Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՐՈՒՍՏ Է ԻՐ ՀՈԳՈՎ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ»

Հունվար 30,2001 00:00
renco

Իտալական «Ռենկո» ֆիրման Հայաստանում մի շարք ծրագրեր է իրականացնում։

«Երեւան» հյուրանոցի ճշգրիտ վերականգնումից եւ որպես առաջին հինգաստղանի, շքեղ, միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոց դառնալուց հետո շատերին պարզ դարձավ նրանց գործունեության լրջությունը։ «Երեւան» հյուրանոցը կառուցվեց՝ պահպանելով հեղինակի՝ ճարտարապետ Ն. Բունիաթյանի նախագծի ամբողջ տեսքը, որն այնպես սիրում են հին ու նոր երեւանցիները։

«Ռենկոն» ԱՊՀ երկրներում բազում ծրագրեր է իրականացրել եւ 1996թ. նրանց Մոսկվայում պատմական հուշարձանի վերականգնման լավագույն աշխատանքի համար դիպլոմ է շնորհվել։ Երեւանում, Թատերական (Կոմայգի) այգում (Շահումյան հրապարակին հարող տարածքի կողմից) կառուցապատման աշխատանքներ սկսելուց առաջ շատերը աղմուկ բարձրացրին, թե «Ռենկոն» ծառեր է կտրում՝ շենք կառուցելու համար։ Եվ այս լուրերը հատկապես տարածում էին այն մարդիկ, ովքեր որոշակի անձնական շահեր էին հետապնդում՝ նշյալ տարածքի նկատմամբ։

Օրերս Հայաստանում էր «Ռենկո» ֆիրմայի նախագահ Ռինալդո Գասպարինին, որի հետ զրուցեցինք։ «Ինձ, իհարկե, անհանգստացնում էին այդ խոսակցությունները։ Առաջին միտքը, որ եկավ՝ մտածում էի բաց նամակ գրել բոլոր թերթերին եւ ճշմարտությունը բացատրել, որովհետեւ հաճախ հորինված բաներ էին գրվում։ Շատ փոքրիկ մի տվյալ են վերցնում եւ շուրջը հորինում ինչ-որ պատմություններ։ Եթե ես ծառեր չեմ կտրում, այդ դեպքում ինչո՞ւ են գրում, թե կտրել եմ։ Ես ծառեր չեմ կտրել, որովհետեւ ինքս ծառեր այնքան եմ սիրում, որքան ոչ ոք։ Ինձ համար չկա ավելի մեծ հանցագործություն, քան, ասենք, կաղնի կտրելը։ Եթե ես հողատարածք եմ վերցնում, որտեղ կաղնիներ կան կամ այլ ծառեր, եւ ես պետք է շենք կառուցեմ՝ երբեք չեմ կտրի այդ ծառերը, այլ շենքը այնպես կկառուցեմ, որ այդ կաղնին հայտնվի կենտրոնում։ Սա իմ համոզմունքն է, իմ հոգին է այդպիսին։ Եվ հանկարծ ինձ մեղադրում են, թե ծառեր եմ կտրել։ Դուք տեսել եք, «Երեւան» հյուրանոցում մի նկար է կախված՝ «Այգեգործը», որն իմ ծննդյան օրվա առիթով են նվիրել։ Բոլորը գիտեն, որ ես սիրահարված եմ խոհանոցին, բնությանը (եւ այգեգործությանը) եւ զբոսանավին։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ Իտալիայից իմ ձեռքով իսկական ծառեր եմ բերել, այդ թվում՝ ձիթապտղի ծառ, որը «Երեւան» հյուրանոցի ձմեռային այգում է տնկված՝ մի շարք ծառերի հետ միասին։ Եվ այնպիսի ցավ եմ զգում, որ գրում են, թե ծառեր եմ կտրատում։ Ամբողջ հյուրանոցը ողողված է ծառերով, ծաղիկներով, ինչպե՞ս կարող են ինձ նման մեղադրանքներ տալ։ Իհարկե, հետո հասկացա, որ ուղղակի ժամանակ չունեմ ամեն բամբասանքի հետեւից ընկնելու, բացատրելու իրականությունը»,- ասաց պրն Գասպարինին։

Իսկ այն հարցին, թե Հայաստանում ներդրումներ կատարելը, ի տարբերություն մյուս երկրների, ինչպիսի՞ խնդիրներ է առաջացնում ներդրողի համար եւ արդյո՞ք ռիսկն ավելի մեծ է, քան Ղազախստանում եւ ԱՊՀ այլ երկրներում, Ռ. Գասպարինին պատասխանեց.

