Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՕՐԵՆՔԻ ՎՐԱ

Հունվար 31,2001 00:00
zerbakalel

Շախմատ երկու Աշոտների հետ

Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը 2000թ. նոյեմբերի 13-ի դատավճռով համապատասխանաբար 11 եւ 12 տարվա ազատազրկման է դատապարտել Աշոտ Հարությունյանին եւ Աշոտ Գրիգորյանին։ Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել մայրաքաղաքի Կոնդի փողոցի թիվ 51 տան եւ Խորենացի փողոցի թիվ 44 տան բնակիչների վրա 1996թ. հոկտեմբերի 3-ին եւ 1997թ. հուլիսի 13-ին ավազակային հարձակում գործելու եւ մեծ արժողությամբ զարդեղեն հափշտակելու հիմքերով։ Մեղադրյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել, արդեն 2 տարի է գտնվում են կալանքի տակ եւ սպասում են արդար դատավճռի։

Աշոտ Հարությունյանի մոր՝ «Ելք» իրավական հասարակական կազմակերպությանը գրած դիմումի կապակցությամբ կատարված ուսումնասիրությունը մեզ բերեց այն համոզման, որ դատավճիռը կայացվել է քրդատօրի 358 հոդվածի պահանջների խախտումներով, այն հիմնավորված չի դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների վրա, իսկ նախաքննական ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտումներով եւ ավելի շատ ենթադրությունների հետեւանք են, քան ապացուցված փաստերի արդյունք։ Նախաքննության եւ դատաքննության ընթացքում թույլ են տրվել քրդատօրի նորմերի էական խախտումներ։ Չփարատված կասկածները մեկնաբանվել են ի վնաս ամբաստանյալների, մինչդեռ պետք է կատարվեր հակառակը։

Մի շարք ապացույցներ վկայում են, որ Ա. Հարությունյանը 1996թ. սեպտեմբերի սկզբներից մինչեւ նոյեմբերի վերջը Մոսկվայում է գտնվել՝ աշխատանք գտնելու նպատակով, եւ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած ավազակային հարձակմանը մասնակից լինել չէր կարող։ Այդ են վկայում նրա անձնագրում կատարված համապատասխան նշումները, վերադարձի ուղետոմսը, մի շարք անձանց վկայությունները։ Սակայն նախաքննական մարմինը եւ դատարանը արժանահավատ չեն համարել դրանք։

Իր ձեռքին չունենալով լուրջ ապացույց, նախաքննական մարմինը հենվել է Խորենացի 44 տան ավազակային հարձակման ժամանակ ձերբակալված Վ. Հովակիմյանի ցուցմունքի վրա, համաձայն որի ինքը հուլիսի 13-ին հանդիպել եւ շախմատ է խաղացել երկու Աշոտների հետ։ Վ. Հովակիմյանը չի ասել, որ հարձակումը կազմակերպել է նրանց հետ։ Որպեսզի կապ հաստատվի երկու դրվագների միջեւ, օգտագործվել է նախաքննությունն իրականացնող մարմնի պաշտոնական անձանց վկայությունն այն մասին, թե իբր նույն Վ. Հովակիմյանը խոստովանել է, թե ինքը մասնակցել է նաեւ Կոնդի 51 տան ավազակային հարձակմանը, գտնվել է դրսում, իսկ Ա. Գրիգորյանը եւ Ա. Հարությունյանը մտել են ներս։ Վ. Հովակիմյանի գրավոր ցուցմունքի բացակայությունը պատճառաբանվել է նրա անվտանգության ապահովմամբ։

Իրականում Վ. Հովակիմյանը քննիչին տված ցուցմունքով ժխտել է պնդումը։ Եթե նրա ասածը ընդունվել է որպես ճշմարտություն, ապա ինչու նախաքննական մարմինը նրան նույնպես չի ընդգրկել որպես Կոնդի 51 հասցեում կատարված հանցագործության մասնակից։ Քրեական գործի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործը քննվել է ոչ թե իրական հանցագործներին բացահայտելու շահագրգռությամբ, այլ ձեռքերն ընկած կասկածյալների վրա հանցանքը «ջարդելու» հետեւողականությամբ։ Այս առումով ուշագրավ է տուժող Հ. Բասմաջյանի «Կոնդի 51» ցուցմունքների «էվոլյուցիան»։ Ինչպես 2-րդ դրվագով տուժող Ջ. Գրիգորյանը, ամուսինը, նրանց հարեւանները, այնպես էլ առաջին դրվագով տուժող Հ. Բասմաջյանը եւ նրա որդին սկզբում ցուցմունք են տվել, որ հանցագործները եղել են երկուսը, մեկը՝ բարձրահասակ եւ նիհար կազմվածքով, մյուսը՝ կարճահասակ եւ մարմնեղ։

Ավելի քան մեկ տարի տարբեր առիթներով լրացուցիչ ցուցմունք տալիս՝ Հ. Բասմաջյանը կրկնել է իր նախորդ ցուցմունքները, բազմիցս նշելով, որ հանցագործները դեմքերին ունեցել են սեւ դիմակ եւ ինքը տեսել է միայն նրանց աչքերն ու բերանները, հետեւաբար ճանաչել չէր կարող։ Բայց հետո հանկարծ հայտնել է, որ կարող է ճանաչել նրանց, պատճառաբանելով, թե մեկի դեմքը կիսով չափ բաց է եղել, իսկ մյուսը անփույթ գտնվելով, դեմքի քրտինքը սրբելու համար բացել է դեմքը եւ ինքը տեսել է։ Ճանաչման ներկայացված նկարներից նա «ճանաչել է» Ա. Գրիգորյանին՝ որպես նիհար բարձրահասակի, իսկ Ա. Հարությունյանին՝ որպես կարճահասակ մարմնեղի։ Մինչեւ ամբաստանյալների կալանվելը տուժողը չի փոխել նրանց տեղերը։ Բայց երբ կալանվել են եւ պարզվել է, որ Ա. Գրիգորյանը նիհար է, բայց՝ կարճահասակ, իսկ Ա. Հարությունյանը՝ մարմնեղ, բայց՝ բարձրահասակ, փոխվել է Հ. Բասմաջյանի ցուցմունքը։ Առգրավման պահին քննիչի եւ մասնագետի կողմից փամփուշտներ նշվել են որպես 6,3 մմ տրամաչափի, սակայն դատաբժշկանական փորձաքննության եզրակացությամբ դրանք դարձել են 5,4 մմ տրամաչափի։

ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՈԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031