Լրահոս
Օրվա լրահոսը

Ոմանք կեղտոտում են, ոմանք՝ մաքրում

Հունվար 30,2001 00:00
arzan

Օրերս հեռուստաընկերություններից մեկով եթեր հեռարձակվեց մի ռեպորտաժ՝ Ազատության հրապարակի արձանների վիճակի մասին։ Նյութը վերաբերում էր արձանի վրա ներկով կատարած բավականին տհաճ նշումներին։ Նախ նշեմ, որ այս ցավով տառապում են շատ եւ շատ քաղաքներ։

Հսկայական միջոցներ են վատնվում հուշարձանների եւ շինությունների տեսքը վերականգնելու համար։ Արեւմտյան երիտասարդության այս վնասակար զբաղմունքը անվանում են «գրաֆիտի»։ Երիտասարդների եւ դեռահասների խմբերը տարբեր, հաճախ աներեւակայելի տեղերում թողնում են իրենց հետքը՝ որոշակի գրությունների կամ նկարների տեսքով։ Նրանց շրջանում հարգի է համարվում, որ այդ ներկերը պետք է գողանան խանութներից կամ այլ վայրերից, իսկ պատկերներն աչքի են ընկնում գունային հարուստ ընտրանիով։ Ցավոք, մեզանում հաճախ տեղ են գտնում արեւմտյան բացասական երեւույթները, որոնք պրիմիտիվ ընդօրինակման եւ մակարդակի անկման արդյունք են։ Սակայն վերը նշված ռեպորտաժում լրագրողը նշում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս մակագրությունը արել են Երեւանի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողներ, որոնց երաժշտական կուռքը «Նիրվանա» ռոք խումբն է»։

Որպես համալսարանի ուսանողական կազմակերպության ղեկավար, կցանկանայի հայտնել մեր ուսանողների եւ կազմակերպության անդամների վրդովմունքը պետհամալսարանին անտեղի քննադատելու փորձի կապակցությամբ։ Համալսարանը այսօր Հայաստանի առաջատար բուհն է թե ավանդույթների, նրա ուսանողության եւ թե դասախոսական կազմի տեսանկյունից։ Կան բազմաթիվ հիմնախնդիրներ, սակայն հեղինակազրկմանն ուղղված նման քայլերը չեն նպաստում դրանց լուծմանը։ Մենք չենք կարող ոչ հաստատել եւ ոչ էլ հերքել նշված փաստը, քանի որ չունենք համապատասխան տեղեկություններ, իսկ հեռուստաընկերությանը «հասած տեղեկություններով» լավ կլիներ օգտվեին համապատասխան մարմինները։

Համալսարանի մասնաշենքերը նույնպես հաճախ տուժում են երիտասարդների նման բարբարոսական արարքներից, սակայն դրա դեմ գործուն պայքարի միջոցներ, ցավոք, դեռ չկան։ Կցանկանայի նաեւ նշել, որ համալսարանի ուսանողները անցած տարի նախաձեռնեցին Երեւանի շենքերը մաքրելու ծրագիր եւ սեփական ուժերով մաքրեցին Մոսկովյան փողոցի շենքերի գրությունները։ Իսկ Ազատության հրապարակի արձանները կիրակի օրը մաքրվել են համալսարանի ուսխորհրդի նախկին նախագահի եւ շրջանավարտի կողմից ղեկավարվող «Նոր Հայաստան» հումանիտար աջակցության կենտրոնի սաների՝ փողոցի երեխաների ուժերով։

Ռ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ

Հ. Գ. Երբ այս հոդվածը պատրաստ էր հրապարակման, արձանների վրա արդեն հայտնվել էին նոր գրություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031