական աստիճանաշնորհման համակարգը, գիտական «կյանքում» մեծ կարեւորություն ունեցող դիսերտացիա բառը փոխարինվեց բարեհունչ ատենախոսություն տերմինով։ Պատճառները մի քանիսն էին. միջնադարում, երբ եվրոպական համալսարաններում որակավորման, ավարտական աշխատանքներն անվանվում էին դիսերտացիա, նույն այդ ժամանակներում, Հայաստանում Գլաձորի համալսարանում նմանատիպ աշխատությունները կոչվում էին ատենախոսություն։
Հրաժարվելով տարիներ շարունակ գործածվող ոչ հայկական տերմինից, ձեռք էինք բերում մեկ այլ՝ Հայաստանում պատմական արմատներ ունեցող բառ, որի շնորհիվ կարծես աներեւույթ կապ էր ստեղծվում մերօրյա համալսարանների եւ Գլաձորի ու Տաթեւի միջեւ։ Բացի այդ, ատենախոսություն պաշտպանողին արդեն կարելի էր անվանել ատենախոս՝ նախկին դիսերտանտի փոխարեն։ Նաեւ էական էր, որ ատենախոսությունն ու ատենախոսը շատ համահունչ էին գրախոս եւ գրախոսություն, ընդդիմախոս եւ ընդդիմախոսություն բառերին։ Միաժամանակ, գիտական աստիճանը հավաստող փաստաթղթի համար ընտրվեց բարեհունչ վկայագիրը՝ դիպլոմի փոխարեն:
Ըստ երեւույթին, պատահական չէր, որ շրջանառության մեջ դրված բառերը գրեթե անմիջապես ընդունվեցին գիտական հասարակայնության կողմից։ Լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհուրդը, ակադեմիկոս եւորգ Ջահուկյանի գլխավորությամբ, «անհարկի օտարաբանություններից, զուգաձեւություններից խուսափելու եւ տերմինագործածության միասնականություն սահմանելու նպատակով» որոշեց գործածության համար երաշխավորել ատենախոսությունը, ատենախոսը, վկայագիրը եւ գիտական աստիճանների շնորհման հետ կապված էլի մի շարք տերմիններ, այդ թվում՝ ընդդիմախոսը, հայցորդը, սեղմագիրը, վկայականը (ատեստատի փոխարեն) եւ այլն։
Հայաստանի կառավարությունը, սկսած 1993 թվականից, գիտական աստիճանաշնորհման համակարգը կանոնակարգող մի քանի որոշումներում օգտագործեց եւ դրանով իսկ ամրագրեց այս տերմինները։ Եվ ահա տարիներ անց, երբ ատենախոսությունն արդեն դարձել է ընդունված եւ սովորական տերմին, երբ հարյուրավոր հայ եւ օտարերկրացի գիտնականներ ստացել են ոսկետառ «Վկայագիր» դաջվածքով որակավորման փաստաթղթեր, Ազգային ժողովն ընդունում է «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը, որտեղ ատենախոսության փոխարեն օգտագործված է թեզ բառը, իսկ վկայագրի փոխարեն՝ դիպլոմը (նաեւ՝ հայցորդի փոխարեն՝ հայցող)։ Ակամա ուզում ես հարցնել՝ ինչո՞ւ, ի՞նչ հիմնավորումով։ Ուզում ես հարցնել, թե ի՞նչ առավելություններ ունեն սրանք օգտագործվող հայերեն տերմինների նկատմամբ եւ արդյո՞ք բարեհունչ են (թեզ, ձիպլոմ), կամ՝ ատենախոսություն պաշտպանողին այլեւս թեզի՞ստ պետք է անվանենք, թե՞ թեզանտ եւ կամ՝ գիտական աստիճանի փաստաթղթի կազմին «Վկայագրի» փոխարեն սկսենք «Դիպլո՞մ» դաջել։
Երեւի պատահական ոչինչ չի լինում։ Երեւի մեր իրականության մեջ, երբ փողոցային գռեհիկ ժարգոնով խոսելը ճարտարախոսության չափանիշ է, երբ «ֆիրմա» զանգահարելիս օտար լեզվով են պատասխանում ու չեն էլ հասկանում, որ դա առնվազն քաղքենիության դրսեւորում է, երբ հայաստանյան արտադրանքի պիտակներին հաճախ հայերեն բառ չի գրվում, ատենախոսությունն ու վկայագիրը տեղ չունեն։
Այնուամենայնիվ, թույլ է տրվել կոպիտ սխալ՝ անտեսվել է Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումը, կամայականորեն, առանց հիմնավորման, բացարձակապես անհարկի դուրս են մղվում տարիներ շարունակ պաշտոնապես գործածվող հայերեն բառերը։ Սա լեզվական նահանջ է, որը, ինչպես եւ ցանկացած այլ նահանջ, պետք է կանխվի։
ԱՐԵԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեխ. գիտ. դոկտոր, ՀՊՃՀ-ի պրոֆեսոր