Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասենք եւս 200 տարի

Հունվար 31,2001 00:00
Aram Sargsyan

Երեկ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կազմկոմիտեի անդամները մամուլի ասուլիս էին հրավիրել, որտեղ հանդես եկան հայտարարությամբ.

«Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մենք խախտել ենք իրենց տարածքային ամբողջականությունը, մենք չենք ընդունում եւ կոչ ենք անում մեր իշխանություններին, որպեսզի պնդեն, որ մենք երբեւիցե չենք խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք տարածքային պահանջներ Ադրբեջանի առջեւ չենք դնում, այլ հարց է, եթե խոսք գնա նաեւ Արցախի այն հատվածին, որը մինչ օրս չի ազատագրվել։ Ազատագրվել են միայն հայկական պատմական հողերի մի մասը, այն էլ դա արվել է այնպես, ինչպես պահանջում էր միջազգային իրավունքի նորմերը»։

ՀԴԿ-ի նախագահ Արամ Սարգսյանը հարկ է համարում «հնարավորինս շուտափույթ գործողություններ ձեռնարկել, քանզի Եվրախորհուրդը պահանջում է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորում»։ Նշենք, որ պրն Սարգսյանը դժգոհեց նաեւ Ռ. Քոչարյանի վերջերս արած այն արտահայտությունից, թե «հարկ է տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշման իրավունքը մեր հարթության վրա դնել»։

– Դա անընդունելի է, քանզի ղարաբաղյան կողմն այս արտահայտությանն ի պատասխան ասում է, թե «Ձեր տարածքում, ինչքան ուզում եք ինքնորոշվեք, բայց մեր տարածքում դուք կարող եք, լավագույն դեպքում, ունենալ միայն լայն ինքնավարություն»։

Վերջում պրն Սարգսյանն ասաց. «Անընդմեջ խոսում ենք փոխզիջումներ անելու մասին։ Սակայն, ինչպես ականատես ենք լինում՝ ադրբեջանական կողմը որեւէ կոմպրոմիսի չի գնում։ Ուստի, ես արտաքին գործերի նախարարությանն առաջարկում եմ ստեղծել կայուն իրավական դաշտ, նոր միայն լուրջ քայլեր ձեռնարկել։ Կամ ԱԳՆ-ն պետք է հերքի մեր այսօրվա պնդումները, կամ՝ ընդունի եւ պաշտպանի այս դիրքորոշումը։ Ի վերջո, Ղարաբաղը անդրկովկասյան երկրներից միակն է, որ շուրջ 200 տարի փորձում է մտնել Եվրոպա եւ հարկ եղած դեպքում կարելի է սպասել եւս 200 տարի, միայն թե խաղաղ պայմաններում»։

Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031