Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա հենց մշակութային տուրիզմ է»

Հունվար 30,2001 00:00
spartak kharabaxcyan

Ասում է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության Սփյուռքի հետ համագործակցության վարչության պետ Սպարտակ Ղարաբաղցյանը։

-Արտագաղթի այս պայմաններում ի՞նչ է տալիս «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը մեզ՝ Հայաստանում մնացած հայերիս եւ սփյուռքահայությանը։

– Միշտ էլ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում մեծ է եղել մշակույթի դերը եւ անփոխարինելի։ Կարող եմ միանգամից ասել՝ ավանդական եւ այսօր ձեւավորվող Սփյուռքի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ ուրիշ է, բարձրաձայն՝ որ այս արտագաղթը ոչ մեկի համար անակնկալ չէր, որ այս երկիրը դատարկելը ձեռնտու է ինչ-որ մեկին։ Բայց՝ ոչ մեզ։ Եկեք հասկանանք մի բան՝ երկիրը մերն է, մենք ենք այս երկրի տերը։ Որպես հայ մարդ, ես գտնում եմ, որ մեր երկրի, մեր տան հարցերը մենք պետք է շտկենք, իհարկե գիտակցելով, որ դեռ շատ անելիքներ ունենք։ 1999 թվականի սկզբից ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում եւ Սփյուռքում անց է կացվում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը։ Սա լոկ կարգախոս չէ։ Այն արդեն ընդգրկում է Սփյուռքի գրեթե բոլոր գաղթօջախները՝ ԱՄՆ, Արգենտինա, Կանադա, Ֆրանսիա, Բելգիա, Սիրիա, Մոսկվա… Փառատոնին արդեն իրենց մասնակցությունն են բերել սփյուռքահայ ավելի քան 1200 գործիչներ։

– Ձեր նշած խմբերը եւ անհատ կատարողները քանակով մեծ են, միայն խմբերը՝ ութսունից-հարյուր հիսուն հոգանոց։ Ո՞ր կողմը կամ ո՞վ է հոգ տարել ծախսերը։

– Բոլորն էլ եկել են իրենց ծախսերով։ Բացի Երեւանից ու Արցախից, համերգները, դասախոսությունները կայացել են Գյումրիում, Սպիտակում, Սեւանի ավազանում։ Այսօրվա դրությամբ ցանկություն են հայտնել, բնականաբար՝ փառատոնի շրջանակներում, ելույթ ունենալ մեզ մոտ Ֆրանսիայից՝ հայտնի դաշնակահարուհի Հասմիկ Սուրմելյանը, Արգենտինայից՝ «Կոմիտաս» երգչախումբը, Բեյրութի «Համազգային», Հալեպի «Քեշիշյան», «Ադամյան» թատերախմբերը, Լոս- Անջելեսից՝ «Վարդան եւ Սիրանույշ Գեւորգյաններ», «Վանուշ Խանամիրյան» պարային խմբերը, անհատ կատարողներ Կանադայից, Միացյալ Նահանգներից… Ամենաուրախալին այն է, որ աշխարհագրությունն է ընդլայնվում։ Խմբեր եւ անհատ կատարողներ կան, որ առաջին անգամ են գալիս Հայաստան եւ սա հենց մշակութային տուրիզմ է։ Չենք մոռացել ու մոռանում պատանի ստեղծագործողներին։ Այսպես. 1999 թվականին Երեւանում անցկացվեց ցուցահանդես, որին մասնակցեցին Երեւանի Արարատյան հայրապետական թեմի Արաբկիրի «Հայորդաց տան», Ստեփանակերտի «Արցախի արիներ» պատանեկան միության եւ Լոս Անջելեսի «Աթանյան» գեղագիտական կենտրոնի սաները։ Ցուցահանդեսը տեղափոխվեց նաեւ Լոս Անջելես, ուր պատանի նկարիչների աշխատանքները խորհրդանշական գներով վաճառվեցին եւ հասույթը տրամադրվեց Երեւանի, Ստեփանակերտի պատանի ստեղծագործողներին։ Ասեմ, որ վերջինս մեր եւ Մշակույթի զարգացման Լոս Անջելեսի մասնաճյուղի գաղափարն էր։ Փառատոնի ծրագրով՝ Լոս Անջելեսում տեղի խմբերի ու անհատ կատարողների մասնակցությամբ անցյալ տարի կայացավ «Մեկ ազգ, մեկ մշակույթը»։

– Մի խոսքով, շարունակվո՞ւմ է փառատոնը։

– Անշուշտ։ Գիտեք, ուզում եմ վերադառնալ մեր զրույցի սկիզբը, ուր շոշափվեց «արտագաղթ» երեւույթը։ Այո, արտագաղթ կա։ Հիշենք, որ մենք ներգաղթի «փորձ» էլ ունենք, խնդրեմ՝ 1915 թվականը ձեզ փաստ։ Վերադարձի նոր հոսք կամ ալիք չպետք է նախաձեռնել անցյալի ձեւով կամ ձեւերով։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031