– Ես երբեք բիզնես-պլան չեմ կազմում, ինչպես արտասահմանյան շատ ֆիրմաներ են այդպես աշխատում։ Ես շատ չեմ հավատում ներդրումները վերադարձնելու գիտական հաշվարկներին։ Իհարկե, ես էլ եմ հաշվարկում, թե երբ կարող է այդ ներդրումը վերադառնալ, բայց այդ ամենը գլխումս է կատարվում, կողմնորոշվում եմ իմ ներքին բնազդով, մտային հաշվարկով, այսինքն՝ իմ հոգով, սրտով եւ ներքին բնազդով եմ զգում այդ ամենը։ Չգիտեմ ում շնորհակալ լինեմ՝ հաջողությա՞նը, Աստծո՞ւն, թե՞ ներքին բնազդիս, որ դեռեւս որտեղ որ գործունեություն եմ ծավալել, ծրագիր իրականացրել՝ ստացվել է։ Իմ կարծիքով, ԱՊՀ այլ երկրների համեմատ, Հայաստանում ռիսկն ավելի քիչ է։ Ես շատ լավ գիտեմ Ռուսաստանը, Ղազախստանը, մի քիչ էլ Ուզբեկստանը։ Ռուսաստանում շատ մեծ էր ռիսկը, այնքան, որ ռիսկի դիմելով հանդերձ, կարող էինք շատ բան կորցնել։ Ռուսաստանում աշխատելու ընթացքում ավելի հեշտ էր, երեւի, կազինոյում «ռուլետկա» խաղալ եւ ավելի մեծ շանսեր ունեիր շահելու, քան ներդրումներ կատարել։ Ղազախստանը շատ լավ երկիր է եւ նույնպես շատ եմ սիրում։ Ղազախստանը երկու շատ կարեւոր հարստություն ունի՝ մեկ, որ ժողովուրդը բարեկամեցող է, եւ իրենց հողի տակ եղած հարստությունը։ Հայաստանում, ասենք, հողի տակ չկան այդպիսի հարստություններ, որ երկիրը մի օրում կամ շատ կարճ ժամանակում հարստացնի։

Հայաստանում կա մարդկանց այդ բարեկամեցողությունը, եւ ամենից շատ՝ հայ ժողովրդի աշխատելու հնարավորությունը եւ մեծ ցանկությունը։ Մարդիկ այստեղ միշտ աշխատում են իրենց վրա, փորձում են այս կյանքում անպայման ինչ-որ բանի հասնել։ Եվ այստեղ մարդիկ ուժեղ կամք ու հոգի ունեն՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները։ Վերջապես, հայ ժողովրդի մշակույթը երբեք չի համեմատվի ԱՊՀ ոչ մի երկրի հետ։ Երբ 99թ. դեռ նոր էինք եկել Հայաստան եւ Երեւանում մի բնակարան էինք վարձել, ապրում էինք, կիրակի օրերին, վաղ առավոտյան քայլում էի Աբովյան փողոցով դեպի հյուրանոց, որը կառուցվում էր։ Փողոցներում, բացի անօթեւան մարդկանցից, ոչ ոք չկար, որովհետեւ աշխատանքային օր չէր։ Զարմացել էի՝ տեսնելով, որ անտուն երկու մուրացկան փայտե արկղերի վրա նստած շախմատ էին խաղում։ Դա էլ է խոսում ժողովրդի մշակույթի մասին, երբ անտուն-մուրացկան մարդը փողոցում շախմատ է խաղում, մինչեւ փողոցներում մարդիկ հայտնվեն ու դրամ խնդրի։ Իմ կարծիքով դա ավելի արժեքավոր է, քան հողի տակ եղած նավթը։ Որեւէ երկրում ներդրում կատարելիս ինձ համար առավել կարեւոր է տվյալ երկրի ժողովուրդը։ Ես դեռ վաղուց էի ուզում Հայաստան գալ, գործունեություն ծավալել, որովհետեւ տարբեր երկրներում եւ այժմ՝ Հայաստանում ես ունեմ շատ լավ հայ ընկերներ։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031