Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ժողովրդական զանգվածները քնած էին

Հունվար 31,2001 00:00
Arakadi vardanyan

Երբ «Առավոտին» հայտնեցին, որ Գերագույն դատարանի առաջ պիկետ է կազմակերպվելու՝ ի պաշտպանություն «21-րդ դար ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանի եւ նրա խափանման միջոցը փոխելու օգտին, «դեպքի վայր» շտապեցինք այն ակնկալիքով, որ ցուցարարների երթին ականատես լինենք։

Երեկ, ժամը 11.30-ին (պիկետի սկսման ժամը դա էր) Գերագույն դատարանի մոտ ընդամենը 6 հոգի էին՝ պլակատներ բռնած երկու կին, «Հայոց տուն» կազմակերպության ղեկավարը, Աշոտ Մանուչարյանի օգնականը ու էլի 2 հոգի։ Անցորդներն անտարբեր շրջանցում էին հավաքվածներին։ «Առավոտը» փորձեց պատահական անցորդներից իմանալ, թե ինչո՞ւ նրանցից եւ ոչ մեկը ոտքը կախ չի գցում, մի քանի րոպե գոնե չի կանգնում Արկադի Վարդանյանի պաշտպանության «օգտին»։ Եվ ինչպես հիմա են բոլորը պնդում, որ 88-ին իրենք Ազատության հրապարակ չէին էլ գնում, այնպես էլ երեկ բոլորը պնդեցին, որ իրենք Ա. Վարդանյանին չեն էլ ուզում ճանաչել, նրա հրավիրած նոյեմբերի 30-ի միտինգի մասին ընդհանրապես չեն լսել եւ, որ այս պետությունը պետություն չէ։

«Հայոց տուն» հասարակական հայրենասիրական կազմակերպության նախագահ Վարդան Պետրոսյանը պիկետավորների նոսրությունը բացատրեց նրանով, որ իրենք պարզապես սիմվոլիկ մի միջոցառում են կազմակերպել՝ առանց ժողովրդական լայն զանգվածների։ Քիչ անց նրան եւ պրն Մանուչարյանի օգնականին ընդունեց գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը։ Շոյված այս փաստից՝ հանդիպումից հետո պրն Պետրոսյանը խանդավառված պատմեց, որ հարցը մի քանի օրվա ընթացքում եւ օրենքի շրջանակներում կլուծվի։ Իսկ գլխավոր դատախազը, ըստ Վարդան Պետրոսյանի՝ «առանց հեգնանքի եմ ասում՝ շա՜տ արդարամիտ դատախազ է։

Վերջին տարիներից հետո մենք կարող ենք ասել, որ ունենք արժանապատիվ ու համարձակ դատախազ, որը փորձում է հարցը լուծել»։ Արկադի Վարդանյանի փաստաբան Սամվել Ջաղինյանից «Առավոտը» փորձեց ճշտել՝ եթե հանկարծ ու փոխվի իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը, պատրաստվո՞ւմ են իրենք իրենց հերթին դիմել դատարան՝ Ա. Վարդանյանի առողջական վիճակի կտրուկ վատացման հայցադիմումով։

Պրն Ջաղինյանն ասաց, որ հարցը դեռ պետք է քննարկվի։ Իսկ ձայնագրիչս անջատելուց հետո արդեն հայտնեց. «Հենց այդպես էլ վարվելու ենք»։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031