Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ

Հունվար 31,2001 00:00
arevtur

Երեկ, նախ կառավարության, ապա քաղաքապետարանի մոտ բողոքի ցույցի էին հավաքվել փողոցային առեւտրով զբաղվողները։ Հերթական քաղաքապետը հերթական անգամ արգելում է փողոցային առեւտուրը. յուրաքանչյուր քաղաքապետի կարգադրությանն անմիջապես հետեւում է ոստիկանների հարձակումը մանր առեւտրականների վրա։ Հերթական արգելք-հարձակումից հետո փողոցային առեւտրով զբաղվողները բողոքի ցույց էին անում՝ համոզված, որ որեւէ արդյունքի չեն հասնի։

– Մենք ստիպված ենք էս աշխատանքը անում, ձեզ թվում է՝ մեզ հաճելի՞ է, ուրիշ ճար չունենք. էս մեզ օրվա հացի փող է,- բողոքում էին քաղաքապետարանի մոտ հավաքված ցուցարարները։ Նրանք տեղեկացրին, որ առեւտուրը կազմակերպում են Սպանդարյանի անվան հրապարակում, որտեղ, ի տարբերություն շուկայի՝ աշխատում են մինչեւ գիշերվա ժամը 11-12-ը։ «Մեզ ասում են՝ շուկայում առեւտուր արեք, բայց շուկայում ո՞նց անենք, շուկա գնում ա գյուղացին, որը էդ բերքը ստացել է ու տոննաներով ծախում ա։ Մենք օրական 10-15 կգ կամ ավելի քիչ ապրանք ենք առնում էդ գյուղացուց, օրական առնում-օրական ծախում ենք. էդ ինչքա՞ն փող ենք առնում, որ շուկայի վարձի փող տանք»,- նշեց փողոցային առեւտրով զբաղվող, զոհված ազատամարտիկի մայր, 60-ն անց մի կին, որը զոհված որդու զավակներին խնամելու միայն այս միջոցն է գտել։

Ցուցարարները տեղեկացրին, որ շուկայում 80 սմ տեղ վարձակալելու համար օրական վարձը 800 դրամ է. «Դրան գումարած՝ կշեռքի փող, հավաքարարի մաքրելու փողը, 80 սմ-ի վրա ապրանք չես կարա դնի, պետք ա պահեստի փող տաս։ Օրը 1000-1500 դրամ ենք առնում, էդ էլ տանք վարձերին, դատարկ ձեռքով տուն գնանք»,- նշեց մի երիտասարդ։ Ցուցարարները տեղեկացրին, որ հիմնական առեւտուրը ժամը 18-ից հետո է կատարվում, իսկ շուկան, ինչպես հայտնի է, մինչեւ 18-ն է աշխատում։ «Ես «կլիենտներ» ունեմ. «մարշրուտկեքի շոֆերներ են»՝ գիշերվա ժամը 11-ին գործը վերջացնելուց հետո մեր մոտից են առեւտուր անում-գնում տուն։ Մարդկանց համար էլ շատ հարմար է, էլ չեն գնում շուկա, միանգամից մեր մոտից առեւտուր են անում, համ էլ գիշերվա 11-ին ի՞նչ շուկա,- զայրացած պատմում էր մի կին ու ավելացնում,- չորս երեխա ունեմ, էդ կառավարությունը, որ արգելում ա փողոցային առեւտուրը, թող մուրացկաններին վերացնի, ոչ թե մեզ։ Հիմա որ արգելում են, ես ի՞նչ պիտի անեմ, պետք է գնամ մուրացկանություն անեմ»։

Քաղաքապետարանում, ցուցարարների խոսքերով, իրենց ընդունել էին փոխքաղաքապետ պրն Վարդապետյանը եւ Առեւտրի վարչության պետը։ Ցուցարարների բողոքները լսելուց հետո, քաղաքապետարանի պաշտոնյաներն անդրդվելի էին մնացել՝ պնդելով՝ դադարեցնել փողոցային առեւտուրը։ Քաղաքապետարանի պաշտոնյաները ցուցարարներին տեղեկացրել էին, որ այսօր (հիմա արդեն՝ երեկ) կկայանա խորհրդակցություն, որի ժամանակ շուկաների տնօրեններին հստակ ցուցում կտրվի ընդունել փողոցային առեւտրով զբաղվողներին՝ 2 ամիս տեղի վարձ չվերցնելու պայմանով։ Ցուցարարներն այս խոստմանը չէին հավատացել, քանի որ իրենց խոսքերով՝ իրենք բոլորն էլ ժամանակին աշխատել են շուկայում ու գոյություն ունեցող վարձերի պատճառով ստիպված հեռացել շուկայից։ «Շուկաները բոլորն էլ մասնավոր են, էդ ոնց պետք ա քաղաքապետարանի չինովնիկները ստիպեն, որ շուկայի տերերը մեզանից վարձ չվերցնեն։ Էսօր էդ շուկայի տերերը քաղաքապետարանում խոսք կտան, թե մեզանից վարձ չեն վերցնի, կգա օրը, մեզ կստիպեն, էն վերջին կոպեկն էլ ձեռքներիցս կառնեն»,- նշեցին ցուցարարները։

Ու, չնայած բողոքի ցույցին ու քաղաքապետարանի խոստումներին, փողոցային առեւտրով զբաղվողներն այսօր էլ պատրաստվում են շարունակել իրենց աշխատանքը փողոցում, որովհետեւ այլ ելք չունեն։

Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031