Լրահոս
Օրվա լրահոսը

Լճերը պետք են նաեւ թռչուններին

Հունվար 31,2001 00:00
sepakanashnorhum

Լճերը պետք են նաեւ թռչուններին

Վերջին տասը տարիների հետազոտությունների արդյունքները վկայում են, որ հանրապետությունում կենդանական աշխարհի պաշտպանության բարձիթողի վիճակը, առաջ քաշված բնապաշտպանական խնդիրների իրականացման ձգձգումները կամ ընդհանրապես անտեսումը հասցրել են ծայրաստիճան վատթարացման։ Հատկապես ծանր է թռչնաշխարհի պաշտպանության վիճակը սեփականաշնորհված տարածքներում, մասնավորապես Արարատյան հարթավայրի ձկնաբուծական արհեստական լճակային տնտեսություններում։ Այստեղ տարածքատերերը թռչնաշխարհը համարում են իրենց սեփականությունը եւ վարվում դրա հետ քմահաճ ձեւով, ասելով՝ «լիճն իմն է, կուզեմ կխփեմ, կուզեմ կբռնեմ»։ Բացարձակապես չեն գործում բնապաշտպանական կանոնները։

Այս տնտեսություններում առավել վտանգավոր է այն, որ սեփականատերերը, արհեստական ձկնաբուծությունը համարելով անշահութաբեր, ցամաքեցնում ու չորացնում են ձկնաբուծական լճակների ջրային տարածքները՝ դրանք վերածելով ցանքատարածությունների։ Կամ դրանք ուղղակի բարձիթողի են արվում՝ ենթարկվելով դեգրադացիայի, ծածկվում են եղեգի խիտ մացառներով, մոլախոտերով, բարենպաստ պայմաններ ստեղծում գիշատիչների անարգել բազմացման համար, նպաստում բնադրող թռչունների սերնդի համատարած ոչնչացմանը։

Մեր դիտարկումները ցույց են տվել, որ Արարատյան հարթավայրի նախկին բարեկարգ, գործող լճակների 20-80%-ը այսօր չորացման ճակատագրին է արժանացել։ Առանց այդ էլ սահմանափակ ջրային մակերես ունեցող Հայաստանը չի կարող եւ իրավունք չունի շռայլորեն քամուն տալ կենարար նշանակություն ունեցող ամենաչնչին ջրային մակերեսներն անգամ, որոնցով էլ պայմանավորված է թռչնաշխարհի գոյությունը եւ ոչ միայն թռչնաշխարհի, այլեւ ջրային տարածքների ողջ կենսահամակարգի։ Հավաստիացնում եմ, որ այս մտահոգությունները արդյունք են խոր մասնագիտական մտորումների եւ ոչ թե սիրողական հուզումների դրսեւորման։ Արմաշի ձկնաբուծական տնտեսության փայաբաժնի 34%-ը, որը նախատեսվում է առաջիկայում սեփականաշնորհել, առայժմ տնօրինում է պետությունը։ Այս հանգամանքը մեծ հնարավորություն է ստեղծում որպես պետական ֆոնդ Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքների հաշվին ստեղծել «Արմաշի պետական թռչնաբանական արգելոց»։ Խնդրի նման լուծումը մեծապես կնպաստի ոչ միայն այս տնտեսության սահմաններում հանդիպող թռչունների 200-ից ավելի տեսակների փրկությանն ու պաշտպանությանը, այլ նաեւ Սեւանի ավազանի Գիլլի լճի չորացման հետեւանքով անհետացած 200-250 տեսակների վերականգնմանը, որոնցից շատերը գրանցված են միջազգային «Կարմիր գրքում», կլինի նաեւ շահութաբեր՝ թռչնադիտող զբոսաշրջիկների ներգրավման իմաստով։

Այս միջոցը ամենանախընտրելին է, քանզի Արարատյան հարթավայրի Սուրենավան-Արմաշ տարածքը Հայաստանում թռչունների համաշխարհային չուի հարավային այն դարպասն է, որն ապահովում է հանրապետության թռչնաշխարհի օրգանական կապը աշխարհի խոշորագույն ջրավազանների, ինչպիսիք են՝ Սեւ, Կասպից եւ Միջերկրական ծովերը, նաեւ Ծայրագույն հյուսիսի եւ հարավի թռչնաշխարհների հետ։ Մեծագույն սխալ կլինի դրանց ամբողջական սեփականաշնորհումը, որը վերջնականապես կխափանի խնդրի լուծման միակ արդյունավետ ճանապարհը։

Գիլլի եւ Արարատյան հարթավայրի ջրային մակերեսների կորուստը կորուստն է Հայաստանի թռչնաշխարհի ընտրյալ տեսակների արտասովոր այն փնջի, որ կազմում են հայկական որորը, մոխրաայտ սուզակը, փոքր ձկնկուլը, գանգրափետուր հավալուսնը, ֆլամինգոն, մարմարյա մրտիմնը, սպիտակագլուխ սուզաբադը, սուլթանական հավը եւ այլն՝ բոլորն էլ գրանցված տարբեր կարմիր գրքերում։ Այսօր գերխնդիր է Հայաստանի բնաշխարհի հոգսերի թեթեւացումը՝ փոքր ու մեծ արգելոցներ ստեղծելով Արփի լճի, Արդենիսի տարածքում, տարբեր լանդշաֆտային գոտիներում գործող ու գոյություն ունեցող բազմաթիվ արհեստական եւ բնական ջրամբարներում եւ ցամաքային տարածքներում։

ՄԱՐՏԻՆ ԱԴԱՄՅԱՆ

Կենսաբանական գիտ. դոկտոր,

ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի թանգարանի վարիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031